«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2004-04-10 | #65, 2004-04-13 | #66, 2004-04-14


ԿԱՐՍՈՒՄ ԿԲԱՑՎԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ

ԲԱՔՈՒ, 13 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Թուրքիայի Կարսի վիլայեթում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու կարգադրություն է ապրիլի 12-ին ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Փաստաթղթով նախարարների կաբինետին հանձնարարված է մեկամսյա ժամկետում լուծել հյուպատոսության բացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական ապահովման հարցերը։ Արտաքին գործերի նախարարությանը հարկ է նաեւ մեկ ամսում հաստատել գլխավոր հյուպատոսության հաստիքակազմը եւ կարգացուցակը։ Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Իբրահիմ Նաբիօղլուն դրական է գնահատել այդ կարգադրությունը, Կարսում գլխավոր հյուպատոսության բացումը համարելով մեծ իրադարձություն։ Ըստ նրա, այդ քաղաքի 40-45%-ը ազգությամբ ադրբեջանցիներ են, քանի որ «կովկասյան մեծ գաղթի» ընթացքում XVII դարի վերջին այստեղ քիչ մարդիկ չեն վերաբնակվել Ադրբեջանից։ Ավելի ուշ, արդեն անցած դարի 20-ական թվականներին Կարս հորդեց ադրբեջանցիների նոր հոսանք, որոնք փախչում էին կոմունիստական ռեժիմի հետապնդումներից։ Բաքվի «525» թերթի համաձայն, Ի. Նաբիօղլուն ռազմավարական առումով եւս կարեւորել է Կարսում գլխավոր հյուպատոսություն բացելու նշանակությունը։ «Կարսի մարզը հյուսիսում սահմանակցում է Վրաստանին, արեւելքումՙ Հայաստանին։ Բացի այդ, Կարսը գտնվում է Նախիջեւանից ոչ հեռու»։ Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Մամեդ Ալիեւը հայտնել է, որ ծրագրվում է Ադրբեջանի գլխավոր հյուպատոսություն նաեւ Տրապիզոնում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4