«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2004-04-10 | #65, 2004-04-13 | #66, 2004-04-14


ԱՊՕՐԻՆԻ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԵԼ ՄԻՆՉԵՎ 2005 Թ.

Անշարժ գույքի շուկայում տիրող իրավիճակն ու համակարգում իրականացվող ծրագրերը երեկ Արմենպրեսի մամուլի սրահում ներկայացրեց անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը։ Նա նախ անդրադարձավ ծրագրային խնդիրներին, նշելով, որ 544 համայնքներում իրականացվել է առաջին պետական գրանցում եւ ավելի քան 1 մլն մարդ անվճար ստացել է վկայական։ Բացի այդ օրինականացվել են 48 հազար ապօրինի կառուցված շենք-շինություններ եւ 36 հազար հա զավթված հողամասեր։ Օրինականացման հետագա ընթացքի համար պետք է նախեւառաջ շահագրգիռ լինեն համայնքապետարանները, քանզի դրա արդյունքում կգանձվեն գույքահարկն ու այլ վճարները։ Կոմիտեի նախագահը հայտնեց, որ մոտ 18 հազար հասարակական նշանակության օբյեկտներ կան, որոնցից շուրջ 9 հազարը գրանցման փուլում է։ Այդ ցանկի մեջ են խանութներ, բենզալցակայաններ եւ այլ օբյեկտներ։ Օրինակՙ միայն Արաբկիրի համայնքում ապօրինի կառուցված 28 բենզալցակայաններ կան։ Դրանց օրինականացումը կկատարվի, եթե նրանք քաղաքաշինական խոչընդոտներ չեն հարուցում կամ կառուցված չեն կոմունիկացիաների վրա։ Մանուկ Վարդանյանը տեղեկացրեց նաեւ, որ Երեւանի 10 համայնքներում 55 հազար ավտոտնակներ կան, որոնց օրինականացումը պետբյուջե կբերի ավելի քան 1 մլրդ դրամ։ Այստեղ նույնպես պետք է շահագրգռվածություն ցուցաբերեն տեղական համայնքները։ Կոմիտեի նախագահը կարեւորեց 2003 թ.-ին իրականացված հողի կադաստրային արժեքի փոփոխությունը, որի շնորհիվ այն մոտեցվեց շուկայական գնին։

«Մինչեւ ե՞րբ է հնարավոր օրինականացնել ապօրինի կառույցները, եւ ինչ պետք է լինի դրանց հետ, եթե չօրինականացվեն» հարցին ի պատասխան տեղեկացվեց, որ օրինականացման ժամկետը օրենքով սահմանափակվում է մինչեւ 2005թ. փետրվարը։ Այդ ժամկետից հետո չօրինականացված կառույցները կամ կքանդվեն կամ կպետականացվեն։

Անշարժ գույքի գների աճին նպաստող գործոնները թվարկելով, Մանուկ Վարդանյանը առաջինը նշեց սոցիալ-քաղաքական կայուն վիճակը, ասելով, որ անշարժ գույքի շուկան բավականին զգայուն է։ Երկրորդ գործոնը առաջին պետական գրանցումն է։ Երրորդը այն է, որ իր կարծիքով, գներն այստեղ ավելի շուտ իրենց իրական արժեքին են հասել, այլ ոչ թե աճել։ Գների բարձրացմանը նպաստել են նաեւ քաղաքաշինական ծրագրերը։ Օրինակՙ Դավիթաշենի կամրջի կառուցումից հետո բնակարանների գներն այդ թաղամասում բարձրացան։

Կադաստրի կոմիտեի նախագահը կարեւորեց մայրաքաղաքի գոտիավորումը, որը պետք է սահմանի, թե որ տարածքում ինչպիսի աշխատանքներ կարելի է իրականացնել եւ ինչպիսին չի թույլատրվելու։ Քաղաքապետարանը դեռեւս հասարակական քննարկման չի ներկայացրել մայրաքաղաքի նոր գլխավոր հատակագիծը, որտեղ պետք է նշված լինեն այդ գոտիները։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4