Արդյունաբերական արտադրանքի արտադրության, իրացման եւ արտահանման այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները երեկ ներկայացրեց առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Աշոտ Շահնազարյանը։ Անդրադառնալով հանքարդյունաբերության վիճակին եւ բնութագրելով որպես մեր արդյունաբերության շարժիչ ուժ, նա հայտնեց, որ այստեղ արտադրությունն ավելացել է մոտ 3 տոկոսով, իսկ իրացումըՙ 74 տոկոսով։ Այդ տարբերությունը նա բացատրեց այն հանգամանքով, որ վերջինս վաճառքի, իսկ առաջինըՙ թողարկման գներն են։ Արձանագրված աճը արդյունք է Ախթալայի, Զանգեզուրի, Ալավերդու կոմբինատների, Կապանի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի գործունեության։ Փոխնախարարը հատկապես կարեւորեց Կապանի ֆաբրիկայի հաջող գործունեությունը, որն անցյալ տարի սեփականաշնորհվել էր շվեյցարական ընկերությանը։
Ադամանդագործության եւ ոսկերչության մեջ արձանագրված 7 տոկոսանոց աճը հնարավորություն է տվել նոր աշխատատեղեր բացելու։ Աշոտ Շահնազարյանը տեղեկացրեց, որ ակնկալվում են նոր ներդրումներ մասնավորապես ոսկերչության ոլորտում։
Մեքենաշինության, սարքաշինության եւ էլեկտրատեխնիկայի ճյուղում արձանագրվել է ակնհայտ հետընթաց։ Արտադրանքի ծավալներն այստեղ կազմել են նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի մոտ 58 տոկոսը։ Փոխնախարարը ընդունեց, որ այս ճյուղն այդպես էլ չկարողացավ իր տեղը գտնել միջազգային շուկայում, բացառությամբ մի քանի ձեռնարկությունների։ «Սա նշանակո՞ւմ է, որ հրաժարվում ենք այս ճյուղի զարգացման հեռանկարից» «Ազգի» հարցին Աշոտ Շահնազարյանը պատասխանեց, որ խոշոր ներդրումներ այստեղ չեն կատարվում, իսկ տեխնոլոգիաները հնացած են։ Փորձ է կատարվում փոքր եւ միջին ձեռնարկություններ ստեղծելով եւ ռեինվեստիցիաների միջոցով որոշակիորեն առաջ շարժվել։
Թեթեւ արդյունաբերությունը նույնպես աճ է արձանագրելՙ 88 տոկոսով։ Այստեղ, ճիշտ է, շահութաբերությունը ցածր է, բայց կարեւոր է այնքանով, որ ճյուղում ներգրավված է կանանց աշխատուժը։ Եթե մինչ այժմ Հայաստանի ձեռնարկություններին երեք խոշորՙ «Ամերեքս», «Լովաբլ» եւ «Միդեքս» ընկերություններ էին պատվերներ տալիս, ապա այսօր դրանց թիվը հասել է 8¬9-ի։
Քիմիան մեծ աճ է արձանագրել «Նաիրիտի» եւ փոքր քիմիայի շնորհիվ։ «Նաիրիտը» ամսական թողարկում է 600¬1000 տոննա կաուչուկ, բայց նրա սեփականության ձեւը դեռեւս որոշված չէ։ Աշոտ Շահնազարյանը հույս հայտնեց, որ մոտ օրերս կկնքվի պայմանագիր, որով ընկերության բաժնետոմսերը կփոխանցվեն ռուսական ընկերությանը։ Ինչ վերաբերում է Վանաձորի քիմպրոմին, ապա սլովակյան մի ընկերության հետ բանակցությունները վերջին փուլում են։ Առավելագույնը մեկ-երկու ամիս հետո դրանք կավարտվեն։ Փոխնախարարը վստահություն հայտնեց, որ Վանաձորի քիմպրոմն անպայման կաշխատի, որովհետեւ շուկան նրա արտադրանքի պահանջարկն ունի։ Ըստ փոխնախարարի, մյուս խոշոր ձեռնարկությունումՙ «Դողագործում» տեղադրվում է նոր հոսքագիծ, որի ավարտից հետո այստեղ 400¬450 մարդ կաշխատեն։
Մամուլի ասուլիսի վերջում ներկայացվեցին Հայաստանի արտաքին առեւտրի այս տարվա առաջին եռամսյակում արձանագրված նախնական ցուցանիշները։ Համաձայն դրանց, ապրանքաշրջանառության ծավալները կազմել են 445 մլն դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 389 մլն դոլարի փոխարեն։ Արտահանումը կազմել է 152 մլն դոլար, ներմուծումըՙ 293 մլն դոլար։ 2003 թ.-ին այդ ցուցանիշներն էին համապատասխանաբարՙ 132 մլն դոլար եւ 256 մլն դոլար։ Արտահանումն աճել է 9,6, ներմուծումըՙ 9,1 տոկոսով։ Այդուհանդերձ, բացասական հաշվեկշիռը ավելացել է 17 մլն դոլարով։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ