«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2004-04-10 | #65, 2004-04-13 | #66, 2004-04-14


ԱՅՍ ՏԱՐԻ ՍԿՍՎՈՒՄ Է ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլի 12-13-ը պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպումներ ունեցավ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Հասան Ռոհանիի, տեղեկատվության նախարար Ալի Յունեսիի, արտգործնախարար Քամալ Խարազիի եւ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Ռեզա Արեֆի հետ։

Հանդիպումների ավարտին տված մամլո ասուլիսում Օսկանյանը նշեց, որ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցություններում քննարկվել է Իրան-Հայաստան գազատարի խնդիրը։ «Հայաստանի եւ Իրանի իշխանությունները վճռական ենՙ կառուցելու այդ գազամուղը։ Մենք հույս ունենք, որ Իրանի նավթի նախարար Զանգանեիՙ Երեւան այցի ժամանակ կստորագրվի փաստաթղթի վերջնական տարբերակը, եւ այս տարվա ընթացքում կսկսենք շինարարությունը», ասաց Օսկանյանը։

Իրանի ԱԳՆ ԱՊՀ երկրների բաժնի վարիչ Մեհդի Սաֆարին մեզ հետ զրույցում ասաց, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Երեւան է ժամանելու Իրանի նավթի նախարարը։ Ըստ Սաֆարիի, Երեւանում ստորագրվելու է գազատարի կառուցման վերջնական պայմանագիրը։

Արտգործնախարարը նշեց, որ գազամուղի շինարարությունը նոր որակ է հաղորդելու Հայաստան-Իրան հարաբերություններին եւ տարածաշրջանի համար ունենալու է լուրջ նշանակություն։ «Երկկողմ տնտեսական ծրագրերից քննարկել ենք Քաջարանի թունելի, Արաքս գետի ՀԷԿ-ի կառուցման, երկու երկրների միջեւ տրանզիտի խնդիրներ», ասաց Օսկանյանը։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում ԼՂ հակամարտության կարգավորումը։ Իրանի առաջին փոխնախագահ Արեֆի հետ հանդիպման ժամանակ Օսկանյանը նշեց, որ տարածաշրջանում Իրանը, ի տարբերություն Թուրքիայի, ունի հավասարակշռող դիրք։ «Մենք ուզում ենք, որ Իրանն ավելի ներգրավված լինի տարածաշրջանային գործընթացներում, եւ Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը կավելացնի Թեհրանի կշիռը տարածաշրջանում», ասաց Օսկանյանը։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թեհրան¬Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4