Դիմում ՀՀ Ազգային ժողովին
2004 թ. ապրիլի 8-9-ին «Ազգ», «Գոլոս Արմենիի», «Գրական թերթ», «Երկիր», «Հայաստանի Հանրապետություն», «Հայոց աշխարհ» եւ «Ռեսպուբլիկա Արմենիա»k թերթերը հրապարակեցին գրող, հրապարակագիր Զորի Բալայանի «1915-ը Հայոց ցեղասպանության 30 տարիներից մեկն է» հոդվածը։ Հեղինակը հարուցում է հրատապ մի հարց. այսօր ոչ միայն Թուրքիան, այլեւ համաշխարհային հասարակայնության մեծ մասը 1915 թվականի ապրիլի 24-ը ընդունում է ոչ թե հայ ժողովրդի հիշողության եւ վշտի ընդհանրացված ու խորհրդանշական օր, այլ որպես ժամանակի կոնկրետ ու միակ հատված, երբ թուրքերը առաջին աշխարհամարտի թեժ պահին, իբր, հարկադրված են եղել ընդամենը «հայկական տարրը» տեղափոխել երկրի խորքերը, հեռացնել ռազմական գործողությունների թատերաբեմից։ Այստեղից էլՙ «պատերազմը մնում է պատերազմ» հայտնի բանաձեւի հաճախակի կրկնությունը, որն, իբր, արդարացնում է ամեն մի դաժանություն։
Մինչդեռ պատմությանը եւ մեր հիշողությանը քաջ հայտնի է, որ հայերի Ցեղասպանությունը շարունակվել է երեսուն տարի անընդմեջ, սկսած 1893-ից մինչեւ 1923-ը։ Համաձայն անհերքելի փաստերի ու պաշտոնական փաստաթղթերիՙ խոսքը վերաբերում է այն երեսուն տարիներին, երբ Թուրքիան պետական մակարդակով բացեիբաց կազմակերպում եւ իրագործում էր հանցագործություն ընդդեմ մարդկության։ Չնայած այդ իրողությանը, մենք ինքներս հաճախ Ցեղասպանության տարիների ամբողջական շարքն ակամա նույնացնում ենք 1915 թվականի միայն մեկ օրվա հետ։ Եվ հարկ չկա զարմանալու, որ տարբեր երկրներում պետական ու հասարակական գործիչները, ավանդաբար գտնվելով ընդունված դոգմայի ազդեցության տակ, մերժում են Մեծ եղեռնը ճանաչել որպես Ցեղասպանություն։ Նման դիրքորոշումը թելադրվում է բացառապես նրանով, որ քննարկվող փաստաթղթերում (այդ թվում նաեւ Հայաստանից ներկայացված) ամեն անգամ հիշատակվում է միայն մեկ տարեթիվ, որը համընկնում է Առաջին համաշխարհային պատերազմի բուռն ժամանակահատվածին։
1988 թվականի նոյեմբերի 22-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը օրենք ընդունեց Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը դատապարտելու մասին։ Մեզ համար այն ժամանակ կարեւոր էր նման օրենքի ընդունման փաստը։ Հիմա ժամանակներն այլ են։ Եվ տարեցտարի ակնհայտ է դառնում, որ գործող օրենքը սողանցքներ է թողնում Թուրքիայի եւ նրա հանցակիցների արդարացման համար, որոնք շահարկում են այսպես կոչված պատերազմական ժամանակների յուրահատկությունները։ Կասկած չկա, որ վաղուց արդեն հիրավի հույժ անհրաժեշտություն է դարձել այդ օրենքի փոփոխությունը։
Հատկապես այդ պատճառով, հրապարակելով «1915-ը Հայոց ցեղասպանության 30 տարիներից մեկն է» հոդվածը, մենքՙ վերոհիշյալ պարբերականների խմբագիրներս, լինելով ձեր ընտրողները եւ հանդես գալով բազմահազար ընթերցողների անունից, որոնք նույնպես ընտրող են, դիմում ենք Ազգային ժողովինՙ առաջարկելով փոփոխություններ մտցնել 1988 թվականի նոյեմբերի 22-ի գործող օրենքի մեջ։ Ազգային ժողովի պատգամավորների ուշադրությունը հրավիրում ենք մեր հեղինակի հոդվածում նշված օրենքի անվանման նոր խմբագրության վրա. «Օրենք Օսմանյան կայսրությունում եւ Արեւելյան Հայաստանում 1893-1923 թվականների Հայոց ցեղասպանության դատապարտման մասին»։
Հարգանքներովՙ
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ, «ԱԶԳ»
ՖԼՈՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆ, «ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ»
ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ, «ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ»
ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ, «ԵՐԿԻՐ»
ՏԻԳՐԱՆ ՖԱՐՄԱՆՅԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ, «ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՎԱՐԴԱՆ ԱԼՈՅԱՆ, «ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ ԱՐՄԵՆԻԱ»
* Թվարկումըՙ այբբենական կարգով։