«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2004-04-14 | #67, 2004-04-15 | #68, 2004-04-16


«ՈՒՈԼ ՍԹՐԻԹ ՋՈՌՆԱԼՆ» ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՆԵԼ» ՀԱՅԱՍՏԱՆԸ

«Ուոլ սթրիթ ջոռնալն» ամերիկյան խոշորագույն երեք օրաթերթերից է, մոտ է ԱՄՆ կառավարությանը, հաճախ արտահայտում է պաշտոնական Վաշինգտոնի տեսակետները։ Ապրիլի 14-ի համարում «Նոր վերելք Կովկասում» հրապարակման մեջ թերթը վերլուծելով Հայաստանի ներքաղաքական զարգացումները, ԱՄՆ կառավարությանը խորհուրդ է տալիս ժողովրդավարացնել Հայաստանը։ Հոդվածի հեղինակը հայ հասարակությանը քաջածանոթ Դեյվիդ Ֆիլիպսն է, որը շատ մոտ է ԱՄՆ պետքարտուղարությանը, կատարում է վերջինիս հրահանգները։ Ֆիլիպսը «Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի» ստեղծման ակունքներում է կանգնած, ռուսատյաց է եւ ընդգծված թուրքամետ։ Նա օրերս Երեւանում էր գտնվում։

«Ոգեւորված վրացական «վարդերի» հեղափոխությամբ, հայերը նույնպես պահանջում են վարչակարգի փոփոխություն։ Վերջին օրերին Երեւանի Ազատության հրապարակում տեղի են ունենում բազմահազար խաղաղ ժողովրդավարական ցույցեր։ Կառավարությունը ձերբակալել է հարյուրավոր մարդկանց եւ սպառնում է բռնություններ կիրառել, եթե ցուցարարները շարժվեն դեպի նախագահական պալատ։ Արյունահեղությունից խուսափելու համար անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե միջազգային դիտորդների վերահսկողությամբ եւ պարզելՙ ցանկանո՞ւմ է ժողովրդի մեծամասնությունը Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը», գրում է Ֆիլիպսը։

«Հայերը ճգնաժամի մեջ են այն ժամանակից ի վեր, երբ Քոչարյանը 1996 թ. իշխանությունից զրկեց նախկին նախագահ Տեր-Պետրոսյանին։ Քոչարյանի համար վատթարագույն պահը 1999 թ. հոկտեմբերի 27-ն էր, երբ զինված մարդիկ խուժեցին Ազգային ժողովի շենք, սպանեցին վարչապետին եւ խորհրդարանի նախագահին», գրում է նա։

Ակնհայտորեն Ֆիլիպսը թույլ է տալիս սխալներ։ Նախ Տեր-Պետրոսյանը հրաժարական է տվել 1998թ., նրան իշխանությունից հեռացրել է ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, այլ Վազգեն Սարգսյանը։ Բացի այդ, Հայաստանի ճգնաժամը չի սկսում Քոչարյանի իշխանության գալով։ Հակառակըՙ Քոչարյանի իշխանությանը գալով Հայաստանում տնտեսության մեջ նկատվում է լուրջ առաջընթաց։ Այս ամենն, իհարկե, Ֆիլիպսը չի կարող տեսնել, քանի որ նրա նպատակն է Հայաստանը հնարավորինս ներկայացնել անելանելի վիճակում։

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, Ֆիլիպսը գրում է, որ այս «եղբայրասպան պատերազմում» սպանվեցին տասնյակ հազարավոր մարդիկ, 1 միլիոն ադրբեջանցիներ դուրս քշվեցին սեփական տներից։ «Արյունահեղությունը դադարեցվեց այն բանից հետո, երբ 1993 թ. միջազգային միջնորդները հասան կրակի դադարեցմանը», գրում է նա։ Կամա թե ակամա, Ֆիլիպսը յուրաքանչյուր գրած պարբերության մեջ թույլ է տալիս առնվազն 3¬4 սխալ։ Մասնավորապես, շեշտելով 1 մլն ադրբեջանցի փախստականների չափազանցված լուրը, Ֆիլիպսը բառ անգամ չի ասում ավելի քան 400 հազար հայ փախստականների մասին, մեկ տարով առաջ է բերում ղարաբաղյան ճակատում զինադադար հաստատելու տարին, փոխանակ նշելու, որ կրակը դադարեցվեց Ռուսաստանի ջանքերով, նշում է ինչ-ինչ միջազգային միջնորդների անուններ։

«Հայերը Ադրբեջանի դեմ պատերազմի համար թանկ վճարեցին։ Ի համերաշխություն իրենց էթնիկ եղբայրների, Թուրքիան շրջափակեց Հայաստանը։ Հայաստանի աղքատությունն ու մեկուսացվածությունը մեծ մասամբ պայմանավորված են Թուրքիայի հետ սահմանի փակ լինելով», գրում է Ֆիլիպսը եւ ԱՄՆ կառավարությանը խորհուրդ տալիս, իհարկե, ոչ բառացիՙ տապալել Ռոբերտ Քոչարյանի վարչակարգը։

«Արեւմտյան Եվրոպայում եւ նախկին խորհրդային հանրապետություններում լինելով բարեփոխումների հետեւողական աջակիցը, ԱՄՆ-ը պետք է օգնի Հայաստանինՙ իրագործելու ժողովրդավարությանն անցնելու հերթական դժվար փուլը։ Բուշի վարչակարգը Հայաստանի վրա ունի ուժեղ ազդեցություն։ Հասկացնելով, որ նա (Վաշինգտոնը) չի հանդուրժի Երեւանի Ազատության հրապարակում ցուցարարների նկատմամբ բռնությունները, Վաշինգտոնը կարող է օգնել կառավարության եւ ընդդիմության միջեւ համաձայնության հաստատմանը 3 ամսվա ընթացքում հանրաքվե անցկացնելու մասին», գրում է Ֆիլիպսը։

Ուշագրավ է հրապարակման վերջին պարբերությունը. «Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը կարող է օժանդակել ղարաբաղյան խաղաղ բանակցությունների վերսկսմանը, ստիպել Անկարային բացել Հայաստանի հետ սահմանը եւ թուլացնել Ռուսաստանի եւ Իրանի ազդեցությունը Հարավային Կովկասում։ Դա Հայաստանի ժողովրդին հնարավորություն կտա նայելու առաջ եւ կառուցելու ավելի պայծառ ապագա»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4