Վրացական վարդերի փոխարեն հայկական մահակներ, ծեծուջարդ
«Իշխանափոխություն չի լինի, կլինի իշխանության այլասերում» խմբագրականում «Ազգը» մարտի 27-ին զգուշացրել էր. «Իշխանությունների կեցվածքի կարծրությունը հուշում է, որ նրանք տեղի չեն տալու, հետեւաբար իշխանափոխություն իբրեւ այդպիսին տեղի չի ունենալու։ Փոխարենը կլինեն ծեծ, ջարդ, արյուն, ձերբակալություններ, հալածանք, ազատությունների սահմանափակում, չինովնիկների առավել լկտիացում։ Այլ խոսքովՙ իշխանությունները կշարունակեն իշխելՙ փոխանակ կառավարելու, իսկ դա նշանակում է իշխանության թուլացում, ամբողջական այլասերում։ Իսկ այլասերված իշխանություն մեզ պետք չէ։ Մեր պարագայում դա պետականության տկարացում է, հղի նորանոր ու անվերջանալի փորձանքներով»։
«Ընդդիմության ղեկավարներին ծեծելու են» առաջնորդող հոդվածում «Ազգը» ապրիլի 2-ին, վկայակոչելով իշխանությունների մոտ կանգնած վստահելի աղբյուրների, գրել էր. «Մոտակա օրերին եւ շաբաթներին սպասվող ընդդիմության հանրահավաքները, որոնց նպատակն է տապալել Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը, դաժանաբար ճնշվելու են։ Արդեն իսկ ուժային կառույցները ձեւավորել են մի քանի հոգանոց պատժիչ ջոկատներ, որոնց վրա խնդիր է դրված հանրահավաքին մասնակից ընդդիմության առաջնորդներին շուրջկալել եւ ժողովրդի առաջ մահակներով դաժանաբար ծեծել»։
Վերոնշյալ հրապարակումից երկու օր անց «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն «Իրավունք» թերթում հերքեց «Ազգի» հրապարակումըՙ ակնարկելով, թե դա իշխանությունների հերթական քարոզչությունն է։ Ապրիլի 13-ի լույս գիշերը տեղի ունեցավ այն, ինչ կանխատեսել էինքՙ ծեծ, ջարդ, արյուն, ձերբակալություններ։ Ընդդիմության մի շարք առաջնորդներ դաժանաբար ծեծվեցին հենց ժողովրդի առաջ, մի քանիսին հաջողվեց փախչելով փրկվել, խուսափել իշխանությունների բռնություններից։ Այսինքն, տեղի ունեցավ այն, ինչը նախապատրաստել էին իշխանությունները, եւ որի մասին նախապես տեղեկացվել էր ընդդիմությունը։
Ապրիլի 9-ին ընդդիմությունը դուրս եկավ Ազատության հրապարակ եւ 10¬15 հազար ցուցարարների հավաստիացրեց, որ իշխանությունից հեռացնելու է Ռոբերտ Քոչարյանին, «կոտրելու է ղարաբաղյան կլանի ողնաշարը», «Հայաստանը պետք է ազատվի ղարաբաղյան կլանի օկուպացիոն ռեժիմից»։ Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց. «Գյուղը կանգնի, գերան կկոտրի։ Մենք պետք է ջախջախենք խունտային։ Ժողովո՛ւրդ, կանգնենք մինչեւ վերջ, մինչեւ Քոչարյանը հեռանա»։ Արամ Զ. Սարգսյանը հորդորեց. «Մենք Ազատության հրապարակը չենք լքի, ամեն օր կլինի հանրահավաք։ Սիրելի ժողովուրդ, սպասեք, կարող է մինչեւ հանրահավաքի վերջը Քոչարյանը հրաժարական տա»։
Հայաստանի ընդդիմությանն ակնհայտորեն ոգեւորել էր հարեւան Վրաստանի փորձը։ Եթե 36-ամյա Միխայիլ Սաակաշվիլին կարողանում է փողոց դուրս բերել տասնյակ հազարավոր մարդկանց եւ ի վերջո տապալել Էդուարդ Շեւարդնաձեի վարչակազմը, ապա ինչո՞ւ նույնը չի կարող անել Հայաստանի ընդդիմությունը։ Ահա այսպիսին էր մեր ընդդիմության հաշվարկը։ Վիկտոր Դալլաքյանը մի քանի անգամ հավաստիացրել էր, որ իրենք պատրաստ են եւ գծագրել են իշխանափոխության բոլոր սցենարները։ Քոչարյանի վարչակարգը տապալելու առաջին փորձը ձախողվեց։ Անշուշտ, սա բոլորովին էլ չի նշանակում, թե նախագահի դիրքերն ամուր են։ Պարզապես, որքան էլ զարմանալի եւ անհեթեթ թվա, մեր ընդդիմությունն ուղղակիորեն փորձում էր նմանակել վրացական այսպես կոչված «վարդյա» հեղափոխության փորձը եւ դա ներմուծել Հայաստան։
Ապրիլի 9-ին հանրահավաքում խմբված զանգվածը բոլորովին էլ հեղափոխական չէր, Ազատության հրապարակում հավաքվածների վրա անհնար էր խաղագումար դնել։ Սաակաշվիլին հույսը դրել էր երիտասարդության վրա, մինչդեռ Հայաստանում ընդդիմությունը հավաքել էր հիմնականում միջին տարիքն անց, իշխանություններից դժգոհ մարդկանց։ Այսինքնՙ խմբվել էր մի զանգված, որն ատում է իշխանություններին, բայց, մյուս կողմից, վստահություն չունի նույն ընդդիմության հանդեպ։ Վրաստանում հեղափոխության նախերգանքը տրվեց դեռ փետրվարին, երբ սկսեց ձեւավորվել «Կմարա» (թարգմանաբարՙ բավական է) երիտասարդական, ուսանողական շարժումը։ Արդեն հեղափոխության օրերին կմարականների թիվն անցնում էր 3 հազարից։ Ազատության հրապարակում հավաքվածների մեջ չնչին տոկոս էր կազմում ուսանողությունը։
Վրաստանում Սաակաշվիլին իշխանափոխության ամիսներին ընդգծված ձեւով առաջ չէր տանում սոցիալական հարցերը։ Մեզ մոտ հակառակըՙ իշխանափոխության հիմքում դրել էին սոցիալական խնդիրները։ Ըստ էության, բացի ժողովրդի սոցիալական ծանր վիճակի մասին թմբկահարելուց, Արտաշես Գեղամյանը եւ ընդդիմության մյուս առաջնորդներն այլ ասելիք չունեին ժողովրդին։
Վրաստանում ժողովրդի գերակշիռ մասը վստահում էր Սաակաշվիլուն։ Մինչդեռ Հայաստանում ընդդիմությունը չի վայելում ժողովրդի վստահությունը եւ վարկաբեկվածության ռեյտինգով այնքան էլ չի զիջում իշխանություններին։ Հայրենական ընդդիմությունը հաշվի չառավ, որ ի տարբերություն Էդուարդ Շեւարդնաձեի, որը նախագահության տարիներին լավ թե վատ վերահսկում էր մայրաքաղաք Թբիլիսին ու շրջակա բնակավայրերը, Ռոբերտ Քոչարյանը ամբողջովին վերահսկում է Հայաստանը։ Հաշվի չառնվեցին նաեւ Նինո Բուրջանաձեի եւ վրացական խորհրդարանի գործոնները։ Փաստորեն, Վրաստանում Շեւարդնաձեն ուներ հզոր ընդդիմություն նաեւ ի դեմս խորհրդարանի եւ նրա նախագահ Բուրջանաձեի։ Մեզ մոտ գործում է Ռոբերտ Քոչարյանին հլու-հնազանդ, ոչ այնքան օրինական խորհրդարան, իսկ այդ խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը Քոչարյանին ընդդիմադիր կլինի միայն այն դեպքում, եթե Հայաստանի նախագահի հրաժարականը դառնա անխուսափելի։
Եթե Միխայիլ Սաակաշվիլուն հաջողվեց, հակառակ արգելքնե-րին, հիմնականում Արեւմտյան Վրաստանից մայրաքաղաք Թբիլիսի հասցնել տասնյակ հազարավոր մարդկանց, ապա ինչո՞վ էին վատ Արտաշես Գեղամյանը, Ստեփան Դեմիրճյանը կամ մյուս առաջնորդները։ Ի՞նչ է, մեր ընդդիմության երեւելի առաջնորդները մեկ Սաակաշվիլի չարժե՞ն եւ չեն կարող Մեղրիից, Գյումրիից կամ Վարդենիսից մի քանի տասնյակ հազար մարդ հասցնել Բաղրամյան պողոտա։ Սակայն ոչ ոք չփորձեց վերլուծել, թե ինչու Սաակաշվիլին իշխանափոխությունն սկսեց Արեւմտյան Վրաստանից, այլ ոչ թե, ասենք, Կախեթից։ Սաակաշվիլին պատահաբար չէր ընտրել Զուգդիդ քաղաքը եւ Մեգրելիան։ Հենց այս քաղաքում եւ այս շրջանում էր կենտրոնացած Շեւարդնաձեից դժգոհ բնակչությունը, որը չէր կարողանում ներել ազգությամբ մեգրել, Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի տապալումն ու սպանությունը, որը, նրանց համոզմամբ, իրականացվել էր հենց Շեւարդնաձեի ձեռքով։
Տողերիս հեղինակը մոտ մեկ տարի հենց Վրաստանում հետեւել է «վարդյա» հեղափոխությանը եւ կարող է շարունակել զուգահեռներ անցկացնելըՙ ցույց տալու, որ իշխանափոխության այն տարբերակը, որն իրականացվեց հարեւան հանրապետությունում, անհնար է կյանքի կոչել Հայաստանում։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ