«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2004-04-14 | #67, 2004-04-15 | #68, 2004-04-16


ԱՄՆ-Ը ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՎՃՌԱԿԱՆՈՐԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ

Ապրիլի 13¬15-ը պաշտոնական այցով Թուրքիայում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Անկարայում Ալիեւը թուրքական իշխանություններին հորդորել է չբացել Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ հայերը դուրս չեն եկել գրավյալ տարածքներից, չի կարգավորվել ղարաբաղյան խնդիրը։ Ապրիլի 14-ին Բաքվում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը մամուլի ասուլիս է հրավիրում եւ հայտարարում, որ ԱՄՆ-ը Թուրքիայից վճռականորեն պահանջում է դադարեցնել Հայաստանի շրջափակումը, հաղորդում է Բաքվի «525 գազեթ» օրաթերթը։ Հարնիշը նշել է, որ Հայաստանի ապաշրջափակումը բխում է հենց Թուրքիայի եւ ամբողջ տարածաշրջանի շահերից։

Ամերիկացի դեսպանը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի վերջերս արած այն հայտարարությունը, համաձայն որի իբր ԱՄՆ պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆելդն իր հետ հանդիպման ընթացքում արտահայտվել է ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակի լուծման օգտին։ «Ես չգիտեմ ինչի մասին են խոսել Աբիեւն ու Ռամսֆելդը, բայց վստահաբար կարող եմ ասել, որ պրն Ռամսֆելդը չէր կարող նման բան ասել։ Այդ հարցով մենք շատ զգույշ ենք, հատկապես հաշվի առնելով, որ մոտ օրերս տեղի է ունենալու հակամարտող կողմերի արտգործնախարարների հանդիպում», Հարնիշի խոսքերը մեջբերում է «Էխո» թերթը։

Այսօր Պրահայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ նախատեսված է արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4