Ադրբեջանական մամուլն այս օրերին ողողված է հրապարակումներով հայ փախստականներ Ռոման Թարյանի եւ Արթուր Ապրեսյանիՙ Բաքվում հրավիրված մամուլի ասուլիսի վերաբերյալ։ Մեր հարեւան երկրի լրատվամիջոցներն անթաքույց հրճվանքով են ծամծմում այս թեման։ Բնական է, երկու հայ եկել հասել են Բաքուՙ հայրենիքը փնովելու։
Ռոման Թարյանն ու Արթուր Ապրեսյանն իրականում գոյություն ունեցող մարդիկ են, որոնք իսկապես գաղթել են Բաքվից, տասը տարուց ավելի ապրել են Հայաստանում։ Այս մասին տեղեկացանք ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանից։ Ռոման Թարյանն ապրել է Երեւանում, Կորյունի 23 հասցեում, աշխատել է խանութում։ Գագիկ Եգանյանի խոսքով, բազմաթիվ փախստականներ են այժմ դիմում վարչությունՙ վրդովված, իրենց խոսքով ասած, հայրենիքի դավաճանների արարքից։ Ի դեպ, վարչություն է եկել նաեւ Ռոման Թարյանի նախկին կինըՙ Աիդան։ Նա նշել է, թե եւս մեկ անգամ համոզվել է, որ ճիշտ է արել ամուսնալուծվելով, միայն ցավում է, որ իր երկու երեխաները կրում են Թարյան ազգանունը։
Առանց խորը վերլուծության նույնիսկ պարզ է, որ կատարվածը մեր հարեւան երկրի ձեռքի գործն է։ Նպատակըՙ կրկին ցեխ շպրտել Հայաստանի վրա, թե իբր Հայաստանը թաղված է կոռուպցիայի եւ անօրինականության մեջ, իսկ Ադրբեջանն այնքան ժողովրդավար է, որ պատրաստ է նույնիսկ հալածված հայերին հյուրընկալել Բաքվում։ Ցավոք, այս անգամ համաշխարհային հանրության աչքերին թոզ է փչվում մեր հայրենակիցներին օգտագործելու ճանապարհով, որոնց հավանաբար ինչ-որ բան են խոստացել։ Հերթական ադրբեջանական խաղն է, պարզ է նույնիսկ առանց խորը վերլուծության։ Բավական է ընդամենը մի քանի տրամաբանական հարց տալ եւ փորձել ստանալ դրանց պատասխանները։ Առաջինը եւ հիմնականըՙ ինչպե՞ս են հայերը հասել Բաքու։ Պարզ է, որ առանց Ադրբեջանի իշխանությունների օգնության հայերը հաստատ Բաքու չէին հասնի։ Բավական է հիշել ոչ վաղ անցյալում ադրբեջանական հիստերիան, երբ հայերը Բաքվում պետք է մասնակցեին ՆԱՏՕ-ի գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում անցկացվող զորավարժություններին։
Ակնհայտ է, որ այս երկուսը Բաքու էին հասել ոչ միայն Հայաստանում փախստականների ծանր սոցիալական վիճակից դժգոհելու համար, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանում փախստականներն ապրում են վրաններումՙ բաց երկնքի տակ։ Նրանց բողոքն ակնհայտորեն ճիշտ հասցեով չէր։ Մեր հայրենակիցների շուրթերով բարձրացվել են քաղաքական խնդիրներ։ Նրանք ասել են, թե ատում են Ռոբերտ Քոչարյանին եւ համարում, որ Ստեփան Դեմիրճյանը պետք է ղեկավարի Հայաստանը։ Պարզ է, թե ինչու Ադրբեջանում Ռոբերտ Քոչարյանին չեն սիրում, սակայն նկատենք, որ Ստեփան Դեմիրճյանին փաստորեն իր հայրենակիցներն արջի ծառայություն են մատուցում։
Ինչպիսի՞ն է լինելու Ռոման Թարյանի եւ Արթուր Ապրեսյանի ճակատագիրը։ Նրանք, թերեւս, հույս ունեն, որ բարձրացված աղմուկից հետո իրենց կհաջողվի որեւէ բարեկեցիկ երկրում ապաստան գտնել։ Իսկ գուցե մեր հայրենակիցները մտադիր են Բաքվում մնալ, եթե նրանց այդքան լավ են վերաբերվում։ Հայաստանի միգրացիայի եւ փախստականների վարչությունում Ռոման Թարյանի եւ Արթուր Ապրեսյանի պահվող գործերում նրանք նշել են, որ ժամանակին Բաքվում չորս սենյականոց բնակարաններ են կորցրել։ Երեւի հույս ունեն հետ բերել դրանք։ Սակայն զգուշությունը նրանց չի խանգարի, միշտ մնալու է գիշերը կացնահարվելու վտանգը։
Մ. ՀՈՎՍԵՓՅԱՆ