Արդեն վերանորոգված շենքում
Ապրիլի 17-ին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը բացում է իր թատերաշրջանը։ Բացման օրը կներկայացվի Արկադի Վոլոդինի «Հիսուսի մայրը» ստեղծագործությունը։ Իսկ մինչ այդ թատրոնը չէր աշխատում գրեթե մեկ տարի, քանի որ իրականացվում էին վերանորոգման աշխատանքներ։
Թատրոնում աշխատում են 97 մարդ, 33-ը դերասաններ են։ Դերասանների ցանկում Վրաստանում հայտնի եւ վաստակաշատ անուններ շատ կան։ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան թատրոնում են ներկայումս աշխատում Վրաստանի, նաեւ Հայաստանի ժողովրդական արտիստուհի Սերիկ Շեկոյանը, Վրաստանի ժողովրդական արտիստուհի Ասյա Ժամկոչյանը, Վրաստանի, նաեւ Հայաստանի ժողովրդական արտիստ Սոս Սոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սուրեն Եղիազարյանը, Ժիրայր Կարապետյանը, Ռոբերտ Աղաջանյանը, ուրիշներ։
«ԱԶԳ»-ի զրուցակիցը թատրոնի տնօրեն Ենոք Թադեւոսյանն է։
2002 թ.-ի ապրիլի 25-ի երկրաշարժից հետո Վրաստանում Հայաստանի դեսպան Գեորգի Խոսրոեւի նախաձեռնությամբ հենց հաջորդ օրը թատրոն եկավ հայաստանցի սեյսմոլոգների հատուկ հանձնաժողովըՙ թատրոնի եւ հայկական դպրոցների շենքերի վիճակը գնահատելու համար։ Եզրակացությունն այն էր, որ թատրոնը շտապ վերանորոգման կարիք ունի։ Այնուհետեւ Հայաստանի կառավարությունը ընդունեց որոշում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար ֆինանսական օգնություն տրամադրելու մասին։
Ամրացման աշխատանքները, նոր դրենաժային համակարգի կառուցումը կպահանջեր մեծ գումարՙ 150-160 հզ. դոլար։ Նման հնարավորություն չկար։ Բայց հատկացված գումարի սահմաններում ստեղծվեց հատուկ հիմնադրամ, որի հաշվին փոխանցվեց մոտ 30 հզ. դոլար, եւ քաղաքաշինության նախարար Դավիթ Լոքյանի եւ նրա տեղակալ Սոս Քոչարյանի ղեկավարությամբ սկսվեցին նորոգման աշխատանքները։
¬ Ինչպիսի՞ վերանորոգումներ են արդեն կատարվել եւ իրականացվե՞լ է կապիտալ նորոգում։
¬ Ամբողջությամբ վերանորոգվել է թատրոնի շենքի տանիքը, փոխվել է կոմունիկացիոն համակարգը, կառուցվել են նոր զուգարաններ, կարգի է բերվել սպասասրահը եւ շենքի գլխավոր ճակատամասը։ 2003 թ. հուլիսի 25-ին իր պաշտոնական այցելության ժամանակ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեզ էլի մեկ նվեր մատուցեցՙ գումար հատկացնելով ջեռուցման համակարգի մոնտաժման համար, ինչպես նաեւ որպես խրախուսանք աշխատակազմին հատկացվեց 1 մլն դրամ։ Այդ աշխատանքները նույնպես արդեն ավարտված են, այսինքնՙ հաջորդ ձմեռ մենք կաշխատենք, թատրոնը բաց կլինի ողջ տարին։
Թեեւ 2003 թ. թատրոնը փակ էր հանդիսատեսի համար, բայց աշխատանքները չեն դադարեցվել, եւ այդ տարվա ընթացքում մենք պատրաստել ենք 3 նոր ներկայացում, որոնցով էլ կբացենք մեր թատերաշրջանը։ Դրանք են Արկադի Վոլոդինի «Հիսուսի մայրը» ստեղծագործությունը, Գուրգեն Խանջյանի «Ավերակների պահակները» եւ Միխայիլ Սեբաստիանի «Անանուն աստղը»։
¬ Ինչպիսի՞ն է հաճախելիությունը, նաեւ ինչ վերաբերմունք ունեն տեղի հայերը թատրոնի նկատմամբ։ Արդյոք նրանք որեւէ կերպ օգնո՞ւմ են թատրոնին։
¬ Մեր թատրոնը միակ պետական հայկական թատրոնն է Հայաստանից դուրս։ Ցավոք, Մանթաշյանների եւ Արամյանցների ժամանակներն անցել են։ Այսօր թիֆլիսցի հայերն այն չեն, ինչ 100 տարի առաջ։ Ովքեր էլ կարողանում են վաստակել ու օգնելու հնարավորություն ունեին, մեկնել են Վրաստանից։
Ինչ վերաբերում է հանդիսատեսին, ապա թատրոն հաճախողների թիվը խիստ կրճատվել է։ Բայց մենք պահում են մեր վարկանիշը եւ չենք մոռանում, որ սա առաջին հայկական թատրոնն է հայ ժողովրդի նոր պատմության մեջ։ Թատրոնը հստակ պահում է մշակութային օջախի դերը։ Այս տարի էլ մենք նշում ենք թատրոնի 145-ամյակը։ Տոնական միջոցառումները հավանաբար կլինեն սեպտեմբերի ավարտին։
¬ Ինչպե՞ս է թատրոնը գոյատեւում, որտեղից է ֆինանսավորվում։
¬ Մեր թատրոնը Թբիլիսիի 12 թատրոններից մեկն է, որ ամբողջությամբ ֆինանսավորվում է Թբիլիսիի քաղաքապետարանի բյուջեից։ Պարզ է, որ այդ գումարը փոքր է, դժվար է. Վրաստանի ժողովրդական արտիստը ստանում է մոտ 22-23 դոլար աշխատավարձ։ Բայց կոլեկտիվը բավականին աշխատասեր է, նրանք թատրոնի հայրենասերներ են, աշխատում են ե՛ւ խանդավառությամբ, ե՛ւ հոգու համար, առանց հատուկ պահանջների։ Թատրոնն այսօր առաջատարներից մեկն է քաղաքային մյուս թատրոնների համեմատՙ պրեմիերաների քանակով, տված ներկայացումներով։
Մեր ներկայացումները միայն հայերենով են, բայց ունենք նաեւ սինխրոն ռադիոթարգմանություն ռուսերեն եւ վրացերեն։
¬ Ի՞նչ ծրագրեր կան թատրոնի հետագա գործունեության եւ Թբիլիսիում հայ մշակույթի այս յուրօրինակ օջախի համար նորմալ պայմաններ ապահովելու առումով։
¬ Ամենից առաջ կարեւոր է գեղեցիկ բացել թատերաշրջանը, այնուհետեւ իրականացնել թատրոնի 145-ամյակի տոնական միջոցառումները։ Բավականին դժվար հարց էր մեզ համար դարձել նաեւ կադրային ապահովման խնդիրը։ Ուսում ստանալու համար Երեւան ուղարկելը դժվար է, ոչ բոլորն են կարողանում միջոցներ տրամադրել Երեւանում սովորելուն։ Ի դեպ, մեր միջին սերնդի դերասաններից 6-7-ը նույնպես վերջին տարիներին տեղափոխվեցին Երեւան եւ հիմա աշխատում են երեւանյան թատրոններում։
Կադրային հարցը լուծելու համար մենք բացեցինք ստուդիա, այժմ գործում է ուսանողների թվով 4-րդ խումբը, եւ հենց ստուդիայից էլ համալրում ենք մեր դերասանական կոլեկտիվը։ Բացի դա, հայ դերասանների պատրաստման հարց դրվեց նաեւ Վրաստանի մշակույթի նախարարության եւ թատերական ինստիտուտի առջեւ։ Այժմ թատերական ինստիտուտում ունենք դերասանական ֆակուլտետի հայկական բաժին։ Այնտեղ սովորում են 6 ուսանող։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի