«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2004-04-14 | #67, 2004-04-15 | #68, 2004-04-16


ԱՎԱՐՏՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԴՈՒԲԱՅՈՒՄ, ՍՊԱՍՎՈՂ ՀԱՄԱԺՈՂՈՎ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ

Զարգացման հայկական գործակալության տնօրեն Վահագն Մովսիսյանը երեկ անդրադարձավ ապրիլի 5-ին Արաբական Միացյալ Էմիրություններում (Դուբայ) տեղի ունեցած հայկական ապրանքների ցուցահանդեսին։ Նա նշեց, որ ներկայացված էին սննդարդյունաբերության, ոսկերչության, շինանյութերի արտադրության, դեղագործության եւ քիմիայի ոլորտի ավելի քան 2 տասնյակ ձեռնարկություններ։ Ըստ գործակալության տնօրենի, ցուցահանդեսի նպատակն էր այդ երկրի ներդրողների ուշադրությունը հրավիրել Հայաստանի վրա եւ արտահանման շուկաներ գտնել հայկական ընկերությունների համար։ Լրագրողներին ցուցահանդեսից տպավորություններ պատմեցին նաեւ ընկերությունների ներկայացուցիչները։ Նրանք ընդհանուր առմամբ հաջողված համարեցին միջոցառումը, նշելով, որ հնարավորություն ունեցան հանդիպելու տեղի գործարարների հետ եւ ուսումնասիրելու արաբական շուկան։ Սակայն գրեթե բոլորն էլ նշեցին, որ կոնկրետ արդյունքների մասին վաղ է խոսելը։

Վահագն Մովսիսյանը տեղեկացրեց նաեւ, որ այս տարվա հունիսի 15-17-ը Սանկտ Պետերբուրգում կկայանա խոշոր միջազգային տնտեսական համաժողով, որին սպասվում է Համաշխարհային բանկի նախագահի, ՀՀ նախագահի եւ այլ բարձրաստիճան անձանց մասնակցությունը։ Այդ համաժողովի ցուցահանդեսային մասը բաղկացած է երեք բաժիններիցՙ «Ռուսաստան-Հայաստանՙ փոխշահավետ համագործակցության ուղիները», «Ռուսաստանի հարավային դաշնային օկրուգ», «Բաց Չեխիա»։ Գործակալության տնօրենի հավաստմամբ, համաժողովին կմասնակցեն ԱՊՀ տարածքում գործող ավելի քան 2 հազար ներդնողներ։ Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության զարգացման հնարավոր ոլորտներ են դիտարկվում էներգետիկան, սննդարդյունաբերությունը, մեքենաշինությունն ու սարքաշինությունը, սեւ, գունավոր եւ թանկարժեք մետաղների մշակումն ու արտադրությունը։ Դատելով գործակալության տնօրենի խոսքերից, ակնկալիքներն այս համաժողովից մեծ են։ Սակայն չմոռանանք, որ առավել մեծ ակնկալիքներ Զարգացման հայկական գործակալությունն ուներ նաեւ 2001 թ.-ին Նյու Յորքում հրավիրված Հայաստանին նվիրված միջազգային գործարար համաժողովից, որի արդյունքների մասին այսօր նախընտրում են չխոսել։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4