«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2004-04-15 | #68, 2004-04-16 | #69, 2004-04-17


«ՄԵԾ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ». ԵՐԱԶԱ՞ՆՔ, ԹԵ՞ ՄՂՁԱՎԱՆՋ

Գլխավոր նպատակը շրջանում ԱՄՆ-ի վերահսկողության հաստատումն է

Թեեւ «Մեծ Մերձավոր Արեւելք» անունը կրող ամերիկյան ծրագիրը դեռ չի հրապարակվել, դրա առանձին հատվածներ հայտնի են դարձել եվրոպական, մերձավորարեւելյան եւ աֆրիկյան մի շարք երկրների ղեկավարներինՙ առաջ բերելով հակասական (մեծ մասամբ ժխտական) արձագանքներ։ Այդ ծրագրի մասին խոսվել է մարտի վերջերին անցկացված Եվրամիության գագաթաժողովում եւ Արաբական լիգայի համաժողովում։ «Ժյոն Աֆրիկ-լենտելիժան» միջազգային շաբաթահանդեսի տվյալներով, ծրագիրն ամբողջությամբ հրապարակվելու եւ քննարկվելու է հունիսի 8-10-ն ԱՄՆ-ում կայանալիք «Մեծ ութնյակի» գագաթաժողովում եւ նույն ամսվա 28-29-ը Ստամբուլում նախատեսված ՆԱՏՕ-ի համաժողովում։

Այժմ տեսնենք, թե ինչպիսին է «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագրի էությունը եւ ինչ նպատակներ է հետապնդում։ Ծրագիրն ընդհանուր գծերով շարադրվեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի 2003 թ. փետրվարի 26-ի ելույթում։ 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո ամերիկյան վարչակազմը փորձում է Արեւմուտքի համար անվտանգ դարձնել արաբա-մահմեդական աշխարհը եւ վերացնել ահաբեկչության տնտեսական, սոցիալական ու քաղաքական արմատները։ Ուստի շեշտվում է արաբա-մահմեդական պետություններում ժողովրդավարական բարեփոխումների անցկացման կարեւորությունը (ազատ ընտրություններ, դրսից ֆինանսավորվող ոչ կառավարական անկախ կազմակերպություններ, կանանց կարգավիճակի բարձրացում, պայքար կաշառակերության դեմ, ռազմական բյուջեների կրճատում ի նպաստ կրթության, զարգացման բանկի ստեղծում, ՆԱՏՕ-ի գլխավորությամբ ազգային բանակների բարեփոխումՙ հակաահաբեկչական պայքարն ուժեղացնելու նպատակով)։

Թվում է, արաբական աշխարհի համար սարսափելի ոչինչ չկա։ Բայց ամերիկյան ծրագրում դիտավորյալ հետին պլան է մղված մերձավորարեւելյան գլխավոր խնդիրըՙ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, ինչպես նաեւ չի խոսվում ամերիկա-իսրայելա-թուրքական անխախտ դաշինքի մասին։ «Մեծ Մերձավոր Արեւելքը» մատուցվում է իբրեւ արաբական աշխարհի «արդիականացման» ծրագիր։ Ամերիկացիները տվյալ դեպքում զուգահեռներ են անցկացնում Հելսինկիի 1975 թ. համաձայնագրերի հետ, որոնք հանգեցրին խորհրդային դաշինքի երկրների «ազատագրմանը» եւ ժողովրդավարացմանը։ Սակայն նրանք մոռանում են, որ մահմեդականների մեծամասնությունը Մերձավոր Արեւելքում ամերիկա-իսրայելական զույգին վերագրում է բռնակալի նույն դերը, ինչ կատարում էր ԽՍՀՄ-ը Արեւելյան Եվրոպայում։

«Ազգն» արդեն գրել է, որ Ֆրանսիան եւ Գերմանիան վերապահումով են ընդունում «Մեծ Մերձավոր Արեւելքի» ամերիկյան ծրագիրը եւ առաջարկում են կենտրոնական տեղ հատկացնել իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը։ Եվրոպայում ծրագրին հավանություն են տալիս միայն Իսպանիան եւ Իտալիան։ Հարկ է նշել, որ ամերիկացիների առաջարկած ներքաղաքական բարեփոխումները կարող են ապակայունացնել տարածաշրջանը, իսկ այսպես կոչված ժողովրդավարացման գործընթացները կարող են հանգեցնել արեւմտատյաց արմատական վարչակարգերի հաստատմանըՙ ի չիք դարձնելով հակաահաբեկչական պայքարում ԱՄՆ-ի մերձավորարեւելյան դաշնակիցների ջանքերը։

Այս հակասությունները, ինչպես նաեւ քաոսային իրավիճակի ստեղծման հնարավորությունը շեշտելովՙ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը փետրվարի վերջերին սկսեց գլխավորել ծրագրի ընդդիմախոսների շարժումը։ Նրա դաշնակիցները դարձան Սաուդյան Արաբիայի թագաժառանգ իշխան Աբդալլան եւ Հորդանանի Աբդալլա Բ թագավորը։ Այս եռյակի հրապարակած համատեղ հայտարարության մեջ նշվում է. «Մենք երբեք չենք ընդունի, որ դրսից ինչ-որ հատուկ ձեւի բարեփոխում պարտադրվի արաբական երկրներին»։

Ամերիկացիների առաջարկած ծրագիրն անընդունելի է նաեւ Սիրիայի, Իրանի եւ տարածաշրջանի այլ երկրների համար։ Ծրագրին առայժմ կողմ են արտահայտվել Քաթարը, Մավրիտանիան, Մարոկկոն, մասամբՙ նաեւ Լիբիան։

«Ժյոն Աֆրիկ-լենտելիժանի» վերջին համարներից մեկի խմբագրականում «Մեծ Մերձավոր Արեւելքի» ծրագրի առնչությամբ մասնավորապես նշվում է, որ այդ ծրագրի համաձայն «Մեծ Մերձավոր Արեւելքն» ընդգրկում է 23 երկիրՙ Մավրիտանիայից մինչեւ Պակիստան, ներառյալ Թուրքիան եւ Իրանը։ Այդ հսկայական տարածքն ունի 600 մլն բնակչությունՙ մեծ մասամբ մահմեդականներ, որոնց 2/3-ի տարիքը 30-ից ցածր է։ Տարածաշրջանի բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության 9,2 տոկոսը, ազգային համախառն արտադրանքի արժեքըՙ 1300 մլրդ դոլար (համաշխարհայինի 4 տոկոսը)։

Հայտնի է, որ տարածաշրջանի ընդերքում են նավթի համաշխարհային պաշարների 3/4-ը եւ գազի պաշարների ավելի քան 50 տոկոսը։ Հայտնի է նաեւ, որ միջազգային ահաբեկիչները հավաքագրվում եւ ֆինանսավորվում են հենց այս տարածաշրջանում։ Ամերիկացիները պնդում են, թե աշխարհի տվյալ մասի 23 երկրներից 21-ի (բացի Թուրքիայից եւ Իսրայելից) ժողովրդավարացումը եւ տնտեսական զարգացումը թույլ կտան վերացնել ահաբեկչության վտանգը։

Բայց չի ասվում գլխավորը։ «Գերտերության իրական նպատակներն են (ժողովրդավարությամբ կամ առանց դրա) տնտեսապես թափանցել տվյալ գոտի, վերահսկողության տակ առնել տեղական բոլոր վարչակարգերը, նավթի ու գազի վիթխարի պաշարները», ընդգծվում է հանդեսի խմբագրականում։ Ինչ վերաբերում է տարածաշրջանի ժողովրդավարացմանը, Իրաքի եւ Աֆղանստանի փորձը թույլ չի տալիս լավատեսական կանխատեսումներ անել։ Ավելի վաղՙ 1970-80-ական թթ. ԱՄՆ-ը Լատինական Ամերիկայում «կոմունիստների», այսինքնՙ ձախ ուժերի դեմ պայքարելիս անգթորեն ոչնչացրել էր իր տիրապետությանն ընդդիմացած բազմաթիվ մարդկանց։ Տնտեսական զարգացմանն օժանդակելու պատրվակով ամերիկացիներն ի վերջո արտոնյալ պայմաններ ապահովեցին Լատինական Ամերիկայում հաստատված իրենց ձեռնարկությունների համար։

Վերոհիշյալ հանդեսի խմբագրապետ Բեշիր Բեն Յահմեդի կարծիքով, ամերիկացի արմատական գործիչների մտահղացած «Մեծ Մերձավոր Արեւելքի» ծրագիրն ուղղված է ոչ այնքան իսլամական ահաբեկչության, որքան բուն իսլամի դեմ։ «Ծրագրի իրական նպատակն է թուլացնել իսլամը եւ պառակտել մահմեդական երկրները, որոնք պոտենցիալ վտանգ են համարվում «հրեա-քրիստոնեական քաղաքակրթության» համար», ընդգծում է Յահմեդը։

Թերահավատներին համոզելու նպատակով նա բերում է 3 փաստ։ Առաջինը 2001 թ. նոյեմբերին ԱՄՆ արդարադատության նախարար Ջոն Էշքրոֆթի արած եւ վարչակազմի չհերքած այն հայտարարությունն է, որ «իսլամի աստվածը հավատացյալներից պահանջում է իրենց որդիներին ուղարկել մեռնելու (եւ սպանելու) հանուն իրեն, մինչդեռ քրիստոնեության աստվածն իր որդուն ուղարկեց մեզ համար մեռնելու»։ Երկրորդ փաստն այն է, որ ծրագրի կարեւոր կետերից մեկն ուղղված է շիա եւ սուննի մահմեդականների միջեւ լարվածության բորբոքմանը։ Իրաքում, Իրանում, Արաբիայում, Պակիստանում, Աֆղանստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում դրա դրսեւորումներն արդեն առկա են։ Երրորդ եւ թերեւս ամենակարեւոր փաստն այն է, որ «Մեծ Մերձավոր Արեւելքի» 23 երկրներից 21-ը (բացառությամբ գերզինված Թուրքիայի եւ Իսրայելի) մեկը մյուսի հետեւից զինաթափվելու են։ Իրաքն ու Լիբիան արդեն իսկ զինաթափված են։ Հաջորդ երկրները կլինեն Իրանն ու Սիրիան։ Ամենայն հավանականությամբ, Պակիստանը մի քանի տարի հետո այլեւս չի լինի միջուկային տերություն։

Սա նշանակում է, որ տարածաշրջանում նախատեսվում է ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Իսրայելի գերիշխանություն, ինչպես նաեւ նրանց կողմից նավթի ու գազի ռազմավարական վիթխարի պաշարների յուրացում։

ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4