Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել ենք ապրիլի 12-ի եւ 13-ի ձերբակալություններին եւ նշել, որ նախատեսվում է ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի ձերբակալությունը։ Դատախազությունն արդեն իսկ դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ Վաղարշակ Հարությունյանին կալանավորելու միջնորդությամբ։ Եվ այդ հարցը դատարանում քննարկվելու էր երեկ։ ՀՀ գլխավոր դատախազությունը Վաղարշակ Հարությունյանին մեղադրում է քրեական օրենսգրքի 300 (պետական իշխանությունը յուրացնելը), 301 (ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ փոխելուն ուղղված հրապարակային կոչեր), 318 (իշխանության ներկայացուցչին վիրավորելը) հոդվածներով։ Նրա նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրել է ձերբակալությունը։ Որպես կասկածյալներ ձերբակալվել էին նաեւ Վաղարշակ Հարությունյանի կրտսեր եղբայրըՙ Արթուր Հարությունյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Գեղամ Հարությունյանը։ Վերջիններս ապրիլի 16-ին ազատ են արձակվել։
Մյուս կողմից, «սահմանադրական կարգը բռնությամբ փոխելուն ուղղված հրապարակային կոչեր տարածելու, իշխանության ներկայացուցիչներին հրապարակայնորեն վիրավորելու բազմաթիվ ապացույցների հիման վրա էլ կալանավորվել էին «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամներ Սուրեն Սուրենյանցը եւ Արամազդ Զաքարյանը, իսկ Արտակ Գաբրիելյանը եւ Ժորա Սափյանը ձերբակալվել են», նշված է ՀՀ գլխավոր դատախազության տրամադրած հաղորդագրությունում։ Երեկ նրանց կալանքի ժամկետը երկարացվել է 2 ամսով։ Իսկ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների փաստաբան Ռոբերտ Գրիգորյանը մտադիր է վերաքննիչ բողոք ներկայցնել իր պաշտպանյալ Սուրեն Սուրենյանցի խափանման միջոցը (ձերբակալություն) փոխելու համար։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ