Մեր կինոյում վիճակը նույնն է, ինչ քաղաքական դաշտում
«Հայֆիլմ» կինոստուդիայում մինչեւ 2000 թվականը տարեկան նկարահանվում էր 1-2 ֆիլմ, այսօր, իհարկե, դրանց թիվն ավելացել էՙ վերջին 3 տարիներին արտադրվել են 12 լիամետրաժ, 6 դեբյուտային ֆիլմեր եւ 10 մուլտֆիլմ։ Կինոարտադրության հիմնական ֆինանսական աղբյուրը պետբյուջեն է, որի չնչին միջոցները թույլ չեն տալիս արվեստի այս կարեւորագույն ոլորտն առաջ տանել։ Կինոյի տան դահլիճում երեկ տեղի ունեցավ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության 9-րդ համագումարը։ Ինչպես պետք էր ակնկալել, կինոգործիչների ելույթներում միայն կինոարվեստի խնդիրները չէին, այլեւ երկրի ներքաղաքական իրավիճակը, որն անմիջականորեն արտացոլվում է կինոարվեստում եւ առհասարակ մշակույթում։ «Գուցե կգան օրեր, երբ Հայաստանի ղեկավարությունը կհասկանա, որ կինոյին չնչին կոպեկներ տալն ուղղակի ամոթ է, գոնե հարեւան պետությունների օրինակին հետեւեն, որոնց համար կինոն աշխարհին ներկայանալու հզոր միջոց է։ Մեր հիմնական նպատակը կինոմիության ստեղծագործական մասը վերականգնելն է։ Երկրում մի տեսակ ամեն ինչ քանդելու միտում կա, մեզ մոտ էլ կան աղանդավորներ, որոնք ձգտում են միությունը քանդել։
Իշխանության եւ ընդդիմության լիդերները պիտի նստեն սեղանի շուրջ եւ հարցերը լուծեն բարի տեսքով», ասաց կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը։
Կինոգետ Սուրեն Հասմիկյանն անչափ վրդովված էր երկրի ընդհանուր մթնոլորտից. «Անտարբերությունը գերիշխում է ամենուր, բոլոր ոլորտներում։ Կինոյի ներկայիս վիճակը կապված է այսօրվա ներքաղաքական վիճակի հետ, բոլորը խաղում են տաղտկալի սցենար եւ խամաճիկի դերում են հանդես գալիս։ Խամաճիկի եւ ոչ թե դերասանի։ Մնում է ապրել ու սպասել»։ Նա իրավացիորեն նկատեց, որ կորել են գնահատման չափանիշները, բացակայում է քննության դաշտը, չկան վերլուծություններ, իսկ դրանք նպաստում են արվեստում խոտանի առաջացմանը։
Ամենից հուզումնառատ ելույթը կինոդերասան Երվանդ Մանարյանինն էր, որն իրեն համարելով իշխանություն հարգող անձնավորություն, սաստիկ զայրացած էր Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերից, որտեղ անպաշտպան ու նվաստացած վիճակում էր հայտնվել մեր հասարակության ամենախեղճ խավը։ Նա արվեստագետներին մեղադրեց թշվառներից հեռու մնալու, նրանց վշտերից անտեղյակ լինելու համար։
Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանին առավելապես հուզում էր ստեղծագործ մարդու պաշտպանվածության խնդիրը, քանի որ «արվեստագետի աշխատանքի արդյունքից է կախված մեր երկրի ինտելեկտը»։ Նա առաջարկեց, որ գրողների, նկարիչների, կոմպոզիտորների, կինեմատոգրաֆիստների եւ ստեղծագործական մյուս միությունները միավորվեն մեկ ղեկավար մարմնումՙ կանխելու տարածված պոպուլիզմի այն երեւույթը, որն ամենակուռ ձեւով իրեն է ենթարկում եւ իրենով փոխարինում մշակույթ հասկացությունը։
Ելույթները շատ էին, մտահոգություններըՙ նույնը։
«Հայֆիլմ» ստուդիայի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը հայտարարեց, որ ստուդիան մասնավորեցնելու համաձայնություն են տվել, եւ հույս ունեն, թե մասնավորեցումը օգտակար կլինի կինոարտադրության զարգացման համար։
Հակիրճ խոսք ասաց նաեւ ժողովրդական դերասան Խորեն Աբրահամյանը, որին զայրացրել էր Հանրային հեռուստատեսությամբ վերջերս ցուցադրված տեսանյութը «Հայֆիլմի» պատմության մասին։ Տեսանյութում անտեսված են եղել հայ կինոյի երախտավորների, նաեւ իր մասին պատմող նյութերը, ինչը, նրա կարծիքով, կամ արվել է միտումնավոր, կամ անգիտության հետեւանք է։
Համագումարի ավարտին կինեմատոգրաֆիստների միության նախագահ ընտրվեց Ռուբեն Գեւորգյանցը։ Բոլորը կողմ էին, դեմ չկար, չկար նաեւ այլ թեկնածու։ Խորեն Աբրահամյանն էլ որոշեց դեմ քվեարկել, որ հաջորդ ընտրություններին այլընտրանք լինի։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ