Նյու Յորքի Հայ դատի հանձնախմբից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ վերանայելով իր երկարամյա քաղաքականությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, «Նյու Յորք թայմս» հեղինակավոր թերթը որոշել է այսուհետեւ «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունն օգտագործել առանց դրան մշտապես ուղեկցող «ինչպես հայերն են պնդում» բառերի։
«Գիտական սահմանումներն ուշադիր ուսումնասիրելուց հետո որոշել ենք ընդունել «ցեղասպանություն» բառը ներկայացնելու համար 1915-ի եւ այդ թվերի թուրքերի կողմից հայերի զանգվածային կոտորածները։ Այսուհետեւ այդ բառը կարող է ազատորեն օգտագործվել առանց «ինչպես հայերն են պնդում» բառերի», ասված է «Նյու Յորք թայմսի» որոշումը հրապարակած «Ցեղասպանության հարցերով զբաղվող գիտնականների միջազգային ասոցիացիայի շրջաբերականում։
«Նյու Յորք թայմսի» որոշման մեջ նշված է նաեւ հետեւյալը. «Պատմական հաշվետվությունների մեծամասնության համաձայն, Օսմանյան կայսրությունը սպանեց ավելի քան 1 մլն հայերիՙ մահվան մոլուցքի եւ զանգվածային տեղահանության միջոցով, որն ուղղված էր այսօրվա Թուրքիայի ամբողջ տարածքում հայ բնակչությանը բնաջնջելուն»։ Այնուհետեւ լրագրողներին խորհուրդ է տրվում, գրելով հանդերձ թուրքերի ժխտողական կեցվածքի մասին, դրանք չնույնացնել (կամ դրանց հավասար կշիռ չհաղորդել) պատմաբանների հայտնաբերած փաստերի հետ։
Հ. Ծ.