Ինչպես տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության հասարակական կապերի եւ լրատվության բաժնի հաղորդագրությունից, ապրիլի 15-ին Լուսակերտ ավանի բնակիչ Էդգար Առաքելյանը ձերբակալվել է նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրաՙ ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը դեպքերին մասնակցելու համար։ Փաստաթղթում նշված է, որ Էդգար Առաքելյանը չի կատարել իրավապահ մարմինների օրինական պահանջները, խառնաշփոթ ու անկառավարելի վիճակ ստեղծելու համար հանդես է եկել բռնությամբ իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների դիմելու կոչերով, հանքային ջրի շշով հարվածել է հասարակական կարգը պահպանող ոստիկանի գլխին եւ դիմել փախուստի։ Պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողությունների համար Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 300 հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Ապրիլի 18-ին դատարանի որոշմամբ նա կալանավորվել է։ Առաջադրված մեղադրանքում Առաքելյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել եւ տվել է համապատասխան ցուցմունքներ։
Իշխանության ներկայացուցիչներին հրապարակայնորեն վիրավորելու մեղադրանքով կալանավորվել է նաեւ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի բնակիչ Ժորա Սափեյանը, որին մեղադրանք է առաջադրվել քր. օր.-ի 318 հոդվածի հատկանիշներով։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ