«Այս տարի կմեկնարկի գլխավոր պողոտայիՙ Կենտրոնական փոստատան շենքից մինչեւ Վարդան Մամիկոնյան արձանն ընկած տարածքի զանգվածային իրացումը, շինարարական աշխատանքներ կծավալվեն Սարյան փողոցից մինչեւ ազգային պատկերասրահ ընկած հատվածում», քաղաքապետարանում լրագրողների հետ ամենշաբաթյա հանդիպման ժամանակ հայտարարեց Երեւանի փոխքաղաքապետ ու քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը։ Երեկ նա մանրամասն ներկայացրեց կառուցապատման ծրագրերիՙ կենտրոնին վերաբերող լայն ցանկը։
Քաղաքը ժամանակակից տեսքի բերելու համատեքստում որոշվել է առաջիկա տարիների ընթացքում վերջնականապես ազատվել հին, խարխուլ բնակֆոնդի մնացորդներից, որոնցով դեռ առատ է Երեւանի կենտրոնը։ Այս շարքում են Կոնդ թաղամասը, Ֆիրդուսու շուկայի, Գինու գործարանի եւ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքները։ 2007 թվականին Հյուսիսային պողոտայի հետ կավարտվի նաեւ Հյուսիսային ճառագայթի կառուցումը, եւ Երեւանը անկյունագծով հատող 6,5 կմ-անոց ճառագայթը ուղիղ գծով կուղղորդվի դեպի Արարատ լեռը։
Սփյուռքահայերը Երեւանում թաղամասեր ունենալու ցանկություն են հայտնում
«Ազգի» խնդրանքով, գլխավոր ճարտարապետն անդրադարձավ նաեւ վերջին ժամանակներս մեծ կրքեր հուզած կանադական թաղամասի ճակատագրին։ Նման թաղամաս ունենալու գաղափարը ծագել է 2 տարի առաջ, Մոնրեալի քաղաքապետիՙ Երեւան այցելության ժամանակ։ Երեւանում թաղամաս ունենալու ցանկություն են հայտնել գրեթե առանց բացառության սփյուռքի բոլոր գաղթօջախները։ Սովորաբար նման ծրագրերը, որպես ներդրումային առաջարկներ, բացասական պատասխանի չեն արժանանում։ Նմանօրինակ հայտեր կան արդեն գերմանահայերից, նման թաղամաս է լինելու Հովնանյանների թաղամասը, Իսակովի պողոտայում նույն սկզբունքով կառուցվելու է դիվանագիտական թաղամաս։ Այս ամենը, իհարկե, շատ լավ է, բայց չի նշանակում, որ սփյուռքի մեր հայրենակիցներն էլ մասնակից են դառնալու կանաչ տարածքների նկատմամբ խավարի տարիներից ակտիվ իրականցվող սպանդին։
«Ազգի» հրապարակումներից ընթերցողը տեղյակ է, որ ապագա կանադական թաղամասի շրջակայքի բնակչությունը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել այստեղ իրականացվող ծառահատումների դեմ, երբ իրենց մշակած պտղատու ծառերը զոհ դարձան կառուցապատողներին։ Չնայած դրան, այսօր այստեղ էլ շինարարական աշխատանքներ են ընթանում, իսկ բնակիչների բողոքը հաջողվել է լռեցնել համարժեք փոխհատուցումների միջոցով։
Հյուսիսային պողոտայում մայիսի 1-ից ակտիվ շինարարություն կսկսվի
Այսօր այստեղ լայնածավալ քանդման աշխատանքներ են ընթանում։ Երեւանի թիվ 1 քաղաքաշինական ծրագիրը նախատեսվում է ավարտել 2006 թվականին։ Ծրագրի մեկնարկի համար ամենաբարդն իրացման հարցերը լուծելն էր, այլ կերպ ասած, բնակիչների հետ լեզու գտնելը։ Գլխավոր ճարտարապետի հավաստմամբ, Հյուսիսային պողոտայի հետ կապված ընդամենը 2-3 դատական գործեր են մնացել, մնացած հարցերը լուծվել են։
Հյուսիսային պողոտայի ստորգետնյա հատվածում երկհարկանի ավտոտնակներ ու ավտոկանգառներ են լինելու։ Տերյան փողոցի վերակառուցմանը զուգահեռ նորակառույց շենքերի թիկունքում երկու նոր փողոցներ կկառուցվեն։
Հյուսիսային պողոտայի իրացման ենթակա մյուս հատվածը ներառելու է պատկերասրահի հետեւի մոտ 1 հա տարածքը։ Դա արդեն կվերաբերի շինարարության երկրորդ փուլին։
Գլխավոր հատակագիծը կտարբերակի Երեւանի փողոցները
Երեւանի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները շարունակվում են։ Քաղաքապետի ղեկավարությամբ ստեղծվել է նույնիսկ միջգերատեսչական հանձնաժողով, որը կոորդինացնելու է ճյուղային նախարարությունների աշխատանքը գլխավոր հատակագծի ավարտի փուլումՙ մինչ 2005 թվականի սկիզբը։ Անմիջապես հետո կազմակերպվելու են հասարակական զանգվածային քննարկումներՙ կապված տրանսպորտային ենթակառուցվածքների, էկոլոգիական գոտիների, պահպանման ենթակա հուշարձանների նոր ցանկի հետ։ Դիտողությունները, հավանաբար, նկատի կառնվեն նախագծի իրականացման ընթացքում։ Այս միջոցառումը ողջունելի է նրանով, որ իբրեւ այս կարգի ձեռնարկ առաջին նախադեպն է։
Գլխավոր հատակագիծը նախատեսում է ըստ նշանակության տարբերակել նաեւ քաղաքային փողոցներըՙ բաժանելով դրանք տեղային կամ համաքաղաքային նշանակության կարգերի։ Համաքաղաքային փողոցները, որ սովորաբար թանկ հաճույք են, մասամբ կներկայանան նաեւ ստորգետնյա թունելային լուծումներով։ Դա հնարավորություն կտա վերջապես իրականացնելու Երեւանը շրջանցող ճանապարհի նախագիծը, որը գետնի երեսին ժամանակին չհաջողվեց կյանք տալ։ Շրջանցիկ ճանապարհը խցանումներից կփրկի նաեւ Բաղրամյան պողոտան, որ հանրահավաքների եւ ցույցերի գլխավոր երթուղին է, եւ նման օրերին սովորաբար փակվում է։ Ստորգետնյա ճանապարհը կձգվի Մատենադարանի ստորոտից մինչեւ Դավիթաշենի կամուրջը։
Գլխավոր հատակագծով նախատեսվող շրջանցիկ մեծ փողոցների կառուցումը Երեւանի կենտրոնը կազատի նաեւ հինգ մարզերից մայրաքաղաք մտնող փոխադրամիջոցների բեռնվածությունից։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ