«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2004-04-17 | #70, 2004-04-20 | #71, 2004-04-21


ԹՈՒՐՔ ԳՐՈՂ ՔԵՄԱԼ ՅԱԼՉԸՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ՀԱՅ ԵՎ ՕՏԱՐԱԶԳԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Անցյալ տարի Երեւանում Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արք. Բեկջյանի աջակցությամբ Երեւանում լույս տեսավ թուրք գրող Քեմալ Յալչընի «Հոգիս քեզանով է զմայլվում» գրքի հայերեն թարգմանությունը։ Թեքեյան մշակութային միության հրավերով ԱՄՆ-ի հայաշատ մի շարք քաղաքներում հայ համայնքների ներկայացուցիչների հետ (Դետրոյթ, Չիկագո, Բոստոն, Ֆիլադելֆիա) տեղի ունեցան Քեմալ Յալչընի հետ հանդիպումները։ Ամենաուշագրավը դրանցից ապրիլի 15-ին Նյու Յորքի Գավուքջյան հանդիսասրահում տեղի ունեցածն էր, որին բացի հայ մտավորականներից, ներկա էին նաեւ շատ օտարազգիներ։

ԹՄՄ Նյու Յորքի մասնաճյուղի ատենապետ Նորայր Մկրտչյանը ներկայացրեց հանդիպման ազգային քաղաքական նշանակությունը։ Սա իր տեսակի մեջ առաջին գրական փորձն էր, երբ թուրք գրողը սրտացավորեն ու հարազատորեն պատմում է հայ մարդու ճակատագրի մասինՙ ընթերցողին, ժամանակին ու պատմությանը հանձնելով գրավոր պատառիկներ ճշմարիտ իրականությունից, հենվելով հուշագրության եւ փաստագրության վրա։

22 տարի ապրելով գերմանական Բոխում քաղաքում, թուրքերեն դասավանդելով դպրոցում, Քեմալ Յալչընն իր երկարամյա ճամփորդությունների ընթացքում հանդիպել է ե՛ւ հույների, ե՛ւ հայերի, այդ թվում նաեւՙ 1915 թ. վերապրողների հետ։ Այս հանդիպումներից ու անմիջական զրույցներից է ծնունդ առել վեպը, որը վավերական անձերի իրական հուզիչ պատմությունների վրա կառուցված ստեղծագործություն է։ Վեպի հերոսներն Անատոլիայի խորքերում փնտրվող հայերն են, որոնց թիվը հազարների է հասնում։ Այժմ հեղինակը պատրաստում է նոր հրատարակություն։

«Զօհրապ» տեղեկատվական կենտրոնի տնօրենի օգնական պրն Արամ Արքուն ներկայացրեց թուրք գրողին։ Լավատեղյակ թուրքերենին եւ օսմաներենինՙ մեկնաբանեց վեպի գեղարվեստական եւ պատմական արժեքըՙ զուսպ, առանց ավելորդ ներբողականների։

Քեմալ Յալչընն իր ելույթն սկսեց Վահան Թեքեյանի «Հաշվեհարդար» բանաստեղծության թուրքերեն թարգմանությամբ, իր խոսքում հիացմունքով հիշատակեց նաեւ Գրիգոր Զոհրապի կատարած դերի մասին օսմանյան իրականության քաղաքական եւ սոցիալական հարաբերությունների եւ հայ գրական կյանքի մեջ։

ԹՄՄ-ի կազմակերպած այս հանդիպումն օրինակելի համարելով, նախաձեռնողները հույս են հայտնում շարունակել նմանօրինակ հանդիպումները հայասեր ուրիշ թուրք մտավորականների հետ եւս։

Այս մասին տեղեկացանք ՌԱԿ մամլո Կենտրոնական դիվանի հաղորդագրությունից։

Մ. Բ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4