Ասաց մաքսային կոմիտեի նախագահը
Որպես քաղաքացի մաքսային կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը խիստ բացասաբար է գնահատում ընդդիմության գործողությունները եւ իր համաձայնությունն է հայտնում կոալիցիոն ուժերիՙ այս առնչությամբ արված հայտարարություններին։ Սակայն նա այդ գործողությունները լուրջ չի ընդունում, քանի որ հանրահավաքների մասնակիցների թիվը չի հասնում անգամ մեկ ընտրատարածքի բնակիչների թվին։ Այս կարծիքը կոմիտեի նախագահը հայտնեց Արմենպրեսի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Նա նաեւ նշեց, որ ընդդիմադիր ուժերը տեսնում են, որ տնտեսական բարձր աճ կա, որի արդյունքները տարեվերջին կզգացվեն, եւ այդ պատճառով շտապում են։ Ներմուծման-արտահանման ցուցանիշներին անդրադառնալով, Արմեն Ավետիսյանը հայտնեց, որ քաղաքական իրադարձությունները որեւէ ազդեցություն չեն գործել դրանց վրա, քանի որ Հայաստանի գործարարները դրանք նույնպես լուրջ չեն համարում։
Մաքսային կոմիտեի նախագահը, ներկայացնելով եռամսյակային տվյալները, տեղեկացրեց, որ մաքսային մուտքերը կազմել են 24,7 մլրդ դրամ ծրագրված 23,7 մլրդ դրամի փոխարեն։ Այսինքն, հավաքվել է ծրագրվածից 1 մլրդ դրամ ավելի։ Տարեկան նախատեսված են 117 մլրդ դրամի մուտքեր նախորդ տարվա 100 մլրդ դրամի փոխարեն։
Շնորհիվ տեխնիկական վերազինման, կրճատվել է մաքսազերծման գործընթացը, եւ ցանկացած երկրից եկած հաշիվ-ապրանքագրերը ստուգելու հնարավորություն է առաջացել։ «Իսկ թե հիմնականում ո՞ր երկրներից ներմուծվող ապրանքներն են ունենում կեղծ հաշիվ-ապրանքագրեր» հարցին Արմեն Ավետիսյանը պատասխանեց, որ դրանք Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը չանդամակցած երկրներն են, մասնավորապես Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Չինաստանը, որոշ դեպքերում Ռուսաստանը։
Ա. Մ.