Արդեն երկրորդ անգամ ստանալով ծանուցագիր, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը, պայմանավորվելով քննիչի հետ, ապրիլի 19-ին եւ 20-ին ներկայանում է դատախազություն եւ որպես վկա պատասխանում իրեն առաջադրված հարցերին։ Ինչպես տեղեկացրեց պրն Բազեյանը, «Առաջադրված հարցերը նույնն են բոլորի համարՙ ընդհանուրից գալիս են մասնավորի, եւ հարցերի մեջ կարմիր թելի պես անցնում է հետեւյալ հարցադրումըՙ թե դուք իշխանությունը բռնի ուժով զավթելու եւ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու կոչերով եք հանդես եկել ու քայլեր ձեռնարկել... Բոլոր նման հարցադրումների ժամանակ մեր պատասխանը եղել է հետեւյալը, որ 2003 թ. նախագահական ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ու նրա կողմնակիցները զանգվածային ընտրակեղծիքներով, բռնություններով բռնազավթել են իշխանությունները, եւ Հայաստանում տապալվել է սահմանադրական կարգը։ Մեր բոլոր քայլերը, գործողություններն ուղղված են սահմանադրական կարգի վերականգնմանն ու բռնազավթված իշխանությունը ժողովրդին վերադարձնելուն, եւ բոլոր քայլերն իրականացվում են ՀՀ սահմանադրության տառին եւ ոգուն համապատասխան»։
Ինչպես տեղեկացանք «Հանրապետություն» կուսակցությունից, վաղ առավոտյան իր բնակարանից երկու ոստիկանների ու ուղեկցությամբ Նոր Նորքի ոստիկանություն է տարվել Գեղամ Հարությունյանը, որը մի քանի օր առաջ էր ազատ արձակվել կալանումից։
Առայժմ նրան մեղադրանք է ներկայացվել զազրախոսության համար։ Եթե դա այդպես է, ապա ՀՀ քր. օր.-ի 182 հոդվածի համաձայն նրան հասնում է վարչական տուգանքՙ 2000 դրամ։ Մինչդեռ նա մինչեւ երեկոյան 20.30-ը դեռ գտնվում էր Կենտրոն եւ Նոր Նորք առաջին ատյանի դատարանում եւ սպասում էր դատավորի վճռին։