Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ ապրիլի 20-ին տեղի ունեցավ Հայ եկեղեցու հայաստանյան թեմերի առաջնորդների ժողով, որը քննության առավ քրիստոնեական դաստիարակության առաքելության իրականացման եւ թեմական ու համայնքային կյանքի կազմակերպական խնդիրներ։ Ժողովականները անդրադարձան նաեւ Հայաստանում ներքաղաքական իրավիճակին եւ ուղերձ հղեցին ժողովրդին։
Հայաստանի թեմակալ առաջնորդներս մտահոգություն ենք հայտնում ստեղծված ներքաղաքական լարվածության շարունակության առնչությամբ եւ անընդունելի համարում հատկապես տարածաշրջանում վճռորոշ զարգացումների ներկա իրավիճակում քաղաքական ցնցումների ուղին, որը առճակատումների առաջնորդելով խորացնում է անհանդուրժողության ոգին ու պառակտումը ժողովրդի մեջ եւ վտանգում կայունությունը հայրենիքում ու անվտանգությունը մեր պետականության։
Ապրիլ 24-յան խորհրդի առջեւ կոչում ենք համայն մեր ժողովրդին, պետական կառույցներին, քաղաքական ուժերին ու հասարակական կազմակերպություններինՙ հավատարիմ մնալ Մեծ եղեռնի մեր զոհերի նվիրական հիշատակի լուսեղեն խորհրդին, որը ամբողջացումն է ազգային անկախ պետականության եւ ազատ ու ապահով կյանքի մեր ժողովրդի դարավոր ձգտումի, որով միշտ զորացել է ազգային միաբանության մեր ոգին։
Մեկն է շահը հայրենիքի ու ժողովրդի, հետեւաբար կարողանանք հաշտության ոգով ունկնդիր լինել միմյանց, որպեսզի գտնենք հայրենաշինության անհրաժեշտ ճանապարհները։ Մեր բոլոր հարցերին ու խնդիրներին պատասխաններ պիտի փնտրենք օրինականության պահպանման նախանձախնդրությամբՙ հանդուրժողության, փոխադարձ հարգանքի ու ըմբռնողության ելակետերիցՙ գերագույն նպատակ ունենալով մեր հայրենիքի ներքին անդորրն ու կայունությունը եւ ժողովրդի միաբանությունը։
Մենք հավատում ենք, որ զատկական այս հոգենորոգ շրջանում, երբ հարուցյալ Փրկիչը իր խաղաղությունն ու սերն է տարածում մեզ վրա, կկարողանանք հաղթահարել ներքաղաքական այս անհանգիստ վիճակը եւսՙ հուրախություն մեզ եւ մեր բարեպաշտ ժողովրդի ի Հայաստան եւ ի սփյուռս աշխարհի։