«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2004-04-17 | #70, 2004-04-20 | #71, 2004-04-21


ՀԵՌԱՎՈՐ ՍԱՆ ՊԱՈՒԼՈՅՈՒՄ ԿԲԱՑՎԻ «ԷՋՄԻԱԾՆԻ ԳԱՆՁԵՐԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի Հարավային Ամերիկա այցի օրերին Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում մայիսի 7-20-ը կբացվի «Էջմիածնի գանձերը» ցուցահանդեսը։ Այս կապակցությամբ Հայաստան է ժամանել Սան Պաուլոյի «Պինաչոտեկա» թանգարանի տեխնիկական տնօրեն Մարսելո Առաուջոնՙ տեղի Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Օշին Մոստիչյանի ուղեկցությամբ։ Պրն Մոստիչանը զբաղվում է կտավների վաճառքով, ունի անձնական հավաքածու։

«Պինաչոտեկա» թանգարանում ամեն տարի կազմակերպվում է մոտ 40 ցուցահանդես, ցուցադրվում են տարբերՙ հնագույն, միջնադարյան եւ ժամանակակից արվեստի նմուշներ, հավաքածուներ, քանդակագործական եւ այլ աշխատանքներ։ Այցելուների թիվը տարեկան մոտ 350 հազար է։ Վերջերս թանգարանում բացվել է Օգյուստ Ռոդենի աշխատանքների ցուցահանդեսը։ Թանգարանը լայն հնարավորություններ ունի բարձրարժեք ու բազմաբնույթ ցուցահանդեսների կազմակերպման համար։ Ավելացնենք, որ այցելուների մեջ մեծ թիվ են կազմում դպրոցականները, որովհետեւ դպրոցների գեղարվեստի ուսուցիչների համար թանգարանում մշտապես կազմակերպվում են դասընթացներ։

Այս բավականին մեծ համբավ ունեցող թանգարանում առաջին անգամ կցուցադրվեն հայկական արվեստի նմուշներ։ «Էջմիածնի գանձերը» ցուցահանդեսի համար Մայր աթոռ Ս. Էջմիածնի Գանձարանից ընտրվել են 75 նմուշներ. խաչեր, բուրվառներ, ասեղնագործ աշխատանքներ, մանրանկարներ եւ եկեղեցական արարողությունների ժամանակ օգտագործվող այլ իրեր։

«Գանձարանի ցուցանմուշների պատկերները տեսել էի Բրազիլիայում, սակայն դրանց բնօրինակները տեսնելով էլ ավելի գնահատեցի դրանց գեղարվեստական արժեքը, տպավորությունս խորացավ ու ամբողջապես հասկացա դրանց կարեւորությունն ու նշանակությունը», մեր զրույցի ժամանակ ասաց պրն Առաուջոն։

Մեր զրույցին մասնակցում էր պրն Մոստիչյանը, որը նաեւ թարգմանչի դեր էր կատարում, քանի որ պրն Առաուջոն խոսում էր պորտուգալերեն։

«Հարավային Ամերիկայում հայ արվեստն այս մակարդակով դեռ չի ցուցադրվել։ Վստահ եմ, որ ցուցահանդեսի օրերին Սան Պաուլո կժամանեն Ուրուգվայի, Կորդովայի գաղթօջախների հայերը, որովհետեւ այդպիսի մեծ ցուցադրություն նրանց ով գիտի, թե երբ բախտ կվիճակվի տեսնել», իր հերթին ասաց պրն Մոստիչյանը։

Ցուցահանդեսի ընթացքում ամեն չորեքշաբթի դասախոսություններ կլսվեն հայկական մշակույթի, գաղթօջախների ու հայոց պատմության մասին։ Դասախոսություններով հանդես կգան Սան Պաուլոյի համալսարանի հայագիտության բաժնի դասախոս Սոսի Ամիրալյանը, Հայկանուշ Սարյանը, ինչպես նաեւ հայաստանցի արվեստաբան Շահեն Խաչատրյանը, որն այցելուներին կպատմի 19-րդ եւ 20-րդ դարերի հայ նկարիչների մասին։ Ցուցասրահում շարունակաբար կհնչի հայկական հոգեւոր երաժշտություն, կկազմակերպվեն հանդիպումներ, մամուլի ասուլիսներՙ հայ մշակույթը տեղի հասարակությանը հնարավորինս ճանաչելի դարձնելու նպատակով։

Հենց այդ մեծ տպաքանակով, պորտուգալերեն եւ անգլերեն լեզուներով կհրատարակվի «Էջմիածնի գանձեր» կատալոգը, որը կտարածվի պետական գրադարաններում, կվաճառվի գրախանութներում։ Կատալոգի նյութերը գրել է արվեստաբան Շահեն Խաչատրյանըՙ մանրամասն բացատրելով հայ քրիստոնեական արվեստի առանձնահատկությունները։

Մարսելո Առաուջոն առաջին անգամ է Հայաստանում, ստացել է Ամենայն հայոց հայրապետի օրհնությունը, այցելել է Ս. Էջմիածնի Գանձատուն, Ազգային պատկերասրահ, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան եւ այլ վայրեր։

«Մարտիրոս Սարյանի արվեստն ինձ համար ուղղակի անակնկալ էր, չէի սպասում, որ այստեղ արվեստի այդպիսի սքանչելի գործեր կտեսնեմ։ Չափազանց տպավորիչ էր։ Այնքան ոգեւորված եմ, որ մտածում եմ պայմանավորվածություն ձեռք բերել մոտ ապագայում նոր ցուցահանդեսներ կազմակերպելու համար։ Անչափ հաճելի էր հայոց հնագույն արվեստը ճանաչելը, անպայման հիացմունքս կհայտնեմ բրազիլացի ժողովրդին», ասաց պրն Առաուջոն։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4