«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2004-04-17 | #70, 2004-04-20 | #71, 2004-04-21


ՄՐՑԱՎԱՐՆԵՐԸ ՊԱՏԺՎԵԼ ԵՆ

Ինչպես տեղեկացանք ՀՖՖ մամուլի ծառայությունից, ՀՖՖ մրցավարական բաժինը եւ ՀՖՖ մրցավարական կոմիտենՙ ՀՖՖ նախագահ Ռ. Հայրապետյանի հանձնարարությամբ, քննարկել են ս.թ. ապրիլի 8-ին ՀՀ ֆուտբոլի ազգային առաջնության բարձրագույն խմբի «Լեռնագործ-Արարատ»-«Փյունիկ» հանդիպման ժամանակ ՖԻՖԱ-ի մրցավար Արարատ Ճաղարյանի վարքագիծը, որը հանդիսականներիՙ իր հասցեին հնչած հայհոյանքներին պատասխանել է հայհոյանքներով, ինչին արձագանքել են նաեւ «Հայկական ժամանակ» եւ «Ֆուտբոլ ռեւյու» թերթերը։ Մրցավարական կոմիտեն քննարկել է նաեւ մրցավարի օգնական Գեղամ Վարդանյանի վարքագիծը, որը նույն խաղի ժամանակ թույլ է տվել մրցավարին ոչ վայել արարքՙ թքելով դեպի իրեն հայհոյող հանդիսականները։

Մրցավարական կոմիտեի որոշմամբ Արարատ Ճաղարյանը եւ Գեղամ Վարդանյանը զրկվել են մրցավարությունից 4 մրցափուլով։ Միաժամանակ առաջարկվել է դիմել ՀՀ ոստիկանությանըՙ համապատասխան միջոցառումներ ձեռնարկել մարզադաշտերում կարգ ու կանոնի ապահովման ուղղությամբ, ինչպես նաեւ ՀՖՖ կարգապահական կոմիտեին առաջարկվել է քննարկել վերոհիշյալ «Լեռնագործ- Արարատ»-«Փյունիկ» հանդիպման ժամանակ դաշտի տեր հանդիսացող «Լեռնագործ-Արարատ» թիմի ղեկավարության հարցըՙ մարզադաշտում պատշաճ կարգ ու կանոն չապահովելու համար։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4