Ինչպես տեղեկացանք ԱԻՎ լրատվական կենտրոնի օպերատիվ տեղեկագրից, ապրիլի 18-ին Շիրակի մարզի Այգաբաց գյուղում տասնյակ անասուններ են սատկել։ Ըստ նախնական տվյալների, պատճառը սիբիրախտն է։ Ձեռնարկվել են սատկած անասունները այրելու եւ թաղելու միջոցառումներ։ Ախուրյանի «Ճանշին» վարչությունից բերված ամբարձիչի միջոցով սատկած անասունները տեղափոխվել են գյուղի մեկ այլ հատված ու հատուկ փորված փոսում թաղվել։ Մարզի բոլոր անասունները պատվաստվել են հատուկ պատվաստանյութով։ Ապրիլի 19-ին Այգաբաց գյուղում սատկել է եւս 5 խոշոր եղջերավոր։ Վերջին տվյալների համաձայն, սատկել է 44 խոշոր եղջերավոր կենդանի։ Դեպքի վայրում է գտնվում ՀՀ գյուղնախարարության օպերատիվ խումբը։ Իրականացվել է մանրէաբանական հետազոտություն եւ հաստատվել, որ իսկապես անասունները վարակված են եղել սիբիրախտով։ Ըստ նախնական տվյալների, ապրիլի 15-ին գյուղում իրականացվել է կենդանիների պատվաստում սիբիրախտի դեմ։ Ենթադրվում է, որ պատվաստանյութը եղել է անորակ, որն էլ պատվաստումից 3 օր անց կենդանիների հիվանդանալու եւ սատկելու պատճառ է դարձել։