«Հայաստանի 98 ջրամբարներում ջրի ֆիլտրացիան այնքան բուռն է ընթանում, որ ջրի կորուստները հասնում են գրեթե 40 տոկոսի։ Դա նույնն է, ինչ որ դրանց 1/3-ը կառուցված չլիներ», ասում է ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի գեոէկոլոգիայի բաժնի վարիչ Ռուբեն Յադոյանը։ Նրա համահեղինակությամբ երկրաբանության ինստիտուտի գիտնականների խումբը ստեղծել է հույսիդ անվանված հանքապոլիմերային միացությունը, որը նախատեսված է ջրի ֆիլտրացիայի, երաշտի դեմ պայքարի, սողանքային տարածքների ամրացման համար։ Բարձր արդյունավետություն խոստացող քիչ ծախսատար այս նյութի մասին հրապարակումներ են եղել նաեւ «Ազգում»։ Սակայն հույսիդի արտադրության ու կիրառման վերաբերյալ շահագրգիռ ատյաններից ոչ մեկը որեւէ հետաքրքրություն չէր ցուցաբերում։
Օրերս գիտնականն «Ազգին» տեղեկացրեց, որ դրանով հետաքրքրվել է անձամբ ՀՀ նախագահը։ Նա հատուկ հանձնարարական է հղել գյուղնախարարությանն ու ԳԱԱ-ինՙ մշակելու եւ ներկայացնելու հույսիդի արտադրության ու կիրառման լայնածավալ ծրագիր։ Ասենք, որ հանքապոլիմերային միացությունն արդեն հաջողությամբ փորձարկվել է եւ ապացուցել իր արդյունավետությունը։ Հույսիդով հագեցած 10 սմ-անոց ավազի շերտը ջրամերժ է դառնումՙ այլեւս ոչ մի կաթիլ ջուր չթողնելով իրենից։ Մշակվել է նաեւ հույսիդի պարունակությամբ աղյուսների ստացման տեխնոլոգիան։
Հիդրոերկրաբանների համոզմամբ, Արարատյան դաշտավայրի, հատկապես Մասիսի տարածքի ճահճուտները ջրամբարներից ջրի անընդմեջ հոսքի հետեւանքով են առաջացել։ Այժմ Կոտայքի շրջանի Սեւաբերդի ջրամբարի վերականգնման աշխատանքներ են ընթանում։ Ըստ ծրագրի, ջրի ֆիլտրացիան կանխելու համար ջրամբարը պիտի լցվի 130 սմ հաստությամբ կավի շերտով, 30 հա տարածքով ջրամբարն ամրացնելու համար մոտ 400 խմ կավ է անհրաժեշտ։ Համապատասխանաբար նույն չափով պակասելու է նաեւ ջրամբարի մակերեսը, չհաշված նաեւ հսկայական ծախսերը, որ իրականացվում են։ Հաշվարկվել է, որ հույսիդի կիրառման դեպքում ե՛ւ ծախսերը մի քանի անգամ կնվազեն, ե՛ւ արդյունքն առավել նպաստավոր կլինի։
Եղանակի համամոլորակային տաքացման հետ ամենամյա հեղեղումների վտանգը միանգամայն իրական է դարձել նաեւ Հայաստանի համար։ Իսկ դրանք իրենց հերթին արթնացնում են սողանքները, որոնցով վարակված է Հայաստանի ողջ տարածքը։ Հույսիդի օգտագործումը սողանքների դեմ բազմիցս նախընտրելի եւ հրատապ միջոցառում կարող է լինել, եթե համեմատենք ճապոնական դրամաշնորհով այժմ Հայաստանում իրականացվող հակասողանքային ծրագրի հետ, որը միայն տեսական հետազոտություններ է նախատեսում։ Հուսանք, որ նախագահի միջամտությունն իսկապես կարող է գործնական աջակցություն լինել հույսիդի լայնածավալ արտադրության ու կիրառման համար։
Կ. Դ.