Նախագահը նշեց, որ Դալմայի այգիները ազգային էթնիկ պարկ դարձնելու գաղափարը հետաքրքրական է, քանի որ կանաչ գոտու հետ կպահպանվեն նաեւ այդ տարածքում եղած պատմամշակութային արժեքները։ Այնտեղ կան ուրարտական շրջանից մեզ հասած եւ դեռեւս չպեղված քարանձավներ։
Ըստ վիճակագրական ծառայության ամփոփման, այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով գրանցվել է 7,5 տոկոս տնտեսական աճ, բոլոր ճյուղերում առկա են դրական ցուցանիշներ, կա նաեւ արտահանման ու ներմուծման աճ։ Անցած տարվա համեմատ շինարարության բնագավառում գրանցվել է 10 տոկոս աճ, չնայած «Լինսի» ծրագրի ծավալներն այս տարի չեն եղել։ Նախագահի հավաստմամբ, երկու ամսից Երեւանում շինարարական աշխատանքները լայն թափ կառնեն ու այնպիսի ծավալների կհասնեն, որ գուցե դրսից շինարարներ հրավիրելու կարիք լինի։ Ամեն ինչ պիտի արվի կանաչ գոտիները վերականգնելու ու քաղաքը բարեկարգելու համար, որովհետեւ «Երեւանը մշակութային քաղաք է եղել, եւ այդպիսին պիտի լինի։ Այսօր քաղաքում մշակութային կյանք կա, որը նկատելի է նաեւ դրսից եկած մարդկանց»։