«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2004-04-20 | #71, 2004-04-21 | #72, 2004-04-22


ԹՈՐԴԱ ԷԲԲՈԹ ՈՒՈԹԸ ԾԱՂԻԿՆԵՐ ՉԻ ԴՆԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

«Կալիֆոռնիա կուրիերի» հրատարակիչ Հարութ Սասունյանը գրում է, որ ապրիլի 24-ին Մեծ Բրիտանիայի հայ համայնքը բողոքի ցույց է անցկացնելու Լոնդոնումՙ դատապարտելով Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Թորդա Էբբոթ Ուոթիՙ Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելու եւ հայ ժողովրդի հասցեին վիրավորական արտահայտությունները։

Մինչ աշխարհի տարբեր անկյուններից հայերը (եւ ոչ միայն հայերը) շարունակում են բողոքի նամակներ հղել բրիտանացի դեսպանին, վերջինս ապրիլի 17-ին էլեկտրոնային փոստով պատասխան է թողել. «Ներող եղեք, ես Հայաստանում չեմ։ Եթե ձեր նամակը հրատապ է, խնդրում եմ հասցեագրել Ռոյ Վիլսոնինՙ մեր դեսպանության ղեկավարի տեղակալին։ Հակառակ դեպքում, ես դրանք կկարդամ դեսպանություն վերադառնալուց հետոՙ մարտի 26-ին»։

Սասունյանը նկատում է, որ դեսպանն այնպես է խառնվել ու շփոթվել, որ ապրիլի 26-ի փոխարեն գրում է մարտի 26։ Էբբոթ Ուոթը, ակնհայտորեն, ցանկանում է խուսափել եւ չմիանալ Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, ովքեր ամեն տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում ծաղկեպսակներ են դնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ «Էբբոթ Ուոթը պետք է Լոնդոնում ընդմիշտ մնալու մասին լրջորեն խորհի, քան թե վերադառնա Հայաստան», գրում է Սասունյանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4