Իսրայելյան «Մաարիվ» օրաթերթը գրում է, որ հայ ժողովուրդը ենթարկվել է ցեղասպանության
Իսրայելի երեք առաջատար օրաթերթերից «Մաարիվը» ապրիլի 20-ի համարում «Հիշենք մյուսներին» վերնագրով հոդվածում (հեղինակՙ Յաակով Ահիմեյր) գրում է, որ ակնհայտորեն հայերը նույնպես ենթարկվել են ցեղասպանության։ «Հատկապես պատշաճ կլիներ, եթե հրեա ժողովրդի ներկայացուցիչներն արտահայտեն իրենց ցավն ու կարեկցանքը, չնայած Իսրայելի սերտ հարաբերություններին Թուրքիայի հետ, որը մեղադրվում է հանցագործության մեջ»։ Ստորեն հոդվածի թարգմանությունը որոշ կրճատումներով։
Այս շաբաթ օրը եւս մեկ ժողովուրդ հիշելու է իր ցեղասպանությունը։ Նրանցից (հայերից) ոմանք ապրում են այստեղՙ Երուսաղեմում եւ Գալիլեյում։ Հայերը սգալու են մեկ կամ մեկուկես միլիոն իրենց հայրենակիցների կործանումը, որը տեղի ունեցավ Առաջին աշխարհամարտի տարիներինՙ օսմանյան թուրքերի ձեռքերով։ Ազնիվ լինելու համար նշենք, որ որոշ պատմաբաններ պնդում են, թե ցեղասպանություն չի եղել։ Նրանք պնդում են, որ շատ հայեր մահացան աքսորի ճանապարհին։ Թուրքիայի դեսպանը մի անգամ ինձ ասաց. «Դա պատերազմի բնական հետեւանքն էր»։
Յուրաքանչյուր ոք, ով կարդում է Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» կամ շատ հոդվածներ, որոնք գրվել են դեպքերի ընթացքում կամ անմիջապես հետո, դժվար թե հավատա, որ ցեղասպանություն չի եղել։ Անգամ եթե չեն եղել համակենտրոնացման ճամբարներ, տեղի ունեցածը ցեղասպանություն է։ Չնայած Հայոց ցեղասպանությունը չի կարող համեմատվել հրեական հոլոքոստի հետ։
Հայերը նույնպես մեջբերում են Հիտլերին։ 1930-ական թթ. Հիտլերն արդարացնում էր հրեաների հանդեպ արյունարբու գաղափարախոսությունըՙ ասելով. «Ի վերջո, այսօր ո՞վ է խոսում հայերի բնաջնջման մասին»։
Սպանված հայերի հանդեպ կարեկցանքը բացարձակապես զգայացունց խնդիր է Իսրայելի կառավարության համար։ Մենք չենք ուզում զայրացնել թուրքերին։ Միջազգայնորեն ավելի քան 15 խորհրդարաններ ճանաչել են, որ տեղի ունեցածը ցեղասպանություն էր։ Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Իսրայելը Ֆրանսիա չէ։ Շիրակը կարող է բորբոքվել թուրքերի վրա, բայց Շարոնը չի կարող կարեկցանք հայտնել փոքր ժողովրդի ցեղասպանության համար, ում տառապանքները նման են մեր (հրեաների) տառապանքներին։
Հարցը հետեւյալն է. եթե ոչ կառավարությունը, ապա ո՞վ կարող է (հայերի) ցեղասպանության համար կարեկցանք արտահայտել։ Միգուցե Իսրայելի կրթության նախարարությունը կարողանա ցեղասպանության իրազեկումը դարձնել մատչելի։ Հավանաբար որոշ հրեա ուսանողներ միանան Երուսաեմի հայերին եւ ապրիլի 24-ին ծաղկեպսակ դնեն (զոհերի հիշատակին)։ Միգուցե եկող տարի, Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի առիթով հրեական հատուկ պատվիրակություն ուղեւորվի Երեւանՙ ասելու. «Որպես հրեաներ, մենք հասկանում ենք ձեր տառապանքները եւ կարեկցում»։