ՕՏՏԱՎԱ, 21 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Կանադայի խորհրդարանի հայ պատգամավոր Սարգիս Ասատուրյանը Հայոց ցեղասպանության M-380 բանաձեւի քվեարկության նախօրեին նամակ է հղել իր գործընկերներին։ Հիշեցնելով գործընկերներին, որ ինքը եւս ցեղասպանությունը վերապրածների ժառանգ է, Սարգիս Ասատուրյանը կոչ է անում Կանադայի Համայնքների պալատին ճանաչել 1915 թ. Հայոց ցեղասպանությունը եւ դատապարտել մարդկության դեմ իրականացված այս հանցագործությունը։ Խորհրդարանականը համոզմունք է հայտնում, որ դա կնպաստի ինչպես հայ, այնպես էլ թուրք ժողովուրդների հետ կանադացիների մերձեցմանը։
Պրն Ասատուրյանը նշում է, որ պատմական դեպքերի ճանաչումը 89 տարի անց ցույց կտա, որ Հայաստանն ու Թուրքիան հաշվի են նստում պատմական իրողությունների հետ եւ պատրաստ են համագործակցել։ «Ոչ թե մերժումն է բուժում, այլ ճանաչումն ու համագործակցությունը», ընդգծում է խորհրդարանականը եւ ավելացնում. «Ձգձգվող արդարությունը մերժված արդարություն է»։
Ինչ վերաբերում է այն փաստարկին, թե M-380 բանաձեւի ճանաչումը բացասական հետեւանքներ կունենա Կանադայի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա, ապա Սարգիս Ասատուրյանը դա համարում է բացարձակ անհեթեթությունՙ մատնանշելով Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի օրինակը։ Ասատուրյանը նաեւ հարկ է համարում հիշեցնել, որ Օնտարիոյի եւ Քվեբեկի խորհրդարաններն արդեն պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանության իրողությունը։
«Մարդկության դեմ ամենամեծ անմարդկային արարքըՙ ցեղասպանությունը, մարդկային ցեղի ամենասարսափելի ժառանգությունն է, եւ միայն այս զարհուրելի հանցագործությունը ճանաչելով եւ հիշելով մենք կարող ենք ավելի լավ ապագա կառուցել հայերի, թուրքերի եւ ընդհանրապես բոլորի համար», գրում է Սարգիս Ասատուրյանը։
Սարգիս Ասատուրյանը խնդրում է գործընկերներին գոնե ձեռնպահ մնալ, եթե պատրաստ չեն բանաձեւին կողմ քվեարկելու։