«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2004-04-20 | #71, 2004-04-21 | #72, 2004-04-22


ԱՐԱՄ Զ. ՍԱՐԳՍՅԱՆ. «ՆԱԽԱԳԱՀԸ (ԺՈՂՈՎՐԴԻ) ՃՆՇՄԱՆ ՏԱԿ ԿԱՐՈՂ Է ԻՆՔԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼ»

Ռուսական ազդեցիկ «Իզվեստիա» օրաթերթը երեկվա համարում ընդարձակ հրապարակմամբ անդրադարձել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին։ Ներկա գտնվելով ընդդիմության ապրիլի 16-ի «անձրեւային» հանրահավաքին, որին «ներկա էր մոտ 4 հազար մարդ», լրագրող Եկատերինա Գրիգորեւան նկատել է հանրահավաքում բարձրացված Եվրամիության դրոշըՙ իբր տեսե՛ք, ով է մեզ աջակցում։

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդներից Արամ Զ. Սարգսյանը նկատել է. «Խորհրդարանում պետք է լինի (նախագահի) իմփիչմենթը, իսկ նրանք (պատգամավորները) կարող են այդ գործընթացն սկսել ժողովրդի ճնշման տակ։ Կամ հնարավոր է մեկ այլ տարբերակ. նախագահը ժողովրդի ճնշման տակ կարող է ինքը հրաժարական տալ։ Բայց դրա համար անհրաժեշտ է կրիտիկական զանգված։ Եվ այժմ այդ կրիտիկական զանգվածը թափ է հավաքում»։

Ուշագրավ է Սարգսյանի մեկ այլ բնորոշում. «Քոչարյանի արյան շրջանառությունն անցնում է նրա աթոռով։ Նա ամեն ինչ անելու է, որպեսզի պահի այդ աթոռը, որովհետեւ նա մտածում է, որ եթե չլինի նախագահ, ապա դատարանի առաջ կանգնելու է «27»-ի եւ շատ այլ գործերով։ Այժմ մենք նրան հնարավորություն ենք տալիս եւ ասում. ինքնակամ հեռացիր, այդ դեպքում քեզ ոչ ոք չի հետապնդի»։

«Իզվեստիան» նկատում է, որ Հայաստանի ընդդիմությունը բոլոր մանրամասներով կրկնում է վրացական սցենարը։ «Առաջնորդների եռյակը (Ստեփան Դեմիրճյան, Արտաշես Գեղամյան, Արամ Զ. Սարգսյան) գործող նախագահին մեղադրում է անարդար ընտրությունների, երկիրը ղեկավարելու անկարողության մեջ։ Բայց հայկական եռյակը բացարձակապես նման չէ վրացականին։ Չկա միասնական առաջնորդ, չկա ծրագիր, չկա ըմբռնում, թե ինչ է լինելու հետո, վերջապեսՙ չկա վառ անհատականությունը։ Ընդդիմության երեք առաջնորդներն ունեն իրենց կուսակցությունները, բայց միակ գաղափարախոսությունը, որի շուրջ նրանք միավորվում ենՙ Քոչարյանի անհապաղ հրաժարականն է», գրում է «Իզվեստիան»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4