Քաղաքական բառապաշարը հարստանում է վտանգավոր կապակցություններով
Ընդդիմության հանրահավաքները (իրենց իսկ ձեւակերպումովՙ հանդիպումներն ընտրողների հետ) ուղեկցվում են ուղղակիորեն Ղարաբաղի հասցեին հնչող վիրավորական հայտարարություններով։ Հայաստանում տարվում է Ղարաբաղի գաղափարը վարկաբեկելու հետեւողական քաղաքականություն։ Դա արվում է կամա թե ակամա, կարեւոր չէ, փաստն այն է, որ ժողովրդի շրջանում, հասարակության մեջ արմատավորվում է Արցախի հայ ժողովրդի նկատմամբ թշնամանք։
Այս միտումը նորություն չէ, բայց նոր, վտանգավոր ծավալներ է ընդունում։ Դեռ 1998 թ. ԱԺՄ առաջնորդներն Ազատության հրապարակի հանրահավաքներում ակնարկում էին, որ քանի դեռ Հայաստանում իշխանության մաս են կազմում արմատներով ղարաբաղցի հայերը, մեր երկրում ժողովրդավարություն չի հաստատվի։
Մինչ այդ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, մեզ հայտնի ուժերի ճնշման տակ ներկայացնելով իր հրաժարականը, իշխանության եկողներին պիտակեց «պատերազմի կուսակցություն» արտահայտությամբ, ինչը, բնականաբար, միջազգային հանրությունն ընկալեց ոչ միանշանակ։ Ցավոք, նման արտահայտությունը հնչեց պետության առաջին դեմքի շուրթերից, որը, ինչպես եւ նրա ընկերները, իշխանության էին եկել ղարաբաղյան շարժման ալիքի վրա եւ պարտական էին հենց Ղարաբաղին։
Վերջին տարիներին ՀՀՇ վարչության անդամ Դավիթ Շահնազարյանի ջանքերով նաեւ հայ քաղաքական մտքի բառապաշար ներմուծվեց «ղարաբաղյան կլան» անթույլատրելի արտահայտությունը։ Այսօրվա հանրահավաքներում այդ բառակապակցությունը դարձել է ժամանակին ՀՀՇ-ին հայհոյող Արտաշես Գեղամյանի, Վիկտոր Դալլաքյանի, Շավարշ Քոչարյանի, մյուսների ելույթների կարեւորագույն մասը։
Այսօրվա ընդդիմությունը բազմաշերտ է։ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը պահանջողների շարքերը գունեղ ենՙ կոմունիստներ, հհշականներ, ԱԺՄ-ն եւ վերջինիս բեկորները, նախկին հանրապետականներ, ղարաբաղյան հերոսամարտն անցած երկրապահներ։ Ուշադրություն դարձրեք, որ «ղարաբաղյան կլան» արտահայտությունը երբեք չեն օգտագործում հանրահավաքներում ելույթ ունեցող ազատամարտիկները։ Հակառակըՙ դա օգտագործում են այն հռետորները, ովքեր ղարաբաղյան պատերազմի տարիներին հաջողությամբ բիզնես էին իրականացնումՙ թքած ունենալով «թերասնված» ժողովրդի, արյուն թափող ազատամարտիկների կարծիքների վրա։
«Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը երեկ օրաթերթերից մեկում, կամա թե ակամա, կրկին կարեւոր չէ, քաղաքական բառապաշարը հարստացրեց եւս մեկ անընդունելի արտահայտությամբՙ նախագահ Քոչարյանի հասցեին. «Միեւնույն է, վաղ թե ուշ կհայտնվի մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարանում, բայցՙ ոչ թե վկայի, այլՙ մեղադրյալի կարգավիճակում»։
Ակնարկն ապրիլի 13-ի բռնություններին է վերաբերում։ Միգուցե իշխանական գահ տենչացող Գեղամյանը ժամանակի ընթացքում Քոչարյանին Հաագայի պատերազմի հանցագործների դատարանում մեղադրյալի կարգավիճակում տեսնելու ցանկությունը, առավել եւսՙ անհրաժեշտությունը պնդի։
Թերեւս պատահական չէ նաեւ, որ հայաստանյան մամուլի որոշ օրգաններ ադրբեջանական ԶԼՄ-ներից հաճույքով արտատպում են այն հոդվածները, որոնցում խոսվում է նախագահ Քոչարյանին եւ ղարաբաղյան պատերազմի այլ կարեւորագույն դեմքերին Հաագայի պատերազմի հանցագործների դատարան տալու ցանկությունների հեռանկարների մասին։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ