«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2004-04-20 | #71, 2004-04-21 | #72, 2004-04-22


«ՄԻ ՏՐԱՄԱԴՐՎԵՔ ՀԵՇՏ ՀԱՂԹԱՆԱԿԻ, ՄԵՐ ՊԱՅՔԱՐԸ ԵՐԿԱՐ Է ՏԵՎԵԼՈՒ»

Ընդդիմությունը այսպես դիմեց ժողովրդին

Արդեն 1 ամիս հրապարակային միջոցառումները մեր կենցաղի անբաժանելի մասն են կազմում։ Ձեռնպահ մնալով երեկվա հանրահավաքի մասնակիցների քանակի որեւէ թիվ նշելուց, ինչն այնքան կարեւորում են ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը, ասենք, որ բազմությունը տարածվում էր մինչեւ օպերայի զբոսայգու եզրերին տեղավորված սրճարանները։ Այս անգամ, սակայն, մարդկանց շարքերն անհամեմատ նոսր էին, քան ապրիլի 12-ին։

Զարմանալի է, բայց իրողություն, որ ապրիլի 13-ի գիշերային իրադարձություններից հետո լարվածությունը կարծես բոլորովին թուլացել է։ Հակառակը, պրկված նյարդերը տեղի են տվել ոգեւորության։ Կողմնակի դիտողի հայացքով, նույնիսկ բավական ուրախ հանրահավաք էր։ Սոցիալական կարիքներից զատ նաեւ սուր զգացողությունների կարոտ ժողովուրդը խանդավառությամբ արձագանքում էր հռետորներին։ Նորություն էր նաեւ այն, որ իշխանափոխություն պահանջող, բավական կտրուկ բնորոշումներով պաստառների փոխարեն մասնակիցների ձեռքերին դրոշներ կային ու ձերբակալված ակտիվիստների լուսանկարները։

Կարելի է ասել, որ իշխանություն-ընդդիմություն երկխոսությունն այսօր իրականացվում է հեռակա կարգով, իշխանությունըՙ օգտագործելով հեռուստատեսային լսարանը, ընդդիմությունըՙ հանրահավաքները։ Հարց ու պատասխաններն այդտեղ են տրվումՙ համեմվելով միմյամց հասցեին վարկաբեկումներով ու դատափետումներով։ Երեկվա հանրահավաքի քննարկվելիք հիմնական նյութն էլ օր առաջ ՀՀ նախագահի հեռուստատեսային ելույթն էր։ «Այս կռիվը ժողովրդի կռիվն է, եւ ապրիլի 13-ը չի ներվելու», այսպես հակադարձեց Ստեփան Դեմիրճյանը ՀՀ նախագահի այն մեկնաբանությանը, թե «ժողովուրդը չի հասկանում, որ այս կռիվը իր կռիվը չէ»։ Մեղադրանքների մեծ բաժին ստացավ նախորդ օրը Հ1-ով ելույթ ունեցած Լեւոն Չախմախչյանը, որը, հասնելով ծայրահեղության, ընդդիմության կռիվը թալիբների կռվի հետ համեմատեց։ Իրենց բաժինն ստացան նաեւ ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ու տրանսպորտի ու կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը։ Առաջինը, որ հեռուստատեսությամբ թերհավատություն էր արտահայտել միտինգավորների թվի վերաբերյալ, երկրորդըՙ որովհետեւ կարծիք էր հայտնել, թե միտինգավորները փողով են գալիս հանրահավաքի։

Բաղրամյան փողոցում կատարվածը Ռաֆայել Ղազարյանը եւ Ստեփան Զաքարյանը որակեցին իբրեւ մի նոր «rgkmwj» օպերացիա, որի հեղինակները ոչ թե հայ, այլ բոլորովին այլ «մենթալիտետի մարդիկ են»։ Ելույթներ ունեցան ընդդիմության բոլոր լիդերները։ Սովորականի հակառակ բավական կտրուկ էր Վազգեն Մանուկյանի խոսքը։ Դարձյալ անդրադառնալով ՀՀ նախագահի ելույթին, նա ասաց. «Վերջապես մեր պապան խոսեց, թե մեզ պիտի պատժի։ Մենք մեր գլխի վերեւ պապաներ չենք ուզում, ավելի լավ էՙ թողնի, գնա, որբ մնանք»։ Վերջում ընդդիմության ներկա պահի պահանջներն արտահայտեց Վիկտոր Դալլաքյանը, ա) ազատ արձակել քաղբանտարկյալներին, բ) դադարեցնել քաղաքական հետապնդումները, գ) պատասխանատվության ենթարկել ժողովրդի դեմ ահաբեկչություն իրականացրած ոստիկաններին։ Ընդդիմությունը նաեւ պահանջում է պաշտոնանկ անել հանրապետության գլխավոր դատախազին, երկրորդՙ պահանջում է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հրաժարականը, որովհետեւ նա «Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի պետն էր եւ հաջողությամբ իրականացրեց բոլոր ընտրախախտումները»։ Եվ հաջորդըՙ երկխոսության հիմք կարող է դառնալ Սահմանադրական դատարանի հանրահայտ որոշման կատարումը միայն, «երկխոսության թեման էլ լինելու է Քոչարյանի հեռացումը»։ Ի դեպ, իշխանություն-ընդդիմություն երկխոսության հնարավորության հավանականությունը դիպուկ արտահայտեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանը. «Մենք ուզում ենք բանավիճել ոչ թե Քոչարյանի հետ, այլ Քոչարյանի մասին»։

Միջոցառումը, իհարկե, անմասն չէր նաեւ ծայրահեղ բնորոշումներից։ Այսպես, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը իշխանության ապրիլի 13-ի գործողությունները համեմատեց, ոչ ավել, ոչ պակաս, Բուդապեշտում հայ սպայի սպանության հետ։ Նրա գնահատմամբ, իշխանությունը կեսգիշերին հանրահավաքի կիսարթուն մարդկանց վրա նույնպես կացին օգտագործեց։ Ելույթների բովանդակության մեջ բազմիցս շեշտվում էր այն գաղափարը, թե իշխանությունները բարոյազրկել, այլասերել են ոստիկաններին, քանի որ նրանք ապրիլի 13-ի օրը ձեռք բարձրացրին սեփական ժողովրդի վրա եւ այսօր էլ շարունակում են ներխուժել տներն ու ձերբակալություններ կատարել։

Հանրահավաքն ավարտվեց երթով։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4