Առավել եւս հայաստանյան ընդդիմությանը ԱՄՆ-ի աջակցությունը
Որքան էլ ընդդիմությունը փորձի սեփականացնել իշխանափոխության նախաձեռնությունը Հայաստանում կամ ընդդիմության ներկայացուցիչներից Շավարշ Քոչարյանը Եվրամիության դրոշի ներքո հանրահավաքի մասնակիցներին խաբի, թե «դրսից ոչ ոք չի գա եւ կարգ ու կանոն հաստատի Հայաստանում», նրանց թիկունքում առկա է միջազգային ուժերի ներկայությունըՙ համագործակցության առկայությամբ հանդերձ։
Թեեւ այս համագործակցությունը միանգամայն ավելորդ է դարձնում, որ դրսից գան, այնուամենայնիվ, գալիս են եւ գալուց այնպիսի հոդվածներ են հրապարակում, որ հայաստանյան ընդդիմությանը, բացի ԱՄՆ-ից եւ Եվրամիությունից, աջակցի նաեւ Թուրքիայի հետ Ադրբեջանը։ Խոսքն ԱՄՆ պետքարտուղարության առաջադրանքը կատարող Դեյվիդ Ֆիլիպսի եւ նրաՙ պաշտոնական Վաշինգտոնի տեսակետներն արտահայտող «Ուոլ սթրիթ ջոռնլ» թերթի ապրիլի 14-ի համարում հրապարակված հոդվածի մասին է։
«Ազգն» ապրիլի 16-ին անդրադարձել էր Ֆիլիպսի հոդվածինՙ ընդգծելով, որ «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» ակունքներում կանգնած այս անձնավորությունը ռուսատյաց է եւ ընդգծված թուրքամետ։ Ծանոթանալով Ֆիլիպսի հոդվածին, առանց տատանվելու կարելի է ասել, որ նրա ընդգծված թուրքամետությունը հանգեցրել է շեշտված հայատյացության, եւ նրա հոդվածում վարձու գրչակի հատկանիշները միանգամայն համադրվել են Թուրքիայի ազդեցության գործակալի հատկանիշների հետ։
Ամերիկյան իրականության մեջ Ֆիլիպսը նոր երեւույթ չէ, Հայաստանին թուրք-ադրբեջանական շահերի պարտադրման Վաշինգտոնի նկրտումներըՙ նմանապես։ Պարզապես նորը ԱՄՆ-ի սցենարով իրականացված «վարդյա հեղափոխությունը» Հայաստանում կիրառելու համար կեղծիքների դիմելու եւ դրանց քողարկման հրամայականով հանրահայտ փաստերն աղավաղելու Ֆիլիպսի մոտեցումներն են։ Ըստ երեւույթին, ԱՄՆ-ի պետքարտուղարությունը Ֆիլիպսին հրահանգել է Հայաստանում իշխանափոխությանը նպաստել եւ նպաստելու համար վարկաբեկել նախագահ Քոչարյանին, իսկ վարկաբեկելիս դրական ազդանշաններ հաղորդել ինչպես Թուրքիային, այնպես էլ Ադրբեջանին։
Ի՞նչ առումով։ Այն, որ Ֆիլիպսն իշխանափոխությանը նպաստելու համար Հայաստանի բոլոր դժվարությունները կամայականորեն վերագրում է Ռոբերտ Քոչարյանին, թերեւս դրանով փորձում է նրա դեմ ակտիվ գործողությունների հրահրել հայ ժողովրդին։ Այդ դժվարությունների մեջ նա առանձնացնում է արտագաղթը, Հայաստանի վերածումը մաֆիական պետության, Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունը պայմանավորում է ղարաբաղյան հակամարտությամբ եւ դա համարում է երկրի աղքատության ու այսպես կոչված մեկուսացվածության գլխավոր պատճառը։
Սրանք այն դժվարություններն են, որոնք սկզբնավորվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք։ Այլ կերպՙ Ռոբերտ Քոչարյանը Տեր-Պետրոսյանից չափազանց ծանր ժառանգություն է ստացել։ Համենայն դեպս, առաջադրանքի մղումով Ֆիլիպսը գտնում է, որ «վարդյա հեղափոխությունը» հայերին իբր ոգեւորել է, եւ նրանք իշխանափոխություն են պահանջում, նրանցից շատերի հակակրանքը կոռումպացված Քոչարյանի իշխանությունների նկատմամբ վերաճել է զայրույթի, «Հոկտեմբերի 27»-ի գործի հետաքննությունը հիասթափեցրել է բնակչությանը եւ երկրում առաջ է բերել մարդասպանների հետ գործարքի մեջ մտնելու Քոչարյանին հասցեագրված մեղադրանքը, Ստեփան Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանի եղբայր Արամն ընտրություններում ձգտել են վերականգնել արդարությունը, բայցՙ ապարդյուն։
Ավելինՙ ըստ Ֆիլիպսի, նախագահ Քոչարյանը Հայաստանը գիտակցաբար հակամարտության մեջ է պահում, որ իր քաղաքական նպատակների համար հաջողությամբ օգտագործի երկրի անվտանգության խնդիրներն ու բնակչության վախը։ Այնուհետեւ Ֆիլիպսն իբրեւ վարկաբեկման միջոց ընդգծում է, որ Քոչարյանը ղարաբաղցի է ու դրանով է պայմանավորում ե՛ւ Ղարաբաղի հիմնահարցի չկարգավորվածությունը ե՛ւ Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունը։ Նա միաժամանակ չի մոռանում Հայաստանի կոալիցիոն կառավարության կազմում Հայ հեղափոխական դաշնակցության ընդգրկման մասին եւ կարծիք է հայտնում, որ «ծայրահեղական» այս կուսակցությունը մերժում է Թուրքիայի հետ ամեն տեսակի շփումները, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, փոխհատուցում չի վճարել եւ հայերին չի վերադարձրել մեծ Հայաստանի տարածքները։
Հոդվածում Ֆիլիպսի արտահայտած բոլոր տեսակետները բազմիցս արտահայտվել են ինչպես թուրքական եւ ադրբեջանական մամուլի, այնպես էլ Թուրքիայում գործող ռազմավարական հետազոտությունների կենտրոնների հրապարակումներում։ Այսինքնՙ նա որեւէ նորություն չի հայտնում, պարզապես Հայաստանում իշխանափոխության Վաշինգտոնի նկրտումներին ընդառաջելիս միաժամանակ տուրք է տալիս Թուրքիայի եւ Ադրբեջանի նկրտումներին։
Սա նշանակում է, որ ընդդիմությունն էլ փոխադարձաբար նախագահ Քոչարյանի անձով Ղարաբաղի գաղափարը վարկաբեկելու, ղարաբաղյան հիմնահարցումՙ Ադրբեջանին, իսկ հայ-թուրքական հարաբերությունների հարցումՙ Թուրքիային Հայաստանի զիջումների պատրաստակամությամբ պետք է աջակցի ԱՄՆ-ին։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ