«Արժանապատիվ ապագա» ՀԿ-ի աշխատանքով նաեւ
Բարոյականությունն ու երկրի հանդեպ պարտավորվածության զգացումը հիմք են դարձել մի խումբ նախաձեռնողների համար, որոնց թվում եւ Արմեն Դարբինյանի ու Էդվարդ Սանդոյանի, «Արժանապատիվ ապագա» հասարակական կազմակերպությունը հիմնելու։ Նախաձեռնողները կազմակերպության գոյության անհրաժեշտությունը բացատրում են հասարակական գաղափարական բռունցքի ձեւավորմամբ, որը չպետք է հանդուրժի երկրում գործող ընտրական արատավոր համակարգը։ Նպատակն է հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրական համակարգի ստեղծումը, միջոցըՙ հասարակական կարծիքի վրա ներազդելը նաեւ լրատվամիջոցների աջակցությամբ։ Այս մասին տեղեկացրեց կազմակերպության երեկ կայացած հիմնադիր ժողովում միաձայն քվեարկությամբ նախագահ ընտրված Արմեն Դարբինյանը։ Վերջինս նաեւ հավաստեց, որ իր իսկ ղեկավարած կուսակցության անվանակից կազմակերպությունը հասարակական է եւ ունի ժամանակավոր բնույթ, քանի որ «Արժանապատիվ ապագա» ՀԿ-ի նպատակը ժողովրդավարական միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող ընտրությունների ապահովումն է։ Նպատակին հասնելուց հետո, Դարբինյանի հավաստմամբ ու ժողովի հաստատած հայտարարության համաձայն, «Արժանապատիվ ապագա» հասարակական շարժում կազմակերպությունը կենթարկվի ինքնալուծարման։
Թե՛ ՀԿ-ի նախագահի եւ թե՛ հիմնադիր ժողովի 60 մասնակիցների համոզմամբ, իրենց առջեւ դրված խնդիրը կարող է պահանջել անգամ տասնամյակների աշխատանք։ Բայց կազմակերպության անդամները հաստատակամ են գործունեություն ծավալելու խնդրում եւ, Դարբինյանի հավաստմամբ, աշխատելու են հասարակական կարծիքի վրա ներազդելՙ ներառելով հանրապետության ողջ տարածքը։ Թե «ինչով է զբաղվելու կազմակերպությունը, հասկանալի է դառնում հենց անվանումից։ Սակայն արժանապատիվ ապագային ինչպե՞ս ենք հասնելու» հարցին տրվեց ոչ հստակ պատասխան, եւ Դարբինյանի վստահեցումը, թե արդեն երկրում գոյություն ունեցող հազարից ավելի հասարակական կազմակերպություններից նորաստեղծ «Արժանապատիվ ապագա» ՀԿ-ն տարբերվելու է իր գործունեությամբ եւ անարդարության ու կեղծիքների դեմ երբեւէ չլռելու հաստատակամությամբ։ Թերեւս որպես ասվածի ապացույց եւս մեկ անգամ փաստվեց այն ենթադրությունը, որ «Արժանապատիվ ապագա» կուսակցությունը ընտրություններին մասնակցելու եւ հաղթելու դեպքում պարզապես կհրաժարվեր ներկայիս խորհրդարանում աշխատելուց։ Իսկ «Արժանապատիվ ապագա» ՀԿ-ն կուսակցական խնդիրներ չի դնում իր առջեւ. անդամակցել կարող են ՀՀ բոլոր այն քաղաքացիները, ովքեր անհանդուրժող վերաբերմունք ունեն ընտրական արատավոր համակարգի հանդեպ, անկախ կուսակցական պատկանելությունից։
Արմեն Դարբինյանի հավաստմամբ, կազմակերպությունը պատրաստ է համագործակցության նաեւ միջազգային կազմակերպությունների հետ, սակայն միմիայն գործընկերոջ դիրքից եւ անկախ դրսի ֆինանսավորումից, քանզի գտնում է, որ կազմակերպության առջեւ դրված խնդիրը «մեր ժողովրդի, մեր պետության ներքին խնդիրն է եւ պետք է լուծվի ժողովրդի կողմից»։ Հենց ժողովուրդն էլ կազմակերպության հիմնական եւ առաջին գործընկերը պետք է լինի, քանի որ այսօր, ըստ Դարբինյանի, ազգովին վստահության մթնոլորտի ստեղծման խնդիր ունենք։
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ