ԲԱՔՈՒ, 21 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ինչպես արդեն հաղորդել է «525» թերթը, ապրիլի 8-ին Հայաստանի բնակիչներ Ռոման Տարյանը եւ Արթուր Ապրեսյանը անլեգալ անցել էին Ադրբեջանի սահմանը եւ ժամանել Բաքու։ Նրանք իրենց քայլը բացատրել են Հայաստանի սոցիալ-տնտեսական իրադրության ծանրությամբ եւ պատերազմի վերսկսման վտանգով եւ ցանկություն հայտնել երրորդ երկիր մեկնել։ Սակայն ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն հանձնակատարի ներկայացուցչությունը մերժել է նրանց փախստականի կարգավիճակ տալՙ վկայակոչելով, որ ե՛ւ Տարյանը, ե՛ւ Ապրեսյանը ծնվել են Բաքվում, եւ դրանով իսկ փաստորեն ստիպել նրանց մնալ Ադրբեջանի մայրաքաղաքում։ Ղարաբաղի ազատագրության կազմակերպության նախագահ Ակիֆ Նագին այդ առնչությամբ հայտարարել է, որ հայերը, որոնք անհայտ ուղիներով հասել են Ադրբեջան, պետք է անհապաղ արտաքսվեն երկրից. «Հայտնի է, որ նրանք փախել են Քոչարյանի ռեժիմից։ Հաշվի առնելով դա եւ ընդհանուր իրավիճակը, ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն հանձնակատարի Ադրբեջանի ներկայացուցչությունը պետք է նրանց երկուսին էլ երրորդ երկիր ուղարկեր։ Դրա փոխարեն ներկայացուցչությունը ցուցադրեց անհասկանալի դիրքորոշում։ Մեր սպայիՙ Ռամիլ Ուսուբովի կողմից Բուդապեշտում հայ զինծառայողի սպանությունը այս տարվա փետրվարին եւս մի անգամ ցույց է տալիս Բաքվում հայերի եւ հայկական արյան խառնուրդով անձանց ապրելու անհնարինությունը»։ Հելսինկյան քաղաքացիական վեհաժողովի Ադրբեջանի ազգային կոմիտեի նախագահ Արզու Աբդուլլաեւան հայտարարել է, որ յուրաքանչյուր ոք, որ մեկնել է Ադրբեջանից հայտնի իրադարձությունների ժամանակ, իրավունք ունի վերադառնալու երկիր ապրելու, որի քաղաքացի է ինքը, «սակայն առկա իրողությունները դա բացառում են»։ Ինչ վերաբերում է Տարյանին եւ Ապրեսյանին փախստականի կարգավիճակ տալու հարցին, ապա, ըստ Ա. Աբդուլլաեւայի, ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն հանձնակատարի ներկայացուցչությունը գործել է համաձայն ՄԱԿ-ի կանոնների. «Այդ պահանջների համաձայն, երկու հայերը, որոնք անլեգալ մտել են Ադրբեջան, ծնվել են եւ մինչեւ հայտնի իրադարձությունները ապրել Բաքվում, այնպես որ նրանք եկել են հայրենիք։ Սակայն նրանց Ադրբեջանում գտնվելը չափազանց ռիսկային է, եւ այդ պատճառով միջազգային կազմակերպությունը պարտավոր է նրանց երրորդ երկիր ուղարկել»։