ԲԱՔՈՒ, 21 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Թեհրանում երեկ բախումներ են տեղի ունեցել տեղի հայերի եւ Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժման ակտիվիստների միջեւ։ Ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, ընդհարումների պատճառ են դարձել ադրբեջանցիների փորձերըՙ խանգարելու հայերին ապրիլի 24-ին Թեհրանում թուրքական դեսպանատան դիմաց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով հանրահավաք կազմակերպել։ Աղբյուրի համաձայն, ստանալով հանրահավաք կազմակերպելու տեղի իշխանությունների թույլտվությունը, հայ համայնքի ներկայացուցիչները սկսել են քաղաքի կենտրոնում ազդագրեր փակցնել միջոցառմանը մասնակցելու կոչով։ Մինչդեռ Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժման ակտիվիստները սկսել են պոկել դրանք, ինչը եւ հանգեցրել է բախումների։ Թեհրանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները հանդես են եկել ի պաշտպանություն հայերի, ուժ գործադրելով ադրբեջանցի իրավախախտների դեմ։