Նշեց էներգետիկայի նախարարը
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Իրան-Հայաստան գազամուղի շինարարության բանակցությունների փուլն ավարտվել է։ Ներկայումս ճշտվում է Իրանի նավթի եւ գազի նախարարի Հայաստան այցի օրը, որի ժամանակ էլ կստորագրվի գազամուղի շինարարության հիմնական պայմանագիրը։ Այս մասին երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, նշելով, որ գազամուղի շինարարությունը կավարտվի 1 տարի 8 ամսում։ Գազամուղի հայկական հատվածի (40 կմ երկարությամբ Քաջարանից մինչեւ Իրանի սահմանը) կառուցման համար անհրաժեշտ կլինի 90-100 մլն դոլար։ Այդ միջոցների մի մասը կլինի մասնավոր ներդրումների, մյուս մասըՙ վարկային ծրագրերի միջոցով։ «Ազգի» այն հարցին, թե արդյոք գազամուղի կառուցման դեպքում չե՞ն ուժեղանա ատոմակայանի փակման պահանջով Հայաստանի նկատմամբ միջազգային ճնշումները, էներգետիկայի նախարարը պատասխանեց, որ դա չի կարող առիթ հանդիսանալ ճնշումների համար, որովհետեւ գազամուղը ոչ թե նոր կայան է կամ նոր հզորություն, այլ գազի ստացման մեկ այլ ուղի։ Իսկ ատոմակայանը կփակվի միայն այն դեպքում, երբ կստեղծվեն փոխարինող հզորությունները։ Մեր մյուսՙ նոր ատոմակայան կառուցելու հնարավորության հարցի վերաբերյալ Արմեն Մովսիսյանը ասաց, որ կա այդ սցենարը եւ գործող ատոմակայանը փակելուց հետո միգուցե կառուցվի նորՙ միջին հզորությամբ ժամանակակից ատոմակայան։ Դա կապված է խոշոր ներդրումների հետ, բայց մնում է հեռանկարային զարգացման ծրագրերից մեկը։
Այս եւ հաջորդ տարիներին սկսված եւ նախատեսվող ծրագրերի թվում էներգետիկայի նախարարը հիշատակեց Երեւանի ՋԷԿ-ի վերակառուցումը։ Խնդիրը քննարկվում է Ճապոնիայի կառավարության կողմից, եւ շուտով կընդունվի այդ ծրագիրն սկսելու համապատասխան որոշում։ Բարձրավոլտ ցանցերի 8 ենթակայանների վերակառուցման ծրագրի արժեքը 20 մլն դոլար է։ Համաշխարհային բանկի վարկի միջոցներով իրականացվելիք շինարարական աշխատանքները կընթանան զուգահեռաբար եւ, ըստ նախարարի, հաջորդ տարվա վերջին կունենանք գերժամանակակից սարքավորումներով հագեցած բարձրավոլտ ենթակայաններ։
Արաքս գետի հիդրոռեսուրսների օգտագործման ուղղությամբ Իրանի հետ համատեղ ծրագիր է իրականացվում։ Այս պահին ավարտման փուլում են երկրաբանական-հետախուզական աշխատանքները։ Ամենայն հավանականությամբ, տարեվերջին կստորագրվի պայմանագիրը, եւ հայկական հատվածում կսկսվի հիդրոէլեկտրակայանի շինարարությունը։ Դա նույնպես խոշոր ներդրումներՙ մոտ 120 մլն դոլար պահանջող կառույց է, որը կավարտվի շինարարությունը սկսելուց 5 տարի հետո։ Նախատեսվում է, որ ՀԷԿ-ը կունենա 80¬90 մեգավատ հզորություն եւ կարտադրի տարեկան 600 մլն կվտ.ժ էլեկտրաէներգիա։ Ընդհանրապես, Հայաստանի հիդրոռեսուրսների արդյունավետ օգտագործման եւ փոքր ՀէԿ-երի կառուցման համար ստեղծված է բարենպաստ դաշտ։ Այստեղ 300¬400 մեգավատ հզորություններ ապահովելու հնարավորություններ կան։ Մեր հաջորդ հարցին պատասխանելով, տեղեկացրեց Արմեն Մովսիսյանը։
Հողմաէներգետիկան զարգացնելու նպատակով Իրանից ստացվել է 2,5 մլն դոլարի դրամաշնորհ։ Պուշկինի լեռնանցքում սկսվել է 3 հողմակայանների կառուցումը։ Նախարարի հավաստմամբ, այստեղ նույնպես առկա է մեծ ներուժ, որը նախնական տվյալներով կազմում է 300 մեգավատ։ Ներդրումներն այս ոլորտում խթանելու համար առաջարկվում է հրապուրիչ սակագնային դաշտՙ առաջին 10 տարում էլեկտրաէներգիայի 1 կվտ.ժ կարժենա 7 ցենտ։
Հայաստանում նախատեսում են վերսկսել նավթի եւ գազի որոնողական աշխատանքները եւ բանակցություններ են վարում կանադական ընկերության հետՙ 10 մլն դոլար ներդրումային ծրագրի շուրջ։ Նախկին ուսումնասիրությունները դեռեւս հիմք չեն տալիս ասելու, որ Հայաստանում նավթի եւ գազի արդյունաբերական պաշարներ կան։ Իսկ երկրի էներգետիկ ներուժի ուսումնասիրությունից պարզվել է, որ Հայաստանը երկրաջերմային էներգիայի մեծ ներուժ ունի։ Այստեղ առկա նախնական թվերը Արմեն Մովսիսյանը նույնպես հրապուրիչ համարեց, սակայն կոնկրետ թվեր չնշեց։
Այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները հայտնելով, էներգետիկայի նախարարն ասաց, որ այդ ժամանակահատվածում արտադրվել է 1 մլրդ 742 մլն կվտ.ժ էլեկտրաէներգիա, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 7,1 տոկոսով։ Տեխնոլոգիական ծախսերը կազմել են 112 մլն կվտ.ժ, կորուստներըՙ 39 կվտ.ժ։ Կորուստները նվազել են կրկնակի։ 15 տոկոսով աճել է էլեկտրաէներգիայի արտահանումը Վրաստան, կազմելով 212 մլն կվտ.ժ։ Բաշխիչ էներգացանցերի կողմից բնակչությանը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ մատակարարվել է 47 մլն կվտ.ժ-ով ավելի էլեկտրաէներգիա, իսկ արտադրողից գնվել է ավելի քիչ։ Դա տեղի է ունեցել շնորհիվ գերկորուստների նվազեցման։ Ավելացել են էլեկտրաէներգիայի սպառումը եւ դրա դիմաց կատարվող վճարները։
«Իշխանափոխության ժամանակը 2008 թ. է»
Ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ տեսակետը հայտնելու հարցին պատասխանելով, Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը բացասաբար գնահատեց ընդդիմության գործողությունները, որոնք խաթարում են երկրի կենսագործունեությունը եւ վնաս պատճառում նրա միջազգային հեղինակությանը։ «Իշխանափոխություն կատարելու ժամանակն անցյալ տարի էր, իսկ հաջորդըՙ 2008 թ-ին։ Թող այդ ժամանակ իշխանափոխություն անեն», ասաց նախարարը։
Ա. Մ.