«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2004-04-20 | #71, 2004-04-21 | #72, 2004-04-22


«ԵՍ ԱՐԳԱՍԻՔՆ ԵՄ ՀԱՅ ԵՎ ՌՈՒՍ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ»

Ռուս գրականության հարուստ ժառանգությունը հայ ընթերցողին ներկայացնելու մեծ վաստակի համար Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով թարգմանիչ, գրող, հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանը երեկ պարգեւատրվեց «Բարեկամություն» շքանշանով, որը Ռուսաստանի դեսպանատանը նրան հանձնեց դեսպան Անատոլի Դրյուկովը։ Պրն Հովհաննիսյանը թարգմանել է Իսահակ Բաբելի, Միխայիլ Բուլգակովի, Ալեքսանդր Տոլստոյի, Անտոն Չեխովի, Ֆյոդոր Դոստոեւսկու եւ այլոց ստեղծագործությունները, ընդհանուր թվով մոտ 38 անուն գիրք։ Բարձր գնահատելով նրա բարձրարվեստ թարգմանությունը, դեսպանը նշեց, որ անչափ երախտապարտ է Հայաստանի գրողների միությանն ու սլավոնական համալսարանի ղեկավարներինՙ պրն Հովհաննիսյանի թեկնածությունը ներկայացնելու նախաձեռնության համար։ «Ժամանակն է հավաքելու մշակութային այն արժեքները, որ ունեցել ենք մեր պատմության ընթացքում, հավաքելու եւ բազմապատկելու։ Պետք է վերացնենք այն խզումը, որն առաջացել է վերջին 12 տարիների ընթացքում», ասաց դեսպան Դրյուկովը։

Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի գնահատմամբ Արմեն Հովհաննիսյանը հայերեն է թարգմանել ռուս գրականության այնպիսի գործեր, որոնք առաջին հայացքից ուղղակի անթարգմանելի են թվում։ Նա վարպետորեն պահպանել է բնագրի եւ թարգմանության համարժեքությունը։ Շքանշանը, նրա կարծիքով, ոչ միայն թարգմանչի վաստակի խորհրդանիշն է, այլեւ հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության ու մշակութային կապերի։ Պրն Հովհաննիսյանին շնորհավորեցին ու գնահատանքի խոսք ասացին միջոցառմանը ներկա մտավորականներ, լրագրողներ։

Միջոցառման ավարտին պրն Հովհաննիսյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ։ «Առանց կեղծ համեստության ասեմ, որ գոհ ու երախտապարտ եմ, որովհետեւ իմ տասնամյակների տառապագին աշխատանքն արժանի էր այսպիսի շքեղ շքանշանի։ Ես արգասիքն եմ հայ եւ ռուս մշակույթների, իսկ ժուռնալիստիկայի բնագավառումՙ ռուսական քաղաքական ու հասարակական մտքի։ Դժվար գործ է գեղարվեստական թարգմանությունը, մանավանդ երբ նպատակ ունես համարժեք գործ ստեղծելու։ Բացի գնահատանքից ոչինչ չի փոխվում, շարունակելու եմ իմ բնականոն աշխատանքը», ասաց հրապարակախոսը։

«Ազգի» հարցին, թե այսօրվա լրագրության մեջ ինչը չի գոհացնում նրան, հնչեց հետեւյալ պատասխանը. «Բոլոր հեռուստաալիքներին չի բավականացնում չափի զգացողությունը։ Քանիցս ասել եմ, որ ազատությունն այն չէ, ինչ կարող ես անել, այլՙ ինչ չես կարող եւ չպետք է անել։ Ես աշխատում եմ դա հաստատել ու տարածել իմ ուսանողների մեջ։ Չեմ ընդունում լրագրող ու լրագրություն բառերը, քանի որ ժուռնալիստիկան հսկա բնագավառ է, իսկ լրագրությունը դրա մի ճյուղը։ Դրանք տարբեր ըմբռնումներ են։ Այսօրվա ժուռնալիստիկային կկամենայի ավելի խորք, առավել ճշգրտություն եւ մեծ անկեղծություն»։

Մեր մյուս հարցը լրագրության մեջ գրական հայերենի փոխարեն ժարգոնային արտահայտություններին, գռեհկաբանություններին ու տնավարի խոսակցություններին տեղ տալուն էր վերաբերում, որի մասին անվանի հրապարակախոսն ասաց. «Դա խայտառակություն է, եւ ինչքան շուտ ավարտվիՙ այնքան լավ։ Ուղղակի ապականություն է, դրանից ավելի ոչինչ չարժե ասել»։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4