Ապրիլի 18-ին եւ 19-ին Բոլնիս-Խաչենում ավանդական դարձած տոն էր։ 164 տարի առաջ այս գյուղում է ծնվել Ղազարոս Աղայանը։ Եվ չնայած գրողի մահվանից 93 տարի է անցել, գրականության եւ արվեստի գործիչները չեն մոռանում նրան։ Այդ օրը Բոլնիս-Խաչեն էին եկել Երեւանում գործող «Բոլնիս-Խաչեն» եւ «Ջավախք» հայրենակցական միությունների, Հայաստանի գրողների միության, Թբիլիսիի «Վերնատուն» գրական միավորման պատվիրակությունները, հյուրեր Վանաձորից, այլ քաղաքներից ու գյուղերից։
Աղայանական պոեզիայի տոնը տեղի ունեցավ գրողի այնքան սիրած Զիզի քարի պռնկին գտնվող հայրական տան բակում, որն այժմ թանգարան է։ «Վերնատան» նախագահ, գրող Ժորա Սնխչյանը, դիմելով ներկաներին, ասաց, որ արդեն 5-րդ տարին է, որ նշվում են Աղայանի պոեզիային նվիրված հանդիսությունները, որոնք վերածվում են նաեւ Թբիլիսիի եւ Երեւանի հայ գրողների հանդիպման ու մերձեցման մի ինքնատիպ հանդեսի։
«Ղազարոս Աղայանի տոնակատարության գաղափարը Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» վերականգնված միության գաղափարն է, քանի որ Աղայանը ժամանակին Թիֆլիսում Հովհաննես Թումանյանի նախաձեռնությամբ ստեղծված «Վերնատան» սյուներից էր, նրան անվանում էին «Վերնատան» Նահապետ» ասաց պրն Սնխչյանը։
Ղազարոս Աղայանի մասին խոսք ասացին անվանի բանաստեղծ եւ թարգմանիչ Գիվի Շահնազարը, բանաստեղծուհի եւ թարգմանչուհի Անահիտ Բոստանջյանը, Վրաստանի կրթության նախարարության պատասխանատու Նորայր Բաղդասարյանը, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանը, մանկավարժ Գեւորգ Մանուչարյանը, Հայաստանի մշակույթի ֆոնդի նախագահ Արեւշատ Ավագյանը, բանաստեղծ Յուրի Սահակյանը եւ ուրիշներ։
Հնչեցին Ղազարոս Աղայանի, ներկա բանաստեղծների ստեղծագործություններից, համերգի գեղարվեստական բաժինը զարդարեցին Թբիլիսիից ժամանած «Վանք» անսամբլըՙ Լիանա Կասավանիձեի ղեկավարությամբ, տեղի դպրոցի երեխաները։
Հ. Այվազյանը Ղազարոս Աղայանի տուն-թանգարանին, ինչպես նաեւ տեղի դպրոցին հանրագիտարանի կոլեկտիվի անունից նվիրեց չորսհատորյա «Հայկական համառոտ հանրագիտարանի» մեկական օրինակ։ Նվերներ հանձնեցին նաեւ հանդիպման մյուս մասնակիցները։
Տոնի մասնակիցներն այցելեցին նաեւ տեղի միջնակարգ դպրոց։ Հյուրերը զարմացան, որ 120-ամյա դպրոցը դեռեւս չի կրում Ղազարոս Աղայանի անունը։ Վրաստանի կրթության նախարարության ներկայացուցիչը ասաց, որ սխալը կշտկվի, եւ անվանակոչությունը կնշվի մեծ տոնով։
Ղազարոս Աղայանի ներկա հանդիսությունների նախաձեռնողըՙ «Բոլնիս-Խաչեն» հայրենակցական միության նախագահ Արմեն Մանուչարյանը, համագյուղացիների անունից շնորհակալություն հայտնեց արարողությանը մասնակից գրողներին եւ արվեստագետներինՙ Բոլնիս-Խաչեն ժամանելու եւ տոնին մասնակցելու, գյուղի մարդկանց հետ հանդիպելու համար։ Նաեւ պարզ դարձավ, որ գրեթե չի լուծվել գյուղի խմելու ջրի հարցը։ Անցյալ տարի այդ կապակցությամբ որոշ օգնություն է ցուցաբերել Հայաստանի կառավարությունը։ Սակայն ինժեներական սխալ հաշվարկների հետեւանքով խմելու ջուրը դեռ չի հասնում գյուղ։
«Եկող տարի Ղազարոս Աղայանի ծննդյան 165-ամյակն է, ասաց պրն Մանուչարյանը։ Հույս ունեմ, որ չլուծված հարցեր չեն լինի, եւ տոնը կնշենք մեծ շուքով»։
ՎԱՆԻԿ ՍԱՆԹՐՅԱՆ, ԱՐՄԵՆՊՐԵՍԻ ԹՂԹԱԿԻՑ, «Ազգ»-ի համար, Բոլնիս-Խաչեն-Երեւան