«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2004-04-20 | #71, 2004-04-21 | #72, 2004-04-22


«ԵՐԿՐԻՑ ՀԵՏՈ»-Ն ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ՁԵՎԵՐՈՒՄ

«Ամեն բան է այս երկրում մոտեցել իր ավարտինՙ /Եվ մահամերձ մեր կյանքը, եւ ուծացումը հոգու, /Ահաՙ դրված քո գավթում իմ աննշխար միակ դին /Եվ փշրանքներն այնՙ շուրջս, որ ես կերա իմ կյանքում»։

Կամՙ

«Հեռանա՜նք, տղե՛րք, ի՜նչ է պետք մարդուն, /Երգեր արեւի ու երգեր կրկին, /Մեր քերթվածքները ոչ ոք չի կարդում /Ու մենք չենք կարող ծախել մեր հոգին»։

Բանաստեղծական այս կտորները Թադեւոս Տոնոյանի «Երկրից հետո» նորընծա ժողովածուից են, որ ժամանակի, ապրած կյանքի հոգետանջ զգացումների արձագանքներ ենՙ լի հուսահատ նոտաներով։ Կասեք բանաստեղծ էՙ պիտի մորմոքա։ Եվ ինչ է մեր օրերում բանաստեղծական խոսքի արժեքըՙ կյանքի տխուր լուսանցքում հայտնվածի հոգու մորմո՞ք, թե՞ բողոքի ճիչՙ ներքին երազային իրականության եւ աշխարհի հետ տարընթացության պատճառով։ Այս բանաստեղծությունները չափազանց զգայուն են կյանքի նկատմամբ, աշխարհը դիտված է հոգու ինտիմ պատուհանից։ Դրանք մեր անցնող օրերի ծանոթ դրոշմն են կրումՙ հուսահատորեն անկեղծ...

Գրքի խորագիրը խորհրդանշական է. Երկրից հետո-ն, բանաստեղծական ենթագիտակցականի տարածքներում որոնվող կյանքի իմաստի այն առեղծվածայինն է, որ մերթ ընդ մերթ առկայծում է առհասարակ հոգեւոր ինքնություն փնտրողի ճանապարհին, իսկ ստեղծագործողի համար հաճախ դառնում մտասեւեռումների օբյեկտ, սակայն գեղարվեստական խոսքում կարեւոր է, թե ինչպես են արտահայտվում այդ մտաձեւերը։

«Մեր մոլորակի համար ի վերուստ սահմանված չարի չափն օր առաջ լրացնելու հանրային տքնանքը մենակյացներին նետեց հոգեաշունների գիրկը, ու նրանք դարձան բանաստեղծ»։

Բանաստեղծական վիճակների դրսեւորումները, հոգու տարուբերումներն անընդհատական փոփոխությունների են ենթարկվումՙ «Երանի նրան, ով երկրում ունի ճանապարհողն իր, /Առավելՙ նրան, ով դիմավորող ունի երկնքում», ասում է բանաստեղծն, ու այս ներքին պրկումները կտրուկ նահանջ են ապրումՙ զարնվելով կենցաղային կյանքի մերկ պատերին, մերձենալով գռեհիկ ֆոլկլորինՙ երբեմն ժարգոնային արտահայտչաձեւերով։ Ահավասիկՙ «Ճիշտը, հարգանքը, ախպերությունը, /Դուրս էկան հեչ բանՙ հենց ընենց գրիմ /Ում ձեռ չի տալիս էս պետությունը /Կարա իրա Ս-ն ըստեղից գրի»։

Թ. Տոնոյանի այս ժողովածուին նախորդել է 6 գիրք («Սերմաստղ», «Մայրերու հրեշտակներ», «Մոմի կաթիլներ», «Ծննդյան հեքիաթ», «Եղիշեի ակամա ընդդիմախոս Եղիշեն», ըստ որում երկրորդը գրված է արեւմտահայերենով)։

«Երկրից հետո» ժողովածուն երկու օր առաջ քննարկվեց ՀԳՄ կլոր սրահում գրչակից ընկերների նեղ միջավայրում։ ՀԳՄ քարտուղար Հովիկ Հովեյանը, բանասիրական գիտությունների դոկտոր Վաչագան Գրիգորյանը, գրող Հարություն Հովնաթանը ներկայացրին Թ. Տոնոյանի բանաստեղծական ինքնատիպ աշխարհը եւ հեղինակինՙ իբրեւ բարի ու անչար մարդու։ Նրա բանաստեղծություններում իմաստավորվել է մեր անհանգիստ ժամանակը. դրանք կյանքի գորշ պատառիկներից քաղված երկրային կրքերի պատմություններ են։ Ըստ արտահայտվողների, բանաստեղծություններին բնորոշ են պատկերային մտածողությունը, դասական ձեւին հատուկ պարզ կառուցվածքն ու ոճը։

«Անպաշտպան բանաստեղծ, որ վտանգի առաջ միշտ բաց է, ինքն իր առաջ մաքուր ու անդավաճան է, խոցելի եւ ազնվորեն համարձակ» (Ներսես Աթաբեկյան)։ «Բանաստեղծությունները փիլիսոփայական ներքին այնպիսի ընդհանրացումներ ունեն, որ ընթերցողը կարող է նաեւ ասոցիատիվ լրացնել դրանք» (Արմեն Մարտիրոսյան)։ Ասվեցին ինչպես դրվատանքի, նաեւ քննադատության խոսքեր։

Ինքըՙ բանաստեղծը, գտնում է, որ գովեստը ստի սպասարկուն է, գոհ էր եւ հավաքվածներից, շնորհակալՙ եւ չեկողներից (որոնք ընդամենը աղմուկ էին ավելացնելու)։ Ինքը փորձել է բառը հնազանդորեն տեղավորել բանաստեղծական կոնտեքստումՙ զերծ մնալով ավելորդ պաթետիզմից, ինչը թերեւս հաջողվել է։

Քիչ ավելի տնավարի մթնոլորտում անցնող այս քննարկումը, գուցե մասնակիցների սակավության պատճառով (՞) հիշեցրեց տարիների վաղեմության սրճարանային ծանոթ պատկեր, հատկապես երբ մեկը մյուսի հետեւից սկսեցին վառվել սիգարետները (իսկ մենք ուզում ենք ծխելու դեմ օրենքի նախագիծ մտցնել խորհրդարան)։

Սակայն նկատենք, որ նմանատիպ քննարկումները կարելի է անել առանց պաշտոնական բնույթ եւ հասարակական հնչեղություն տալու, որովհետեւ այսպիսի հավաքները նեղ շրջանակի ամենանեղ հետաքրքրություներին են միայն ծառայում։

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4