Ապրիլի 22-ին Մոսկվայում մեկնարկում է վավերագրական ֆիլմերի «Օրենք եւ հասարակություն» 6-րդ միջազգային փառատոնը։ Ինչպես տեղեկանում ենք ՀՕՖ-ի լրատվական կենտրոնի տրամադրած հաղորդագրությունից, որպես նոմինանտ, հիշյալ փառատոնին մասնակցում է նաեւ կենտրոնի նկարահանած «Խաթարված մանկություն» վավերագրական կինոնկարը։ «Փողոցի երեխաներ» անվանակարգում այն մրցելու է Բելառուսի եւ Կանադայի արտադրության ժապավենների հետ։ Փառատոնի ժյուրիի նախագահը հայտնի գրող, կինոդրամատուրգ Արկադի Վոյներն է։
Հայկական տեսաֆիլմի սցենարի հեղինակն է ՀՕՖ-ի լրատվական կենտրոնի ղեկավար Լեւոն Լաճիկյանը, ռեժիսորըՙ Սաթենիկ Ստեփանյանը։ Այն հուզիչ պատմություն է Երեխաների ընդունման ու կողմնորոշման երեւանյան կենտրոնի գործունեության եւ այդ խորքի վրա Հայաստանում թափառաշրջիկ երեխաների խնդրի վերաբերյալ։
Ինչպես նշեց Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն, ֆիլմի պրոդյուսեր Գրիգոր Թաթուլյանը, իրենց ֆիլմի մասնակցությունը մոսկովյան միջազգային փառատոնին արդեն մեծ հաջողություն է, սակայն իրենք ակնկալում են նաեւ մրցանակային որեւէ տեղ։