«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2004-04-20 | #71, 2004-04-21 | #72, 2004-04-22


ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԵՆ «ՓՅՈՒՆԻԿՆ» ՈՒ «ԲԱՆԱՆՑԸ»

Երեկ կայացած ֆուտբոլի ՀՀ գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումներն անվանեցին այն երկու երջանիկ թիմերին, որոնք մայիսի 9-ի վճռորոշ խաղում կվիճարկեն պատվավոր մրցանակը։ Եզրափակիչի ուղեգիր նվաճելու հարցում ավելի դժվարին խնդրի առջեւ էր կանգնած «Բանանցը, որը Գյումրիում 0¬2 հաշվով զիջել էր մրցակցին։ Սակայն ի պատիվ «Բանանցի» ֆուտբոլիստների, պատասխան խաղը նրանք անցկացրին մեծ վերելքով եւ 3¬0 հաշվով համոզիչ հաղթանակ տոնելով, մտան եզրափակիչ։

Առաջին հանդիպման արդյունքն իր կնիքն էր թողել մրցակից թիմերի գործողությունների եւ ընտրած խաղաոճի վրա։ «Շիրակը» հիմնականում ապավինել էր հակագրոհներինՙ մեծ ուժեր կենտրոնացնելով թիկունքում։ «Բանանցին» այլ ելք չէր մնում, քան մեծ ուժերով հենց խաղասկզբից անցնել վճռական գործողություններիՙ 2 գնդակի տարբերությունը շուտափույթ վերացնելու նպատակով։ Պետք է նշել, որ դաշտի տերերին դա ամբողջովին հաջողվեց։ Գրեթե ողջ հանդիպման ընթացքում ունենալով խաղային եւ տարածքային զգալի առավելություն, «Բանանցի» ֆուտբոլիստները նպատակային օգտագործեցին ստեղծված գոլային պահերը։ Առաջին խաղակեսում երկու անգամ նրանք հիանալի օգտագործեցին անկյունայինի խաղարկումը։ 6-րդ րոպեին Արարատ Հարությունյանի անկյունայինի փոխանցումից հետո Արարատ Առաքելյանը գլխով գնդակը փոխանցեց Արամ Սարգսյանին, որն էլ կրկին գլխով մոտ տարածությունից բացեց հաշիվը։ Այս կոմբինացիան նույնությամբ կրկնվեց 30-րդ րոպեինՙ միայն այն տարբերությամբ, որ այս անգամ Սարգսյանը ոտքի հարվածով գրավեց դարպասը։ Առաջին խաղակեսում կարող էին աչքի ընկնել նաեւ Կարեն Սիմոնյանը, Դմիտրի Կոնդրաշչենկոն, Արարատ Առաքելյանը եւ Արամ Սարգսյանը։ Շիրակցիները միայն մեկ անգամ անհանգստացրին «Բանանցի» դարպասապահ Գանիեւին, որը որսաց Վլադիմիր Գասպարյանի հարվածը։

Նոր էր սկսվել 2-րդ խաղակեսը, երբ Կոնդրաշչենկոն երկար փոխանցումով Արամ Սարգսյանին հանեց Զադուրյանի դեմ։ Արամը խաբս տվեց դարպասապահին եւ սուր անկյան տակ գնդակն ուղարկեց դարպասը, սակայն վերջին պահին պաշտպանը փրկեց դրությունը։ 65-րդ րոպեին իր թիմին ծանր կացության մեջ գցեց Անդրանիկ Բարիկյանը, որը մրցավարի հետ վիճելու համար երկրորդ զգուշացումն ստացավ եւ հեռացվեց դաշտից։ «Բանանցին» հաջողվեց ի վերջո իրացնել թվային գերակշռությունը։ Խաղավարտից 3 րոպե առաջ աջ թեւով Արամ Սարգսյանի սլացիկ անցումն ավարտվեց վճռորոշ 3-րդ գոլով, որն էլ եզրափակիչի ուղեգիր պարգեւեց «Բանանցին»։ Վերջինս երկրորդ տարին անընդմեջ կվիճարկի գավաթը։

Կիսաեզրափակիչ մյուս խաղում, Ոսկեհատում մրցեցին ներկայիս գավաթակիր «Միկան» ու երկրի չեմպիոն «Փյունիկը»։ Ինչպես եւ թիմերի առաջին մրցախաղում, այս անգամ էլ չնայած մրցակիցների գործադրած ջանքերին, դարպասները մնացին անառիկ։ Արդյունք չտվեց նաեւ լրացուցիչ 30 րոպե ժամանակը։ Հաղթողը որոշվեց 11մ հարվածաշարով։ Բախտը ժպտաց փյունիկցիներին, որոնք հաղթելով 4¬2 հաշվով, մտան եզրափակիչ։ Այսպիսով, մայիսի 9-ին «Հանրապետական» մարզադաշտում գավաթը կվիճարկեն «Փյունիկն» ու «Բանանցը»։ Այս թիմերը եզրափակիչում հանդիպել են գավաթի անդրանիկ խաղարկությունումՙ 1992 թ.։ Այն ժամանակ 2¬0 հաշվով հաղթանակ էր տոնել «Բանանցը»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4