«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2004-04-20 | #71, 2004-04-21 | #72, 2004-04-22


ԴԵՂԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԿԵՆՍԱԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ

Մեծ քանակի ստվերներ թափանցել են նաեւ դեղերի ներմուծման ու արտադրության ասպարեզ

Հայաստանում հագուստն ու կոշիկը վաճառվում են նույն չափանիշներով, ինչ դեղամիջոցները։ Արտադրության ու սպառման ոլորտի այն բոլոր ախտերը, ինչ հատկանշական են սպասարկման ոլորտի համար, նույնությամբ առկա են նաեւ դեղագործական շուկայում։ «Անկայուն այն իրավիճակում, որում հայտնվել է Հայաստանըՙ կապված տարածաշրջանային ու ներքաղաքական խնդիրների հետ, դեղամիջոցը հեշտությամբ կարող է դառնալ բիոահաբեկչական զենք», զգուշացնում է առողջապահության նախարարության «Դեղգործակալություն» ՓԲԸ դեղագործական հիմնարկների բաժնի վարիչ, Առողջապահության ազգային ինստիտուտի դեղագործական քաղաքականության եւ օրենսդրության մշակման ամբիոնի վարիչ Գագիկ Գրիգորյանը։ Ազգային անվտանգության այս կարեւոր ոլորտն այսօր հայտնվել է պետական հսկողությունից ու ուշադրությունից դուրս։

Հատկանշական է, որ ԱՊՀ տարածքում առաջին կեղծված դեղը հայտնաբերվել է Հայաստանում։ Ռեոպոլիգլյուկին լուծույթը, որ օգտագործվում է վերակենդանացման բաժանմունքներում որպես արյունը մաքրող միջոց, ստուգումից հետո պարզվել է, որ սովորական ջուր է։ Դեղարտադրության ու վաճառքի ասպարեզում այսօր աշխուժորեն շարունակում է շրջանառվել ստվերային արտադրանքը։ Գործակալության վերջին ստուգումների արդյունքում, անցած տարվա վերջերին հայտնաբերվել են 5 անուն կեղծ դեղահաբերՙ նոշպա, օրունգալ, կավնտոն, կլարետին, սուպրաստին։ Վերջին 2-ը հակաալերգիկ նյութեր են, այսինքն դրանց օգտագործումը ոչ միայն չի օգնի հիվանդին, այլեւ կարող է նպաստել չափազանց տարածված այս հիվանդության խորացմանը եւ հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների։ Հիվանդներից ահազանգ է եղել նաեւ ցեֆազոլին լուծույթի վերաբերյալ։ Ստուգումից պարզվել է, որ սրվակի պարունակության մեջ ներազդող ակտիվ նյութը չկա, իսկ եղածը ալերգիկ երեւույթներ է առաջացրել։ Հենց դա էլ պատճառ է դարձել, որ հիվանդը դիմի փորձագետներին։

Շուկան զանգվածաբար հեղեղված է դեղերով, որոնց պիտակի վրա առկա է միայն անվանումը, իսկ թե ով է արտադրողը, ի՞նչ ժամկետներում, որտե՞ղ, չկա։ Ասվածը հատկապես վերաբերում է Ca Cl-ի, յոդի, պրոտրոպինի, ֆուրացիլինի լուծույթներին, նիզորալին։ Պարզ է, որ դրանք արտադրվել կամ Հայաստան են մտել անօրինական ճանապարհով։ Նկուղներում պատրաստվող այդ կասկածելի արտադրանքը մեծ մասամբ դեղի բիզնեսով զբաղվող տեղացի գործարարների ձեռքի գործն է։ Ժամանակին մի քանի այդպիսի նկուղներ փակվել են, սակայն դա ամենեւին չի նվազեցրել կեղծարարների գործունեության ծավալները։ Սովորաբար կեղծված դեղի բաղադրության մեջ բացակայում է միայն ակտիվ ազդող նյութը, եւ նման դեղերից, բարեբախտաբար, մահվան դեպքեր չեն գրանցվել։ Կեղծված դեղերը հիմնականում բովանդակում են միայն գլխավոր նյութին ուղեկից, օժանդակ բաղադրատարրերը, ինչպես օսլա, սովորական կավիճ, գլյուկոզայի փոշի, որոնք օրգանիզմի վրա ոչ մի ազդեցություն չեն գործում։

Սակայն սա ընդամենը չարյաց փոքրագույնն է։ Միանգամայն հնարավոր է, որ նշվածի փոխարեն կեղծված դեղի մեջ ներարկվեն թունավոր նյութեր։ Գագիկ Գրիգորյանը ցույց է տալիս Թեյմուրովայի մածուկ կոչվող հակաքրտինքային դեղը, որի վրա իբրեւ արտադրող երկիր նշված էՙ Ազերքիմֆար։ Ադրբեջանի՞ց է եկել, թե՞ տեղում է պատրաստվել, հայտնի չէ։ Ոչ վաղ անցյալում

Փորձագիտական ուսումնասիրությունները պարզել են, որ չգրանցված, կեղծված ու կասկածելի բաղադրությամբ դեղերը հորձանքով Հայաստան են մտել հարեւան Վրաստանից։ Այսօր էլ երեւույթն առկա է, որի մասին ժամանակ առ ժամանակ վկայում է իրավապահների կողմից դրանց հայտնաբերումը։ Գագիկ Գրիգորյանի համոզմամբ, իրողությանը մեծապես նպաստում են դեղագործական քաղաքականության ու իրավական դաշտի բազմաթիվ բացերն ու բացթողումները։

Ավելացված արժեքի հարկի կիրառումը 15-20 տոկոսով բարձրացրեց բոլոր դեղատեսակների գները եւ շահույթ ստանալու ամենանպաստավոր միջոցը դարձավ ստվերային շրջանառության համար։ Վրաստանում դեղերի նկատմամբ հարկի այդ տեսակը չի կիրառվում, այսինքն տեղացի ներմուծողը հնարավորություն ունի գների 20 տոկոս տարբերության հաշվին մեծ եկամուտներ ստանալու։ Երեւույթը քողարկված վտանգ է բովանդակում այն առումով, որ Վրաստան-Հայաստան ստվերային երթուղին կարող է սկիզբ առնել նաեւ Ադրբեջանից, եւ ղարաբաղյան հարցով թշնամական դարձած մթնոլորտը իսկապես դառնա կենսաահաբեկչության իրագործման գործոն։

Դեղերի վերահսկման մեխանիզմը Հայաստանում տառապում է նույն ախտերով, ինչ բնորոշ է սպառման միջավայրի արտադրատեսակների մեծ մասին։ Սկսած 2002 թվականից, դեղգործակալությունը զրկվեց շուկայում տեսչական ստուգումներ անելու իրավունքից։ Այդ իրավասությունները հանձնվեցին առողջապահության նախարարությանը։ Դեղերի անորակությունը կարող է հաստատել միայն փորձաքննությունը, իսկ գործակալությունը փորձագիտական հզոր լաբորատորիա ունի։ «Դեղգործակալությունը» երբեմն-երբեմն իրականացնում է սեփական անուղղակի ուսումնասիրությունները, սակայն ամբողջության մեջ վերահսկողության տարերային բնույթը բոլորովին չի լուծում կեղծ ու ստվերային դեղերի հարցը։ Դրանք ամեն օր, ամեն պահ կարող են մտնել դեղատներ։ Բացի այդ, նախապես տեղեկանալով ստուգումների մասին, դեղատան կամ կրպակի տերը, բնականաբար, կարճ ժամանակով դրանք հանում է վաճառքից։ Պրոբլեմի լուծման ավանդաբար արատավոր նույն սկզբունքն է կիրառվումՙ պատճառների փոխարեն հետեւանքի դեմ պայքար տանել, այն էլՙ կիսատ-պռատ։

Կեղծ ու կասկածելի դեղերի ապօրինի շրջանառության խթան է դառնում նաեւ արտաքուստ անմեղ թվացող այնպիսի հանգամանք, ինչպիսին է թերարժեք մասնագիտական կրթությամբ դեղագործների առատությունը սպառման ոլորտում։ Պատճառը լիցենզավորման օրենքից դեղագործների լիակատար մասնագիտացման դրույթի սրբագրումն էր։ Նախկինում լիցենզավորման պարտադիր պայման էր համարվում նաեւ մասնագետների վերապատրաստմանՙ ինտերնատուրայի պահանջը, դեղագործները պետք է անցնեին նաեւ հետդիպլոմային ուսուցում, այսինքն, ինչպես բժշկական այլ մասնագիտությունների պարագայում, գործնական պատրաստվածության փուլը եւս պարտադիր էր։ Այժմ իբրեւ որակավորման չափանիշ ընդունվում է միայն մասնագիտական վկայականը կամ դիպլոմը։ Դժբախտաբար, կասկածելի կրթություն հրամցնող մասնավոր բժշկական բուհերի առատության պայմաններում դրանք դեռեւս որակի չափորոշիչներ չեն։ Իսկ ընդհանրապես, դեղագործների 30-40 տոկոսը ոչ մասնագիտական կրթություն ունի։ Այժմ եվրոպական կամ զարգացած որեւէ այլ երկիր չկա, ուր լիցենզավորման գործընթացում շրջանցվի դեղագործների պատշաճ որակավորման եւ դեղատների գործունեությունը որոշակի բալային չափանիշներով կարգավորելու անհրաժեշտությունը։

Դեղերի անվտանգության երաշխավորն ի սկզբանե պիտի լինի դեղագործը, որը կմերժի վաճառքի ներկայացնել կասկածելի պիտակավորումով կամ պարզապես նմանակման սկզբունքով փաթեթավորված դեղամիջոցը։

Քանի դեռ մեր պետությունը շարունակում է անճարակ պահվածք արտահայտել դեղերի շրջանառության ոլորտում մասնագիտական հսկողության ու տեսչական վերահսկողության խնդիրներին, իրական է նաեւ այս ճանապարհով կենսաահաբեկչության սպառնալիքը։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4