Ապրիլի 19-ին Արցախի ժուռնալիստների միության եւ «Բեյզ մեթըլս» ընկերության համատեղ նախաձեռնությամբ Դրմբոնի հանքավայրերում տեղի ունեցավ մշակութային միջոցառում։ Հանքափորների առջեւ ընդարձակ համերգային ծրագրով հանդես եկավ «Մենք ենք, մեր սարերը» պետական ազգագրական համույթը։ Միաժամանակ «Բեյզ մեթըլս» ընկերության գործադիր տնօրեն Արթուր Մկրտումյանի հետ մամուլի ասուլիս տեղի ունեցավ։
Կարեւորելով հասարակական կազմակերպությունների հետ նման միջոցառումների անցկացման նշանակությունը, ինչպես նաեւ հույս հայտնելով դրա շարունակական լինելու առթիվ, Ա. Մկրտումյանը լրագրողներին ներկայացրեց ընկերության շուրջ երկամյա գործունեությունը։ Ստեղծված լինելով 2002 թվականի օգոստոսին, ընկերությունը նպատակ է դրել Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի մերձակայքում գտնվող պղինձ-ոսկու հանքավայրում կատարել ուսումնասիրություններ եւ շահագործում։ Երկու ամիս տեւած ուսումնասիրական աշխատանքներից հետո, երբ ճշտվել են հանքավայրի արդյունաբերական հնարավորությունները, ընկերությունը ձեռնամուխ է եղել բուն աշխատանքներին։ Զուգահեռաբար կատարվել են շինարարական աշխատանքներ, կառուցվել է հանքահարստացուցիչ ֆաբրիկա։
2003 թ. գարնանը հաջողվել է բավականին մեծ ծավալի փլուզումներ մաքրելուց հետո հանքախորշերով հասնել հանքաքարին, որից հետո ձեռնամուխ են եղել հանքաքարի փորձնական հանույթին։ Իսկ անցյալ տարվա հոկտեմբերին ստացվել է առաջին ապրանքային խտանյութը։ Ըստ էության, մեկուկես տարում իրականացվել են հանքահարստացուցիչ համալիրի կառուցում, ստորգետնյա հանքի ուսումնասիրություն եւ արդյունաբերական շահագործման նախապատրաստում։ Նշելով այս մասին, Ա. Մկրտումյանը փաստեց, որ արդյունքում իրենք ունեն նախագծային հզորության հասած ստորգետնյա հանք եւ հարստացուցիչ ֆաբրիկա, որտեղ ամսական արդյունահանվում է 12 հազար տոննա հանքաքար եւ նույնքան էլ վերամշակվում է։ Ստացվում է մինչեւ 1200 տոննա ապրանքային խտանյութ։ Այն հիմնականում առաքվում է ՀՀ, որտեղ ենթարկվում է մետալուրգիական մշակման։ Ստացվածՙ ոսկի պարունակող պղինձը արտահանվում է Եվրոպա։
«Բեյզ մեթըլս»-ի գործադիր տնօրենի հավաստմամբ, մի քանի արշավախմբեր ներկայումս ուսումնասիրություններ են կատարում նաեւ Մարտակերտի շրջանի այլ վայրերում։ Մասնավորապես, ԼՂՀ կառավարության տված արտոնագրի հիման վրա ուսումնասիրվում է Ծաղկաշենի հանքավայրը։ Եթե այստեղ եւս հետազոտությունները ցանկալի արդյունք տան, ապա մոտ ապագայում Ծաղկաշենում կսկսվի նոր ֆաբրիկայի կառուցումը։
Ընկերությունում այսօրվա դրությամբ աշխատում է 750 հոգի, որոնց ամսական միջին աշխատավարձը կազմում է 110¬120 հազար դրամ։ Եթե նախնական շրջանում այստեղ բանուժի կարիք էր զգացվում, ապա այսօր արդեն նույնիսկ աշխատատեղի հերթեր են գոյացելՙ նախ եւ առաջ շրջակա բնակավայրերի բնակչության հաշվին։ Ա. Մկրտումյանը հույս ունի, որ հետագա գործունեության ընդարձակման շնորհիվ հնարավոր կլինի տեղացիների եւս մի հոծ խմբի ապահովել մշտական աշխատանքով։ Գործադիր տնօրենը գոհունակությամբ նշեց, որ տեղաբնակները արագ են յուրացրել հանքափորի մասնագիտությունը։ Բնականաբար, հիմնական մասնագետները հրավիրվել են Հայաստանից։ Այս առնչությամբ Ա. Մկրտումյանը լրագրողներին տեղեկացրեց, որ աստիճանաբար տեղացիներով նրանց փոխարինելու ծրագիր է մշակվում, որովհետեւ հրավիրված մասնագետները նախ թանկ են նստում ընկերության վրա եւ հետո էլ, նոր հանքավայրեր հիմնելիս, վերջիններս պետք է տեղափոխվեն այդտեղ։ Ի հետեւություն խնդրի, Ա. Մկրտումյանի խոսքերով, կառավարության հետ համատեղ մշակվում է նաեւ մեկ այլ ծրագիր, ըստ որիՙ Արցախի պետհամալսարանում պետք է ստեղծվի երկրաբանական ուսումնասիրություններով զբաղվող բաժին։ Հենց այս բաժնում մասնագիտական գիտելիքներ ձեռք բերած ուսանողներն էլ պետք է հետագայում աշխատեն Արցախի հանքավայրերում։
Լրագրողներին հետաքրքրում էր, թե ինչքան ներդրումներ են կատարել անցած ժամանակահատվածում ընկերության բաժնետերերը։ Այս հարցին ի պատասխանՙ նշելով ԼՂՀ-ում բիզնեսի ծավալման համար նպաստավոր պայմանների առկայության մասին, «Բեյզ մեթըլս»-ի գործադիր տնօրենն ասաց, որ ներդրումները կազմում են շուրջ 7 մլն դոլար։ Միեւնույն ժամանակ, բոլոր հոդվածներով հարկային վճարումները կազմել են հարյուր միլիոնավոր դրամ, որը Ղարաբաղի տնտեսության համար շոշափելի թիվ է։ Այս տարի, արտադրական ծավալի ընդարձակման հաշվին, այդ մուծումները, թերեւս, ավելի էական կդառնան։
Ա. Մկրտումյանը լրագրողներին իրազեկեց, որ Դրմբոնում լիարժեքորեն ապահովվում են բնապահպանության համապատասխան պահանջները։ Այդ առնչությամբ, ամիսներ առաջ այստեղ անցկացվել են հասարակական լսումներ, եւ Հայաստանի Հանրապետությունից հրավիրված բնապահպանության գծով մասնագետների փորձագիտական եզրակացությունը գոհացուցիչ է եղել։
Արցախի ընդերքը լեռնային արդյունաբերության տեսանկյունից հետաքրքրական է, եւ հեռու չէ այն ժամանակը, երբ ԼՂՀ-ի տնտեսական քարտեզում այս բնագավառի կշռույթը կլինի շատ ազդեցիկ, ասաց Ա. Մկրտումյանը։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ