Երեկ Տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը (AEPLAC) հանդիպում էր կազմակերպել «Հայաստանի առեւտրային հարաբերությունները Եվրամիության հետ եւ առեւտուրը խթանող իրավական ռեժիմներ» թեմայով։ Բացման խոսքում կենտրոնի եվրոպական տնօրեն Քեննեթ Մյունթերը նշեց, որ չնայած պատմության ընթացքում տնտեսական շահերը եղել են շատ հակամարտությունների հիմնական պատճառ, բարեբախտաբար Հայաստանի եւ Եվրամիության դեպքում առեւտուրը եւ տնտեսությունը գործիքներ են, որ մոտեցնում են երկու կողմերին։ Կենտրոնի տնտեսական հարցերով խորհրդատու Աշոտ Իսկանդարյանը հավաստեց, որ Եվրամիությունը Հայաստանի առեւտրային ամենամեծ գործընկերն է։
Եթե մինչեւ 2000 թվականը Հայաստանի տնտեսական աճը հիմնված էր ներմուծման, փոխարինման եւ ներքին շուկայի ընդլայնման վրա, 2000-ից հիմնական աճի գործոնը արտահանումն է։ «Ակնհայտ է, որ արտահանումը Հայաստանի համար դառնում է տնտեսական քաղաքականության հիմնական գործոններից մեկը։ 2000-2003 թթ. տարեկան արտահանումը միջինը աճել է 55.54 մլն դոլարով ամեն տարի, այդպիսի ցուցանիշ գրեթե որեւէ երկիր չունի», ասաց կենտրոնի հայաստանյան տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։ Նա ասաց, որ 1997-2002 թթ. արտահանվող ապրանքների անվանացանկը աճել է գրեթե երկու անգամ, սակայն նաեւ նշեց, որ դեռեւս բավականին լուրջ կախվածություն ունենք ադամանդի, մետաղների միջազգային շուկաներից։
Կենտրոնի հայաստանյան տնօրենի խոսքերովՙ լուրջ փոփոխություններ են իրականացվել նաեւ Հայաստանի արտաքին առեւտրի բնագավառում. զարգացած աշխարհը դարձել է Հայաստանի առեւտրային հիմնական գործընկերը։ Եթե 1995-ին զարգացած աշխարհը Հայաստանի արտաքին առեւտրում կազմում էր 29.3 տոկոս, 2003-ին կազմել է 54.7 տոկոս ընդհանուր առեւտրի մեջ, այսինքն 4.6 անգամ աճ է ապահովվել։ Սա, ըստ Տիգրան Ջրբաշյանի, աննախադեպ ցուցանիշ է ամբողջ աշխարհի տնտեսական պատմության մեջ։
Վերջին ութ տարիներին Հայաստանը տասն անգամ ավելացրել է արտահանման ծավալները զարգացած շուկաներ։ 2003 թվականին Հայաստանից արտահանվող ապրանքի 72 տոկոսը գնացել է զարգացած շուկաներ, մինչդեռ 1995-ին դրանք կազմել են միայն 18 տոկոս։
Ըստ մասնագետներիՙ Հայաստանը այն հազվագյուտ երկրներից է, որտեղ իրականացվում է այսպես կոչված երկու դեֆիցիտների մոդելը. առաջին փուլում հիմնականում արտաքին ֆինանսավորման արդյունքում ապահովվում է ներքին շուկայի ծավալների աճը, երկրորդ փուլում այդ արտաքին ներդրումների հաշվին ապահովվում է արտահանումը։ Տիգրան Ջրբաշյանն ասաց, որ տնտեսական աճ ապահովելու համար պետք է պահպանենք այս տեմպերը։
Ներկաները հիշեցին դեռեւս 50-ականներին Հարավային Կորեայի ընդունած նշանաբանըՙ ամեն ինչ հանուն արտահանման, եւ ասացին, որ Հայաստանում իրականացվող ամեն բան նույնպես պետք է արտահանման ծավալների մեծացմանն ուղղված լինի։
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ