«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2004-04-20 | #71, 2004-04-21 | #72, 2004-04-22


ԱՅԳԱԲԱՑ ԳՅՈՒՂՈՒՄ ՉԱՓՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ԿՈՎԵՐԻ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆԸ

Ռեֆորմը օգուտ չտվեց

Շիրակի մարզի Այգաբաց գյուղում բռնկված համաճարակը խուճապ առաջացրեց ոչ միայն գյուղում, այլեւ ողջ հանրապետությունում։ Մարտական պատրաստվածության առաջին մակարդակի են բերվել նախարարության ու մարզային անասնաբուժական ծառայությունները։ «Ազգը» հեռախոսակապի մեջ մտավ գյուղնախարարության անասնաբուծության, անասնաբուժության եւ գյուղատնտեսական կենդանիների հաշվառման, համարակալման նորաբաց գործակալության պետ Տիգրան Գասպարյանի հետ, որն այդ պահին գտնվում էր Այգաբացում։ Նա ասաց. «Կեսօրվա դրությամբ վիճակը բավականին կայուն է, գյուղում են մարզի բոլոր անասնաբույժները, հսկողության տակ են բոլոր կենդանիները։ Մասնագիտական հատուկ ջոկատները չափում են բոլոր կենդանիների ջերմությունը։ Հարկ եղած դեպքում իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները»։

Ասենք, որ գյուղնախարարության ղեկավարությունը եւ գործակալությունն ու անասնաբուժական ծառայությունը Այգաբաց են եկել ախտահանիչ մեքենաների ու սարքավորումների, անտիբիոտիկների, շիճուկի մեծ պաշարով։ Նպատակը հնարավոր նոր անկումները կանխելն է։ Առայժմ կենդանիների անկումը դադարել է։ Տիգրան Գասպարյանի տեղեկացմամբ, մինչեւ երեկ կեսօր սատկել էր 39 գլուխ անասուն, որից 11-ը կովեր են, մնացածըՙ հորթեր։ Շրջանառվող լուրերը, թե համաճարակի բռնկման պատճառը տեղական արտադրությանՙ սիբիրախտի դեմ կիրառվող պատվաստանյութի վատ որակն է, գործակալության պետը ժխտեց։ «Ոչ մի ստույգ բան ասել չեմ կարող, բոլոր փորձագետները խնդրի պարզաբանմամբ են զբաղված, բացառված չէ, որ բոլորովին այլ հանգամանքներ լինեն։ Եթե ապացուցվի, որ պատվաստանյութի հետ է կապված, իրավապահ մարմիններն անելիք կունենան»։

Տեղական արտադրության պատվաստանյութ առաջին անգամ չէ, որ օգտագործվում է Հայաստանում, սակայն առ այսօր նման ծավալների բռնկում չէր արձանագրվել։ Վարակված կենդանիների միսը այրվել է։

Հիվանդ կենդանիների միսը հայտնաբերումից 2 օր առաջ ներկայացվել է փողոցային վաճառքի։ Առայժմ, բարեբախտաբար, վարակը մարդկանց փոխանցված լինելու վերաբերյալ որեւէ լուր չկա։

Վերջին տարիներին հանրապետությունում արձանագրված սիբիրախտի բռնկումների վիճակագրությունը այսպիսին է. 2000 թվականին Արթիկի տարածաշրջանի Սարատակ գյուղում 14 մարդ հիվանդացավ վարակված մսից։ 2001-ինՙ եւս 3 մարդ ՙ Տաշիրի տարածաշրջանում։ Բարեբախտաբար, երկու դեպքում էլ հիվանդության մաշկային տարբերակն էր, եւ մահացության դեպքեր չեղան։ Թոքային ու աղիքային տեսակներից փրկություն չկա։ 2002 թվականին մայրաքաղաքում, Կոմիտասի շուկայում դարձյալ մինչեւ վաճառքի ներկայացնելը սիբիրախտով վարակված կենդանու միս հայտնաբերվեց։

Անասնաբուժական հիվանդություններից սա ամենահավանականն ու վտանգավորն է, քանի որ նույնիսկ զանգվածային պատվաստումները չեն բացառում համաճարակի բռնկումները։ Պատվաստանյութը հյուծված, անառողջ կենդանիների վրա չի ազդում, իսկ եթե նույնիսկ մի կենդանի վարակվի, կարող է վարակել նաեւ մյուսներին։ Վտանգավոր շրջանը հիմա էՙ գարնան սկզբին ու նաեւ աշնան վերջին, երբ խոտածածկույթը նոսր է, եւ բույսի հետ կենդանու օրգանիզմ կարող է ընկնել նաեւ բացիլը։ Այն հողի մեջ կենսունակ կարող է մնալ հարյուրավոր տարիներ։

Ամիսներ առաջ գյուղնախարարության նորաբաց գործակալությունը ստեղծվել էր գլխավորապես այսՙ անասնաբուժական հիվանդություններից ու վարակներից կենդանիներին ապահովագրելու համար։ Այսինքն, բոլոր համայնքները կամ մի քանի փոքր համայնքներ միասին պարտադիր ապահովվեցին նաեւ անասնաբույժ կադրերով։ Սակայն, երեւում է, ռեֆորմը օգուտ չտվեց։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4