«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2004-04-23 | #74, 2004-04-24 | #75, 2004-04-27


ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՍԳՈՒՄ Է ԵՎ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՀԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ

Ապրիլի 24-ը Ցեղասպանության զոհ դարձած 1,5 մլն հայերի հիշատակի օրն է։ Իրենց անանց ու խորը ցավն արտահայտելով, բովանդակ աշխարհի հայերը միաժամանակ հաստատում են ոտնահարված իրավունքի վերականգնման եւ արդարության համար, կործանարար հետեւանքների հնարավորինս լիակատար վերացման համար անդուլ պայքարելու իրենց վճռականությունը։

1915 թ. այդ օրն Օսմանյան (թուրքական) կայսրության կառավարությունը ձեռնամուխ եղավ այն միջոցառումների իրականացմանը, որոնք նշանավորեցին անցումը 1876¬1914 թթ. հայերի մասնակի ցեղասպանության փուլից իր պատմական հայրենիքում հայ բնակչության լիակատար եւ համատարած բնաջնջմանըՙ ինչպես թուրքական կայսրության սահմաններում, այնպես էլ Հայաստանի ռուսական մասում։

Օգտվելով բարենպաստ միջազգային պայմաններիցՙ Առաջին աշխարհամարտից, Թուրքիայի կառավարությունն սկսեց իրականացնել մի ամբողջ ժողովրդի բնաջնջման մանրակրկիտ մշակված ծրագիրը։

Ոչնչացնելով հայ մտավորականությանը, Թուրքիայի կառավարությունը բանակ զորակոչելու պատրվակով առանձնացրեց եւ կոտորեց չափահաս հայ բնակչության ամբողջ արական մասին։ Ապա գործի դրվեց դիվական հնարանքՙ կանանց, երեխաների, ծերունիների տեղահանությունը։ Միջագետքի անապատի համակենտրոնացման ճամբարներում «վերաբնակեցնելու» պատրվակով գյուղերի ու քաղաքների հայ բնակչությունը հետեւողականորեն ու նպատակասլաց կերպով բնաջնջվում էր։

«Պատերազմական անհրաժեշտության» ստահոդ պատրվակով տեղահանվեց ոչ միայն սահմանամերձ գոտու, այլեւ կայսրության ամենահեռավոր շրջանների ամբողջ հայ բնակչությունը։ Ավելին, 1918 եւ 1920 թթ. նախկին Ռուսական կայսրության սահմաններ թուրքերի կատարած երկու արշավանքների ընթացքում ցեղասպանության ենթարկվեց Հայաստանի ռուսական մասի, ինչպես նաեւ Իրանում թուրքերի օկուպացրած մասի ամբողջ հայ բնակչությունը. էթնիկական այդ սեպը խանգարում էր տարածքային ծավալապաշտության պանթուրքիստական ծրագրի իրականացմանը։

Հայոց ցեղասպանությունն իր նպատակներով, ծավալներով ու մեթոդներով դարձավ հատկապես ծանր միջազգային այդ ոճրագործության դասական նմուշը։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիստական Գերմանիայի իրականացրած հրեաների ցեղասպանության հետ մեկտեղ այն հիմք դարձավ ցեղասպանության ոճիրը կանխելու եւ դրա համար պատժելու վերաբերյալ 1948 թ. ՄԱԿ-ի ընդունած կոնվենցիայում այդ հանցակազմը նկարագրելու համար։ Ինչպես բուն կոնվենցիան, այնպես էլ դրա հոգեհայրըՙ լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկեն (Լեմկին), ուղղակի վկայակոչում են դրա ընդունումից առաջ տեղի ունեցած ցեղասպանության դեպքերը։

Հայոց ցեղասպանությունը, որպես «մի ամբողջ ժողովրդի սպանություն» եւ «մարդկության եւ քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություն», միջազգային ամբողջ ընկերակցության կողմից ճանաչվեց եւ դատապարտվեց այն ժամանակ, երբ գործվում էր այդ ոճիրը։

Հայոց ցեղասպանությունը հսկայական հետաքրքրություն է ներկայացնում այդ հանցագործության դեմ մղվող պայքարի տեսության եւ պրակտիկայի համար, քանի որ, ի դեմս Փարիզի խաղաղության կոնֆերանսի, միջազգային ընկերակցության ընդունած որոշումները հստակորեն եւ միանշանակ սահմանեցին այդ հանցագործության համար պատասխանատվության բոլոր ձեւերի բովանդակությունը, ներառյալ ցեղասպանություն կատարած պետության քաղաքական պատասխանատվությունը։

Խորհրդային Ռուսաստանի բոլշեւիկյան վարչակազմի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելով, թուրք ազգայնականներին հաջողվեց իրենց կատարած հանցագործության համար խուսափել միջազգային-իրավական պատասխանատվությունից։ Երկու վտարակներըՙ միջազգային քրեական պատասխանատվության ենթակա թուրք ազգայնական վարչակարգը եւ հայասպան Թալեաթի, Էնվերի, Ջեմալի, Բեհայեթդինի եւ «Արեւելքի մյուս աշխատավորների» օգնությամբ «համաշխարհային հեղափոխության հրդեհ» վառելու դիտավորություն ունեցող բոլշեւիկ կոմիսարները կնքեցին Հայաստանի բաժանման գաղտնի համաձայնագիր եւ այն հակադրեցին Փարիզի խաղաղության կոնֆերանսի շրջանակներում նախատեսված հետպատերազմյան կարգավորմանը։ Երկու կողմից հարձակվելով Հայաստանի Հանրապետության վրա, նրանք ձախողեցին հաշտության պայմանագրի կատարման հնարավորությունը, որը նախատեսում էր թուրքական պետության քաղաքական պատասխանատվություն, ֆիզիկական անձանցՙ թուրքական կառավարության անդամների եւ այդ ոճրագործության մյուս կազմակերպիչների ու կատարողների քրեական պատասխանատվություն։ Նրանք թույլ չտվեցին ո՛չ հայերի հայրենադարձություն, ո՛չ նրանցից խլված ունեցվածքի վերադարձ, ո՛չ էլ պատճառված վնասի փոխհատուցում։

Խորհրդային Ռուսաստանի բոլշեւիկյան կառավարության եւ առաջին հերթին Ստալինի օգնությամբ Թուրքիան ոչ միայն վերադարձրեց պատերազմի ընթացքում իր կորցրած տարածքները Ռուսաստանի հետ իր նախապատերազմյան սահմանների շրջանակներում, այլեւ ՌԽՖՍՀ-ի հետ կնքած Մոսկվայի պայմանագրի համաձայն վերադիր ստացավ նաեւ Կարսի մարզի տարածքը եւ Արեւելահայաստանի որոշ տարածքներ, որոնք երբեք չէին մտել Օսմանյան կայսրության մեջ։ Կավատի դեր խաղացած Խորհրդային Ադրբեջանին նվիրեցին նախ Նախիջեւանը, ապա նաեւ Ղարաբաղը։ Այսպիսով, երկու պետություններ, խախտելով միջազգային իրավունքի ամենատարրական նորմերը, տնօրինեցին ցեղասպանության զոհ դարձած երրորդ պետության տարածքը։ Հայկական հողի մի փոքր մասի վրա ստեղծված անմռունչ խորհրդային հանրապետությանն արգելեցին հարց առաջ քաշել Ցեղասպանության համար թուրքերի պատասխանատվության եւ կողոպտված ժողովրդի օրինական իրավունքների ու կենսական շահերի պաշտպանության վերաբերյալ։

Արնաքամ եղած, իր ազգային գրեթե ամբողջ տարածքը կորցրած, սնանկացած, աշխարհով մեկ սփռված, քաղաքական ձայնից զրկված տարագիր ժողովուրդն իր առասպելական կենսունակության շնորհիվ կարողացավ վերապրել, պահպանել իր ազգային ինքնությունը եւ նույնիսկ սեփական պետականություն ստեղծել նախ երբեմնի Հայկական ԽՍՀ-ի, ապա նաեւ Լեռնային Ղարաբաղի տարածքում։

Տվյալ հանցագործության անպատիժ մնալու հանգամանքն աղետալի հետեւանքներ ունեցավ ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ բովանդակ մարդկության համար։ Հիտլերը քանիցս վկայակոչել է Հայոց ցեղասպանության համար թուրքերի անպատիժ մնալը, դրանում շարժառիթ տեսնելով իր ոճրագործությունների համար։ Հայոց ցեղասպանության համար անպատիժ մնալը խրախուսեց նաեւ այլ հայտնի ոճրագործությունների իրականացումը։

Այսօր ձգտելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հայ ժողովուրդը փորձում է ոչ միայն վերականգնել իր ոտնահարված իրավունքները, այլեւ դրանով իսկ իրական ավանդ է ներդնում տվյալ ոճրագործության դեմ մղվող պայքարում, միջազգային բարոյականության եւ միջազգային իրավունքի նորմերի հաստատման գործում։

Ցեղասպան պետության ներկայիս հովանավորները, ձգտելով սիրաշահել իրենց ռազմաքաղաքական դաշնակցին, դիմում են ամեն տեսակ խորամանկությունների, հրաժարվում հաստատել Հայոց ցեղասպանության փաստը կամ էլ ընդունում են դա, բայց ամլացնում դրա միջազգային-իրավական բովանդակությունը։ Խոստովանելով, որ թուրքերը կանխամտածված սպանել են 1,5 մլն հայերի, նրանք կարեկցանք են հայտնում այդ ողբերգությունն ապրած հայերին, բայց հրաժարվում են դա անվանել ցեղասպանություն։ Նման վարքագծի օրինակ կարող է ծառայել նաեւ Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպան տկն Թ. Էբբոթ-Ուոթի վերջերս արած հայտարարությունը։ Նման վարքագիծը ոչ միայն անբարոյական է, այլեւ ենթակա է համապատասխան իրավական բնութագրի։ Անցյալում միջազգային ընկերակցության ընդունած ցեղասպանության փաստի ժխտումը ցեղասպանության ոճիրը կանխելու եւ դրա համար պատժելու կոնվենցիայում ուղղակիորեն եւ աներկմտորեն որակվում է որպես ցեղասպանության օժանդակում։ Ցեղասպան պետության ժամանակակից որոշ պաշտպաններ դիմում են նաեւ առավել նրբահնար միջոցների։ Հավակնելով բազմաչարչար հայ ժողովրդի «բարեկամի» դերին, նրանք պնդում են, թե Թուրքիայի կողմից իր ոճրագործության ճանաչմանը հասնելու հայկական պետության եւ հայ ժողովրդի ջանքերն իբր «խանգարում են» հայ-թուրքական բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը եւ «չեն համապատասխանում» հայ ժողովրդի շահերին։

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող խոչընդոտ լինել Թուրքիայի եւ ԽՍՀՄ փլուզումից հետո վերածնված հայկական նոր պետության բարիդրացիական հարաբերությունների հաստատման համար։ Ընդհակառակը, միայն անկեղծ զղջմամբ Թուրքիան կարող է ապացուցել, որ մեկընդմիշտ հրաժարվել է հայ ժողովրդի եւ անցյալում իր ստրկացրած մյուս բոլոր ժողովուրդների հանդեպ իր ցեղասպան քաղաքականությունից։ Անցյալում կատարված հանցագործության ընդունումը միայն կարող է իրական նախադրյալ եւ ելակետ դառնալ Թուրքիայի եւ Հայաստանի նոր, իրոք, բարիդրացիական հարաբերությունների հաստատման համար։

Ցեղասպանության զոհ դարձած ժողովրդի իրենց իրավունքները պաշտպանելով, հայերը եւ հայկական պետությունը կատարում են նաեւ միջազգային գործառույթ։ Ցեղասպանության ոճրի դեմ պայքարելը յուրաքանչյուր պետության պարտքն է ու պարտականությունը։ Առավել եւսՙ այն պետության, որի ժողովուրդը տվյալ հանցագործության զոհն է դարձել։ Դա «թշնամական ակտ» համարելը կամ ցեղասպանության փաստի ճանաչման պահանջներից հրաժարվելը հարաբերությունների կարգավորման պայման դարձնելն, իրոք, հակասում է այն տարրական պատկերացումներին, թե ինչպես պետք է կառուցվեն միջպետական հարաբերությունները միջազգային իրավունքի արդի պահանջներին համապատասխան։ Նման քաղաքականությունն անհեռանկար է։

Հայոց ցեղասպանության խնդրի նկատմամբ միջազգային ընկերակցության հարաճուն հետաքրքրությունը վկայում է, որ ընկերակցության կողմից Թուրքիայի գործած Հայոց ցեղասպանության փաստի եւ դրան առնչվող պատասխանատվության փաստի հավաստումն անկասելի է։ Այդ է հաստատում նաեւ կրկնակի ճանաչումների գործընթացի դինամիկան։ Մասնավորապես նշենք մի շարք պետությունների համապատասխան պաշտոնական ակտերի ընդունումըՙ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի 1965 թ. ապրիլի 20-ի դեկրետը, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի 1982 թ. ապրիլի 25-ի բանաձեւը, Արգենտինայի Սենատի 1993 թ. մայիսի 5-ի բանաձեւը, Ռուսաստանի Դաշնության Պետդումայի 1995 թ. ապրիլի 14-ի հայտարարությունը, Հունաստանի խորհրդարանի 1996 թ. ապրիլի 25-ի բանաձեւը եւ երկրի նախագահի 1996 թ. հուլիսի 10-ի դեկրետը, Բելգիայի Սենատի 1998 թ. մարտի 26-ի բանաձեւը, Լիբանանի խորհրդարանի 2000 թ. մայիսի 11-ի բանաձեւը, Ֆրանսիայի Ազգային ժողովի 2001 թ. հունվարի 29-ի օրենքը, Կանադայի Սենատի 2002 թ. հունիսի 13-ի բանաձեւը։

Որքան էլ տարօրինակ թվա, այսօր համընդհանուր կրկնակի ճանաչման ճանապարհին գլխավոր խոչընդոտն է ԱՄՆ-ըՙ Հայկական հարցում իր մարդասիրական ավանդույթներով հայտնի այդ երկիրը, որն առավել հետեւողականորեն է պաշտպանել Ցեղասպանության զոհ դարձած Հայաստանի եւ հայ ժողովրդի իրավունքներն ու շահերը։ Ըստ երեւույթին, դեռ ղեկավարվելով «սառը պատերազմի» տրամաբանությամբ, ԱՄՆ բոլոր նախագահները (բացի Քարտերից, Ֆորդից եւ Ռոնալդ Ռեյգանից) ընտրվելուց առաջ խոստովանել են Հայոց ցեղասպանության փաստը, իսկ ընտրվելուց հետո 1,5 մլն հայերի բնաջնջումը բնութագրել են որպես «ողբերգություն» եւ «զանգվածային սպանություններ»։ Նման անսկզբունքայնությունը դատապարտման է արժանանում հենց Միացյալ Նահանգներում։

Այսպես, 2003 թ. ապրիլի 9-ին Ներկայացուցիչների պալատի 168 անդամներ նախագահ Ջորջ Բուշին կոչ արեցին կատարել իր նախընտրական խոստումը եւ Ցեղասպանություն անվանել Թուրքիայում հայերի զանգվածային բնաջնջումը։

Մենք համոզված ենք, որ վաղ թե ուշ ԱՄՆ Հայկական հարցում վերստին իրեն կդրսեւորի որպես իրավունքի եւ արդարության կողմնակից։ Դա է վկայում նաեւ այն հանգամանքը, որ չհամաձայնելով Պետդեպարտամենտի, Պենտագոնի եւ հենց նախագահի դիրքորոշմանը, 50 նահանգներից 32-ը ճանաչել են Ցեղասպանության փաստը։

Գոհունակությամբ նշելով կատարվող տեղաշարժերըՙ Հայոց ցեղասպանության փաստի եւ այդ հանցագործության համար Թուրքիայի պատասխանատվության հաստատմանն ուղղված շարժման ընդլայնումը, մենք, այդուհանդերձ, չպետք է գոհանանք

Ափսոսանքով հարկ է լինում արձանագրել, որ նույնիսկ այսօր միջազգային այդ ծանր հանցագործության հետեւանքների վերացման միջոցով անցյալի քաղաքակիրթ հաղթահարման հարցը շարունակում է մնալ անսկզբունքային, խայտառակ քաղաքական սակարկության առարկա։ Արդեն միանշանակ կերպով ճանաչված Ցեղասպանության փաստի կրկնակի «ճանաչումն» անգամ երբեմն ուղեկցվում է դրա իրավաբանական բովանդակությունն ամլացնելու փորձերով, երբ փորձ է արվում «1915 թ. Ցեղասպանության» կեղծ ստերեոտիպի օգնությամբ օրակարգից հանել ըստ միջազգային իրավունքի Թուրքիայի պատասխանատվության հարցը, այսինքնՙ թույլ չտալ միջազգային իրավունքի հրամայական նորմերին համապատասխան այդ հանցագործության կործանարար հետեւանքների վերացում։

Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության սահմանափակիչ մեկնաբանություն տալու փորձեր ձեռնարկվել են Եվրախորհդարանի որոշման եւ նույնիսկ Ֆրանսիայի Հանրապետության 2001 թ. հունվարի 29-ի օրենքի ընդունման ժամանակ։

Հայոց ցեղասպանության պատասխանատվությունը միայն Օսմանյան կայսրությամբ սահմանափակելու փորձերը սաստիկ հակասում են միջազգային ընկերակցության հաստատած եւ ճանաչած փաստերին։ Մասնավորապես Ֆրանսիան անմիջականորեն առնչվել է քեմալական զորքերի կողմից Կիլիկիայի հայերի կրկնակի ցեղասպանությանը։

Թուրքիայի Հանրապետությանը պատասխանատվությունից ազատելու նմանօրինակ փորձերը սնանկ են նաեւ իրավունքի տեսակետից։ Նույնիսկ եթե Թուրքիայի Հանրապետությունն իրոք հրաժարված լիներ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում իրականացված ցեղասպանության քաղաքականությունից, այդ դեպքում եւս նա, որպես թուրքական կայսրության իրավահաջորդ, պետք է պատասխանատվություն կրեր թուրքական պետության այդ հանցագործության համար։

Հասկանալով խորամանկությունների սնանկությունը, որոնց նպատակն է թուրքական պետությանն ազատել պատասխանատվությունից, Թուրքիայի պաշտպանները փորձում են հասնել այն բանին, որ Հայաստանի պետությունն ինքը հրաժարվի պատասխանատվության հարցի առաջադրումից։

Հայաստանի ղեկավարներին հայ ժողովրդի եւ հայկական պետության իրավունքների ու շահերի պաշտպանությունից հրաժարվել ստիպելու համառ ձգտումը թաքցնում է քաղաքական նպատակՙ հանցագործության զոհի հաշվին վերացնել խոչընդոտները, որպեսզի Հարավային Կովկասում եւ Առաջավոր Ասիայում հաստատվի Թուրքիայի քաղաքական գերիշխանություն։

Ինչպես նշեցինք, Օսմանյան կայսրության հենց երիտթուրքական կառավարությունն ապարդյուն փորձեց այդ ճանապարհով լուծել պատասխանատվության հարցը։ Այն ժամանակ դա չհաջողվեց։ Վստահ եմ, որ ժամանակակից հայկական պետությանը «նման» լուծում պարտադրելու փորձերը նույնպես դատապարտված են ձախողման։

Ուրիշ միջոցներով նույն արդյունքին հասնելու փորձեր ձեռնարկեցին Նյու Յորքի անցումային ժամանակաշրջանի արդարության միջազգային կենտրոնի հրավիրած անանուն իրավախորհրդատուները։ Հայերի նկատմամբ Ցեղասպանության կոնվենցիայի կիրառելիության հարցին դրական պատասխան տալով, նրանք, այդուհանդերձ, առանց ծանրակշիռ հիմքերի նաեւ փորձեցին անցկացնել այն կեղծ թեզիսը, թե Հայոց ցեղասպանության ճանաչումն իբր չի ենթադրում համապատասխան միջազգային իրավական պատասխանատվություն։

Իրավաբանական այս խորամանկումները հաստատում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ համապատասխան միջազգային իրավական գնահատման համար ծավալված պայքարը քաղաքականության ասպարեզից անցնում է միջազգային իրավունքի հարթություն։

Հայերն ընդունում են մարտահրավերը, վստահ լինելով, որ իրավունքը հանցագործության զոհի կողմն է եւ ոչ թե ոճրագործների։ Դրան է ուղղված նաեւ Ռուսաստանի հայերի միության եւ վերջերս հիմնված Համաշխարհային հայկական կոնգրեսի գործունեությունը։

Մոսկվայի միջազգային իրավունքի եւ քաղաքագիտության հայկական ինստիտուտի հրատարակածՙ Թուրքիայի պատասխանատվությանը եւ համաշխարհային ընկերակցության պարտավորություններին վերաբերող փաստաթղթերի ժողովածուն համոզչորեն հաստատում է Թուրքիայի ոճրագործության համար նրա միջազգային իրավական պատասխանատվությունը ճանաչելու պահանջների իրավաբանական հիմնավորվածությունը։

ՀՀԿ գլխավոր նպատակներից մեկը ոչ միայն հայերի գործողությունների միասնության, այլեւ նրանց արդար գործի միջազգային-իրավական որակյալ հիմնավորման ապահովումն է։ Կոնգրեսի նախաձեռնությամբ այս տարվա մայիսի 6¬8-ը հրավիրվող գիտագործնական կոնֆերանսում կքննարկվեն միջազգային իրավունքի եւ միջազգային հարաբերությունների առավել հրատապ հարցերը։

Միջազգային իրավունքի առաջընթաց զարգացումը, գերագույն բարոյական արժեքների եւ վերջապես քաղաքականության հրամայական պահանջների հաստատումն իրավունքի եւ արդարության հիման վրա Հայկական հարցի անխուսափելի լուծման գրավականն են։ Միջազգային իրավունքի օբյեկտիվ հիմքի վրա այդ հարցի կարգավորումը համապատասխանում է ոչ միայն հայ ժողովրդի եւ ամբողջ միջազգային ընկերակցության շահերին, այլեւ հենց Թուրքիայի շահերին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4