Հայաստանի պատմամշակութային հուշարձանները օրենսդրորեն պահպանելու ու ամրագրելու անհրաժեշտության մասին էր մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանի երեկվա մամլո ասուլիսը, որ հրավիրվել էր «Արմենպրեսի» մամլո սրահում։ Անշարժ հուշարձանների, շարժական եւ ոչ նյութական արժեքների վերաբերյալ իրավական փաստաթղթերի մասին խոսելիս նա ընդգծեց, որ վերանայման կարիք ունի մշակութային արժեքների արտահանման մասին օրենքը։ Այն հարցին, թե ի՞նչ տվեց հուշարձանների պահպանության մասին օրենքի ընդունումը, պրն Գյուրջյանը տվեց հետեւյալ մեկնաբանությունը։ Նախՙ սույն օրենքով հնարավոր եղավ կանխել պատմական հուշարձանների տարածքում անցկացվող ապօրինի շինությունները, իբրեւ օրինակ նա նշեց «Արմենտելի» անցկացրած անտենաները Օշականի Դիդի Կոնդ հնավայրում, ինչպես նաեւ Արմավիրում, Վայոց ձորում ու այլ մարզերում տարածում գտնող դամբարանների գանձագողությունն ու ջրագծերի անցկացումը, Երեւանի Կարմիր Բլուրում գերեզմանների կառուցումը եւ այլն։ Խոսելով պատմամշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքների մասին, նա արձանագրեց, որ նոր եկեղեցիներ կառուցելու մտադրություն ունեցող բարերարներին առաջարկվում է վերականգնել ավերված եկեղեցիները, որոնց թիվը բավականին մեծ է։ Այսպես, օրինակՙ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում բարերարների օգնությամբ անցյալ տարի ավարտվեցին գյուղի հինավուրց եկեղեցու վերականգնման աշխատանքները։
Սաղմոսավանքի, Որոտնավանքի, Կեչառիսի, Օհանավանքի, Կարմրավորի, Զվարթնոցի, Գառնիի եւ պատմական այլ հուշարձանների վերականգնման ու բարեկարգման համար անցյալում ծախսվել է 1 մլն 220 հազար դոլար, որի մեջ պետական ներդրումը կազմել է 250 հազար դոլար։
Այս տարի կսկսվեն վերականգնման աշխատանքներն Ամբերդում, Աղցքում եւ այլ վայրերում։ Պետական միջոցներից կհատկացվի 50 մլն դրամ, որից 20 մլն-ըՙ Աշտարակի կամրջի համար։ Ներդրումներ են արվել Ուշիի եկեղեցու, Օշականի Մանկանոց եկեղեցու, Տեղերի եւ այլ եկեղեցիների վերականգնման համար։
Տաթեւի եկեղեցում կսկվեն վերականգնման աշխատանքներՙ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հովանավորությամբ։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակույթի ժառանգության ցանկում մեր երկրի պատմամշակութային արժեքները մեծ տեղ են գրավում։ Անցյալ տարվանից ցուցակներ են կազմվում ժողովրդական բանահյուսության, ծեսերի, երգարվեստի, այսինքնՙ ոչ նյութական արժեքներն ընդգրկելու համար։ Վրացիներն, օրինակ, ներկայացրել են իրենց բազմաձայն երգչախումբը, որն առաջիններից մեկն է մտել այդ ցանկում։ Պրն Գյուրջյանը պատմեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներից մեկը հայ մշակույթի գիտակ է դարձել եւ ծրագրում է վերականգնել Արեւմտյան Հայաստանի պատմամշակութային այն հուշարձանները, որ ընկած են Վանի ողջ տարածքում։ Դրանք են Աղթամարը, Անին, Նարեկավանքը եւ այլն։ Նա հայտնեց, որ ամենայն հավանականությամբ այդ աշխատանքներում կներգրավվեն նաեւ հայ մասնագետները, քանի որ դրանք իրականացվում են ոչ թե Թուրքիայի կառավարության, այլ Եվրախորհրդի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ։ Այժմ Ստամբուլի պատմամշակութային արժեքների պահպանման մեծ ծրագիր է իրականացվում, եւ ուրախալի է, որ դրանց մեջ կա հայկական մեկ եկեղեցի։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ