Ֆուտբոլի ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրում կենտրոնականը Գյումրիում «Շիրակի» եւ «Փյունիկի» մրցավեճն էր։ Արդեն մեկնարկում բավական հասուն խաղ ցուցադրող չեմպիոնն այդ հանդիպման ընթացքում էլ հաջողության հասավՙ տոնելով 3-րդ անընդմեջ հաղթանակը։ Կրկին արդյունավետ խաղ ցուցադրեց Գալուստ Պետրոսյանը։ Առաջնության լավագույն ռմբարկուիՙ 44-րդ րոպեին խփած միակ գնդակը հաղթանակ պարգեւեց փյունիկցիներին։ Գալուստն անցկացրած 3 հանդիպումներում էլ իր օգտին գոլեր է գրանցել եւ, անկասկած, ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուի կոչման գլխավոր հավակնորդն է։ Հարկ է նշել, որ արդեն 2-րդ մրցաշրջանն է, ինչ «Փյունիկը» Գյումրիում հաղթում է «Շիրակին»։ Անցած տարի Գյումրիում կայացած երկու խաղերն էլ ավարտվել էին փյունիկցիների հաղթանակով (2¬0, 2¬1)։
Նախորդ տարվա համեմատ ավելի հաջող է մեկնարկել «Բանանցը»։ Հակոբյան եղբայրների բացակայության պայմաններում թիմի գրոհների առաջատարի դերը ստանձնել է 29-ամյա Արամ Սարգսյանը, որն իրեն գերազանց դրսեւորեց «Շիրակի» հետ գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղումՙ դառնալով «հեթ-տրիկի» հեղինակ։ «Կիլիկիայի» հետ խաղում էլ հենց Արամ Սարգսյանի դիպուկ հարվածը հաղթանակ պարգեւեց «Բանանցին», որն առաջինն էր ընթացիկ առաջնությունում։ Ի դեպ, այդ խաղն Արամի 150-րդ ելույթն էր ՀՀ առաջնություններում, եւ նա հոբելյանը նշեց պաշտոնական մրցումներում խփած իր 60-րդ գոլով։
Առայժմ հաղթանակի քաղցրությունը չեն ճաշակել «Լեռնագործ-Արարատի» ֆուտբոլիստները։ «Դինամո-Զենիթի» հետ սեփական հարկի տակ անցկացրած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի։ 35-րդ րոպեին, օգտվելով արարատցիների դարպասապահ Նենատ Ռադացայի սխալից, Լեւոն Սարգսյանը բացեց հաշիվը։ Դաշտի տերերին պարտությունից փրկեց Պրեդրագ Բլագոեւիչը, որը 53-րդ րոպեին վերականգնեց հավասարակշռությունը։ Հարկ է նշել, որ դինամոյականներին առաջին անգամ հաջողվեց արարատցիների հետ հանդիպումներում միավոր վաստակել։ Մրցակիցների նախորդ 7 մրցախաղերն էլ ավարտվել էին արարատցիների հաղթանակով։ Մեկնարկից հետնապահի դերը ստանձնել է «Կոտայքը», որը սեփական հարկի տակ զիջեց «Միկային» (1¬3)։ Արդեն առաջին 12 րոպեներին գնդակը 2 անգամ հայտնվեց «Կոտայքի» դարպասում։ Հաշիվը բացեց Արմեն Շահգելդյանը, այնուհետեւ Արման Պողոսյանը գնդակն ուղարկեց սեփական դարպասը։ 2-րդ խաղակեսում թիմերը մեկական գնդակ փոխանակեցին։ «Միկայից» աչքի ընկավ Արտակ Հովհաննիսյանը, «Կոտայքից»ՙ Արմեն Բաբայանը։
Եվ այսպես, առաջնության մեկնարկից արդեն ուրվագծվում է «Փյունիկի» առավելությունը մրցակիցների նկատմամբ։ Ճիշտ է, առաջնությունը դեռ նոր է մեկնարկել, սակայն, կարծում ենք, չեմպիոնի կոչումը 4-րդ տարին անընդմեջ նվաճելու համար «Փյունիկից» առանձնակի ջանքեր չեն պահանջվի։
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Փյունիկ | 3 | 3 | 0 | 0 | 8-2 | 9 |
2. Միկա | 3 | 2 | 0 | 1 | 5-4 | 6 |
3. Բանանց | 3 | 1 | 2 | 0 | 3-2 | 5 |
4. Կիլիկիա | 3 | 1 | 0 | 2 | 1-2 | 3 |
5. Դին.-Զենիթ | 3 | 0 | 3 | 0 | 3-3 | 3 |
6. Շիրակ | 3 | 0 | 2 | 1 | 3-4 | 2 |
7. Լեռ.-Արարատ | 3 | 0 | 2 | 1 | 4-7 | 2 |
8. Կոտայք | 3 | 0 | 1 | 2 | 2-5 | 1 |
Ռմբարկուները
Գալուստ Պետրոսյան | «Փյունիկ» | 4 |
Արթուր Մինասյան | «Լեռ.-Արարատ» | 2 |
Արամ Սարգսյան | «Բանանց» | 2 |