«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2004-04-24 | #75, 2004-04-27 | #76, 2004-04-28


ՀԱՆՐԱՔՎԵԻՑ ՀԵՏՈ

Նիկոսիայից մեր թղթակից Ջորջ Տեր-Բարթողը հաղորդում է

Մայիսի 1-ին Կիպրոսը որպես բաժանված կղզի մուտք կգործի Եվրամիություն։ Հույն կիպրացիների 75,83 տոկոսը դեմ քվեարկեց ապրիլի 24-ին անցկացված հանրաքվեինՙ քաջ գիտենալով, որ առանց դրա էլ կարող է անդամակցել եվրոպական այդ կառույցին։ Իսկ թուրք կիպրացիների 64.91 տոկոսը կողմ քվեարկեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կոֆի Անանի առաջարկած վերամիավորման ծրագրին։ Դրանով ճանապարհ հարթվեց դեպի թուրքական գրավյալ հատվածի միջազգային ճանաչումը կամ առնվազն սահմանված տնտեսական բեռնարգելքի վերացումը։

Այս մասին հրապարակային ելույթում ակնարկել են Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանն ու արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը։ «Մեկուսացման քաղաքականությունը, որը թուրք կիպրացիներին պարտադրված էր, վերջ գտավ», ասաց Էրդողանը, իսկ Գյուլը նշեց, որ հույների «ոչը» հաստատապես երկու մասի բաժանեց կղզին։ Նրանք երկուսը բացառեցին մի նոր հանրաքվեի անցկացումը։ «Թուրքիան չի համաձայնի», ասացին նրանք։

Նիկոսիայում թուրքական կողմի առաջնորդ Ռաուֆ Դենքթաշը, որը երդվել էր հրաժարական տալ, եթե երկու կողմերը ընդունեին Անանի ծրագիրը, դարձյալ ուշադրության կենտրոնում է։ Նա հպարտանում է, որ իր նախազգացումները, որ հույներն ու թուրքերը չեն կարող միասին ապրել, արդարացվեցին։ Մինչ նա իր համախոհներիՙ «Գորշ գայլերի» հետ էր զրուցում, փողոցներում հարյուրավոր երիտասարդներ ցույցի էին դուրս եկելՙ պահանջելով նրա հրաժարականը։

Եվրամիության դեսպան Ադրիան վան դեր Մեերը հասկացրեց, որ երկու մասերը բաժանող «կանաչ գիծը» հավանաբար կընդունվի որպես կղզու «դե ֆակտո» արտաքին սահման։ Թուրքական հատվածի տնտեսական բեռնարգելքի վերացումն, անշուշտ, մեծ հարված կլինի հունական հատվածի համար, հատկապես զբոսաշրջության բնագավառումՙ հաշվի առնելով, որ հյուրանոցները թուրքական մասում անհամեմատ ավելի էժան են։ Միջազգային ավելի լայն ճանաչման կանխատեսումներն առայժմ անիրական համարեց Վան դեր Մեերը, նշելով, որ դա ՄԱԿ-ի որոշում էր պահանջում, որտեղ Ռուսաստանն անպայման դեմ կքվեարկեր։ Բացի օտար կառավարությունների դժգոհություններից, առայժմ հունական կառավարությանը հիմնականում քննադատում են տեղի բռնագաղթածները, որոնք հույս ունեին միավորման դեպքում վերադառնալ իրենց նախկին բնակության վայրերը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4